Մեդիագրագիտության փոխակերպումները պատերազմից հետո և այսօր

Պատերազմական 44 օրերը, ռազմական դրության սահմանափակումները, միայն պաշտոնականին հետևելու կոչերն ու համակարգված պետական քարոզչությունը պատերազմից հետո խտացրին, պարպեցին ու բաց թողեցին հասարակության հուզական ու գիտակցական այն ալիքը, որ հետո պիտի տարբեր բնորոշումներ ստանար՝ գրեթե նույն ենթատեքստով՝ անվստահություն մեդիայի նկատմամբ։  

Պատերազմի ընթացքում հատկապես, դրան հետևած գործընթացների համատեքստում (սահմանային լարվածություն, տարածքների կորուստ, շրջափակում, բռնի տեղահանություն) և այսօր էլ մարդիկ ավելի զգացմունքային են, և դա հասկանալի է, հույզերը գերակշռում են, փաստերը աղավաղվում են, լարումը ավելանում է, սոցցանցերը ակտիվանում են, բոլորը դառնում են «ինֆորմատորներ», ասել է թե՝ սոցէջերի «պրոֆիլները» ստանձնում են մեդիայի հիմնական դերակատարությունը։ 

Դրան զուգահեռ մեծանում են ինֆորմացիայի փնտրտուքի ծավալները, ավելանում է զգացմունքային ու շոկային բովանդակության ստեղծումը, սպառումը և տարածումը։ 

Տեղեկատվական քաոսի մեջ խոցելի և սպառված հասարակությունը ի զորու չէ դիմագրավել ուղղակիորեն ստացվող ապատեղեկատվությանը, տարբեր ուղղություններից ոչ միանշանակ շահերի համար տարածվող քարոզչությանը, հուզական և սենսացիոն բովանդակությանը և սպառում է՝ ինչ կա, հավատում է՝ ինչին ասես, տարածում է՝ ինչ ընկնում է ձեռքի տակ։ 

Այս պարագայում կրկնակի մեծանում է մեդիագրագիտության դերն ու նշանակությունը, ավելին՝ մեդիագրագիտությունը փոխակերպվում է և տեղափոխվում է տեղեկատվական պատերազմների դաշտ։ 

Հակամարտության ճգնաժամը ընդգրկում է պայքարը նաև տեղեկատվական տարածքի համար։ Տեղեկատվական տիրույթը վերածվում է զանազան հոգեբանական մեթոդների մարտադաշտի՝ առավել ազդեցիկ ու մանիպուլյատիվ, որովհետև տեղեկատվական պատերազմի գործիքներն ու տեխնիկան դարձել են ավելի բարդ և նպատակային։ 

Բացի այդ, եթե նույն այդ տեղեկատվական պատերազմներում չի նշմարվում համակարգված ուղղությունը, ինչ-որ բան անել-չանելու նպատակը կամ կարևորությունը, ոչ միայն պարտվում ենք այս տարածքի համար կռվում, այլև խորացնում ենք խոցված հասարակության անկառավարելիությունը՝ հասցնելով մաքսիմումի։ 

Ինչպես 2020-ին, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը կիբերտարածությունում պատերազմ է մղում իր շարունակական ագրեսիվ ապատեղեկատվությամբ և քարոզչությամբ ոչ միայն ատելության խոսք տարածելով, այլև խրախուսելով ռազմական հանցագործությունները և օգտագործելով բոլոր հնարավոր մեդիա ալիքները (ներառյալ սոցիալական ցանցերը և մեսենջերները)։ 

Սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հրահրած հերթական պատերազմից հետո համացանցը կրկին ցնցվեց անհայտ կորած, վիրավորված և սպանված երեխաների և մեծահասակների լուսանկարները ամենուր էին։ Տարածում էին գրեթե բոլորը, մարդիկ ազնիվ մղումներով փորձում էին օգնել։ Ի՞նչ էր անում հակառակորդ կողմըբոլոր լուսանկարները վերահրապարակում էր՝ սպանելու, բռնաբարելու, տանջելու գրառումներով ու տարածում իր մեդիաալիքներով՝ բարձրացնելով ահուսարսափի՝ առանց այն էլ բարձր չափաբաժինը։ 

Այսպես ու այս նույն սկզբունքով տարածվում էին նաև մարդկային պատմություններ` գլխատված գյուղացիների, գերեվարված կանանց ու մարդկանցով ծայրեծայր լցված նկուղների լուսանկարներով՝ ճիշտ կամ չափազանցված, բացառելով անձնական տվյալների ու նույնականացման հատելի սահմանները՝ ընդհուպ մինչև գտնվելու վայրի և հեռախոսահամարների հրապարակում։ 

Ընդհանուր խուճապի, ոչ նորմալ կապի պարագայում ստացվում էին իրար հակասող տեղեկություններ, կոնտեքստից դուրս կամ խմբագրված հայտարարություններ։ Սկսեցին շրջանառվել ժամանակավրեպ գրառումներ, 2020թ․-ին զոհված զինվորների լուսանկարներ, ինչպես օրինակ այս մեկը՝ «Կարապետյան Անդրանիկ Թալինի շրջանից, ողջ է գտնվում է Գորիսի հոսպիտալոմ, տարածեք թող հարազատները տեղեկանան»․ ոչ միայն «պետք չէ» ամսաթվին ուշադրություն դարձնել (գրառումը արվել է 2020թ․-ի նոյեմբերի 21-ին), այլև քնեցնել միտքը՝  շրջափակված Արցախից՝ Գորիս։ 

Հրապարակումը՝ 20․09․2023

Այս ամենի համատեքստում ահագնանում է նաև ատելության խոսքը, ոչ միայն  թշնամուց ու թշնամուն ուղղված, այլև մեծ հոսքը ուղղորդվում է դեպի հայ-արցախցի տարանջատմանը, որ նոր չէ։ Այն սկսվեց Երևանում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցների կամ դրա մեկնաբանման խոսույթի մակարդակով, ապա ընդարձակվեց հակառակորդի կողմից ձեռնարկված հատուկ և նպատակային քարոզչության միջոցով ադրբեջանցի լրագրողները հարցազրույց են վերցնում տեղահանվող քաղաքացիներից, որոնք Ստեփանակերտը անվանում են Խանկենդի կամ մեծարում ու սիրաշահում են ադրբեջանցիներին՝ նզովելով Երևանն ու հայերին։ Ավելին՝ դրանք ոչ միայն մեկնաբանվում են, դառնում թեժ խոսակցությունների թեմա, այլև տարածվում․ մարդիկ ակամա դառնում են թշնամու քարոզչամեքենայի համար աշխատող կամավորներ։ 

Վերոնշյալ օրինակները, հասարակ քաղաքացիների կամ հատուկ նպատակով ստեղծված օգտահաշիվների՝ ոչ մեդիագրագետ վարքի դրսևորման ձևերից էին, այնինչ բացառություն չէին նաև լրագրողները։  

Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ լրագրողները ավելի զգուշավոր են աշխատում՝ հրապարակած տեղեկություններով առնվազն վտանգի տակ չդնելու սեփական հայրենակիցներին ու պետությանը, փաստեր ստուգող լրագրողներն անգամ նշում են, որ այս դեպքում ինքնագրաքանությունն է աշխատում երբ նժարի վրա է դրվում ստուգելու, ճշտված տեղեկությունը հրապարակելու և չվնասելու կամ այս դաշտում չպարտվելու, թշնամու ջրաղացին ջուր  չլցնելու յուրաքանչյուրի որգեդրած սկզբունքը։ 

Բայց խուսափել թակարդներից, երբեմն նաև հատուկ ապատեղեկատվություն տարածելուց, դեռ չի ստացվում։ Այս դեպքում դրանք առավել տեսանելի էին ինչպես կոնտեքստից կտրված տեքստերի ձևով (այս մասին իր ֆբ էջում գրառում արեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մատնանշելով, որ իր խոսքը կոնտեքստից դուրս է ներկայացվել), այնպես էլ տելեգրամյան ալիքներին հղում անելով՝ Էրդողանի ենթադրյալ հայտարարության տարածմամբ, թե Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին։ Որոշ դեպքերում նաև հեռուստաեթերը դարձավ կեղծ լուրերի գեներատոր՝ հաղորդման հյուրերի՝ կեղծ հայտարարությունների ներկայացմամբ։

Այս ամենը հասարկության միջոցով և հասարակությանը մատուցվող պատումից պատառիկների միայն մի մասն է, որը կիրառվում է քարոզչության և էմոցիոնալ կառավարման մանիպուլյացիա իրականացնելու համար թե՛ ներսից, թե՛ դրսից։ 

Հետևաբար, այսօր առավել քան երբևէ, տեղեկատվական տարածությունն ու քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությունն էլ ավելի է մեծացել։ Խոսքը և կիբեր պաշտպանության, և ապատեղեկատվությանը դիմադրելու կարողության մասին է։ 

Սեփական թվային պաշտպանություն կազմակերպելու, էմոցիոնալ հավասարակշությունն ու հոգեբանական կայունությունը պահելու ունակությունը,  ինչպես նաև տեղեկատվությունը քննադատորեն ընկալելու հմտությունները մեդիագրագիտության փոխակերպումների հիմնական ուղերձներն են:

Քարոզչամեքենայի՝ տարբեր ձևաչափերով ստեղծած և տարածվող լրահոսի դեմ կարելի է և հնարավոր է պայքարել։ Սեփական դիմադրողականության բարձրացումը պետք է անցնի մեդիագրագիտությամբ, այն է՝ քննադական մտածողությունը միշտ զարկերակի վրա պահելով։ 

Անի Եղիազարյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *