2023.09.22,

Նյուսրում

Լրագրողների անվտանգությունը բողոքի ակցիաներ լուսաբանելիս

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

«Շատ ամսպասելի էր, ականջներս կարծես միանգամից խլացան, աչքերիս առջև էլ շատ ուժեղ լուսավորվեց»:

Այսքանն է հիշում «Հետք» մեդիա-գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը, ով սեպտեմբերի 19-ին՝ կառավարության շենքի դիմաց,  լուսաբանում էր Արցախում սկսված պատերազմից հետո Երևանում տեղի ունեցող հանրահավաքը: 

Երիտասարդ լրագրողը ցույցեր, հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ լուսաբանելու փորձ չուներ։ Այդ օրն էլ հրապարակ «Հետք» մեդիա-գործարանի հանձնարարությամբ չէր գնացել։ Անուշը պատմում է, որ քրոջ հետ անցնում էր Հանրապետության հրապարակով, երբ  լուսաձայնային  առաջին նռնակը պայթեց։ Այդ ժամանակ, որոշեց նկարահանել տեղի ունեցող իրադարձությունները՝ մտածելով, որ կարող է պետք գալ։ Հենց այդ ժամանակ էլ նրանից մի փոքր հեռու պայթեց լուսաձայնային երկրորդ նռնակը։ 

 

Անուշ Մկրտչյանը լուսաձայնային նռնակի պայթյունից հետո։

«Սկզբում բավականին վախեցել էի, ականջներս փակած տարածքից սկսեցի հեռանալ: Մտածում էի, որ ոչինչ չեմ լսում, բայց հետո հասկացա, որ լսողությանս հետ ամեն ինչ կարգին է: Վնասվել էր աջ ձեռքս, որով տեսագրում էի հավաքը, և ցավ էի զգում որովայնիս կողային հատվածում: Այդ պահին չհասկացա, որ վնասվածք եմ ստացել»,- պատմում է Անուշը: 

Դեպքի վայրից հեռանալուց հետո, Անուշը նկատել էր, վնասվածք  ունի: Մոտակա բուժկենտրոնի փակ լինելու պատճառով  շտապօգնություն էր կանչել: Ըստ բժիշկների՝ երիտասարդ լրագրողը բեկորային վնասվածք էր ստացել, որի հետևանքով էլ  մակերեսային այրվածք էր առաջացել։

Ի տարբերություն Անուշի` 24 news.am  կայքի լրագրող Մերի Մանուկյանը բազմաթիվ ցույցեր, հանրահավաքներ է լուսաբանել ու լարված իրավիճակներում աշխատելու փորձառություն ունի: 

Մերին պատմում է, որ  ցույցեր լուսաբանելիս նախընտրում է աշխատել ամենալարված ու թեժ կետերին մոտ գտնվող վայրերից, որպեսզի կարողանա ընթերցողին ու դիտողին առավել մանրամասն ինֆորմացիա հաղորդել: Սակայն, հաճախ է լինում, երբ ինչ-որ քաշքշուկների, հրմշտոցների մեջ է հայտնվում, երբեմն էլ վնասվածքներ ստանում: Վերջին օրերին կառավարության դիմաց տեղի ունեցող ցույցերը լուսաբանելիս էլ  չկարողացավ խուսափել նմանօրինակ միջադեպերից:  

«Կառավարության դիմաց տեղի ունեցող ցույցերի հենց առաջին օրը, երբ Անդրանիկ Թևանյանն ու ոստիկանապետը բանակցում էին վրաններ տեղադրելու վերաբերյալ, մենք լրագրողներով շատ խիտ կանգնած նկրահանոմ էինք, նույնիսկ շնչելու օդ չկար: Այդ ժամանակ մեր ետևում՝ քաղաքացիների շարքերում, հրմշտոց ու քաշքշուկ սկսվեց: Չնայած, որ կարմիր բերետավորներից մեկն այդ պահին ինձ փորձում էր օգնել ու դուրս բերել այդ լարված հատվածից, բայց ինքնազգացողությունս վատացավ ու ես ուշագնաց եղա»- պատմում է լրագրողը:

Հանրահավաքի հաջորդ օրն էլ, երբ ցուցարարներն ու ոստիկանները սկսել էին իրար վրա շշեր, քարեր ու ձվեր նետել, առաջին շիշը հենց լրագրողի գլխին էր կպել:

Ցույցերի և հավաքների ժաման լրագրողների մասնագիտական գործունեությանը չխոչընդոտելը, նրանց համար  անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելը ոստիկանության գործառույթներից է, որը սակայն միշտ չէ, որ պատշաճ կերպով է իրականացվում․ այսպես է կարծում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը նա գնահատում է, որպես լրագրողներին անզգուշորեն հասցված վնաս, որը սակայն չի նվազեցնում ոստիկանության մեղքի բաժինը։ 

«Տարբեր մեթոդներ գոյություն ունեն, թե ինչպես կարող են ոստիկանները բարենպաստ միջավայր ստեղծել լրագրողների  համար։ Պետք է համեմատաբար անվտանգ տարածություններ առանձնացվեն, որտեղից կկարողանան աշխատել լրագրողները։  Մեզանում սա տեղի չի ունենում, ամեն ինչ շատ խառն է ստացվում, լրագրողները խառնվում են ցուցարարներին։ Հաճախ ցուցարարներին բերման ենթարկելիս նաև լրագրողին են բերման ենթարկում, հետո տեսնում են, որ լրագրող է և նոր բաց են թողնում»,- ասում է ԽԱՊԿ նախագահը։ 

Մելիքյանը շեշտում է, որ էքստրեմալ իրավիճակներում աշխատելիս լրագրողը պետք է խստորեն հետևի անվտանգության վարքականոններին։

«Ամեն լրագրող չէ, որ ունակ է աշխատել էքստրեմալ պայմաններում` ցույցերի կամ ռազմական գործողությունների պայմաններում։ Լրագրողը պետք է ունենա  համապատասխան պատրաստվածություն, թեմատիկ վերապատրաստումներ անցած լինի։ Խմբագրությունները պետք է լրագրողին  համապատասխան հանդերձանք տրամադրեն, որպեսզի նա ավելի պաշտպանված լինի։ Լրագրողի մասնագիտությունն ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է, դժբախտ պատահարներից երբեմն չի ստացվում խուսափել։ Հենց սա է պատճառը, որ  լրագրողի անվտանգության հարցերին բոլորը՝  թե ոստիկանները, թե խմբագրակազմը և թե հենց ինքը լրագրողը պետք է շատ լուրջ վերաբերվեն»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատանքն ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար վերջերս անվտանգության և առաջին օգնության դասընթաց էր կազմակերպել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ 

Երևանյան բազմաթիվ ցույցեր ու անհնազանդության ակցիաներ լուսաբանած ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը դասընթացի մասնակիցներից էր։ 

«Մասնավորապես ցույցերի ժամանակ առաջին հերթին պետք է զգուշանալ ամբոխից և չմտնել այն հատվածները, որտեղ թեժ քաշքշուկներ են, հրմշտոցներ են։ Երբ նոր էի սկսել զբաղվել ֆոտոլրագրությամբ, ես էլ սկզբում փորձում էի հենց ամենաթեժ կետերից աշխատել, հետո տեսնում էի, որ այդպես էլ ոչ մի ստացված լուսանկար չունեցա, որովհետև այդ իրավիճակում անհնար էր աշխատելը»,- պատմում է Կարապետը։ 

Թե՛ տարիների իր գործունեության, թե՛ դասընթացից ստացած գիտելիքների արդյուքնում Կարապետն առաձնացրել է մի քանի շատ կանոն, որին պետք է հետևի լրագրողը էքստրեմալ պայմաններում աշխատելիս։

  • Նախքան դեպքի վայր մեկնելը մանրամասն ուսումնասիրել, տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է տեղում և ինչ հնարավոր ռիսկեր կարող են առաջանալ։
  • Կրել համապատասխան հանդերձանք, որը թույլ կտա ճանաչել ու առանձնացնել լրագրողին ռազմական գործողության մասնակիցներից կամ ցուցարարներից և կապահովի նաև նրա անվտանգությունը։ Կրել զրահաբաճկոն, գլխին՝  պաշտպանիչ սաղավարտ։
  • Ընտրել հնարավորինս անվտանգ անկյուն, որտեղից հնարավոր կլինի առավելագույն շատ ինֆորմացիա հավաքել՝ ռիսկի չենթարկելով ոչ սեփական կյանքն ու առողջությունը, ոչ էլ գեործընկերներինը։
  • Տիրապետել առաջին օգնության կանոններին և անհրաժեշտության դեպքում առանց խուճապի իրականացնել այն։ 

Մարիաննա Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *