2023.09.05,

Տեսակետ

«Մեր հեռուստադիտողը ուզում է գյուղում, իր կողքին ապրող մարդուն տեսնել»   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

24 տարի առաջ` 1999 թվականին, Ալավերդիում ստեղծված «Անկյուն+3» հեռուստաընկերությունը 2018-ին դադարեցրեց գործունեությունը։ Հեռուստաընկերության համահիմնադիրներից Հրաչյա Պապինյանը պատմում է, որ այդ ժամանակ Ալավերդիում մի շարք գործարաններ էին փակվել, ընդհանուր տնտեսական վիճակը վատացել էր, եկամուտները նվազել էին, և գովազդ ձեռք բերելը դարձել էր գրեթե անհնար։ Երեք տարի պահանջվեց, որ «Անկյուն+3»-ը վերսկսի իր աշխատանքը։ Հենց այդ ժամանակ էլ՝ 2021-ի աշնանը, հեռուստաընկերության կառավարումը ստանձնեց Հրաչյա Պապինյանը։ Media.am-ը նրա հետ զրուցել է մարզային փոքրիկ հեռուստաընկերության խնդիրների ու ձեռքբերումների մասին։   

Երկու տարի է, ինչ հեռուստաընկերությունը վերագործարկվել է։ Պատմեք ձեր ընթացիկ աշխատանքների մասին։  

«Անկյուն+3»-ը հանրային մուլտիպլեքսում ներկայացված չէ, մենք եթերային հեռարձակում չունենք։ 2020-ին մարզային հեռարձակման սլոթի համար մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էինք, սակայն չհաղթեցինք։  

Հեռուստադիտողը մեր աշխատանքին հետևում է հիմնականում Յություբում։ Բովանդակային հիմնական շեշտը դրված է լրատվական հաղորդումների վրա։ Ունենք հասարակական-քաղաքական մի քանի թոք-շոուներ։ Ընդհանուր առմամբ, 3 հաղորդում ունենք և յուրաքանչյուր օր եթերում լինում ենք 4 ժամ։ Հեռուստաընկերության աշխատակիցների թիվը ևս մեծ չէ․ մեր անձնակազմը բաղկացած է 15 աշխատակցից։  

Մարզային հեռարձակման սլոթի համար մրցույթին մասնակցելուց և չհաղթելուց հետո ինչու՞ և ինչպե՞ս որոշեցիք շարունակել հեռուստաընկերության գործունեությունը։  

Ինձ համար անընդունելի է, թե ինչու պիտի հանրային մուլտիպլեքսում ցուցադրվող մարզային հեռուստաալիքը մեկը լինի: Մենք ուզում ենք Թումանյանի տարածաշրջանում պատմել  բնակչի առօրյայի մասին, առկա խնդիրների մասին, ինչո՞ւ պիտի այդ հնարավորությունը չլինի։  

Եթե չեմ սխալվում քննարկումներ եղել են, որ հանրային մուլտիպլեքսում հայտարարվեն փոքր տարածքային մրցույթներ։ Օրինակ, ինչո՞ւ հնարավոր չէ ցուցադրվել միայն Ալավերդու կամ Թումանյանի շրջանում։ Նախկինում այդ մաղը կար, և դա ֆինանսական վիճակն էր, դա շատ լավ ցուցիչ էր։  

Եթե հեռուստաընկերությունը կարողանում էր աշխատել, շարունակում էր իր գործունեությունը, եթե ոչ՝ ավտոմատ դուրս էր մնում։ Այս հնարավորությունը պետք է ստեղծել, եթե չեն կարողանա աշխատել, իրենք մեխանիկորեն կփակվեն:  

Յություբում հեռարձակվելով՝ գովազդի կամ ֆինանսական միջոցների խնդիրը ստացվու՞մ է լուծել։  

Երբ 2 տարի առաջ վերսկսեցինք մեր աշխատանքը, սկզբնական շրջանում մեր յուրաքանչյուր նյութ Յություբում ունենում էր 3500-4500 դիտում։ Այսօր արդեն միջինում ունենք 100 հազար դիտում, որոշ դեպքերում այդ թիվը հասնում է մինչև 340 հազարի, ինչը մարզային փոքր հեռուստաընկերության համար բավականին լավ ցուցանիշ է:  

Մենք Յություբից բավականին գումար ենք ստանում, Յություբում աշխատում ենք նաև նվիրատվությունների միջոցով։ Արտասահմանում ապրող ալավերդցիներն են մեզ նվիրատվություններ անում։ Հաճախ խնդրում են, որ պատմենք իրենց գյուղի մասին, իրենց գյուղի խնդիրներին անդրադառնանք։ Որպես հիմնական գովազդատուներ՝ աշխատում ենք Ալավերդիում գործող բիզնեսների հետ։ Մեր ծախսերը շատ չեն, մուլտիպլեքսի համար չենք վճարում, դրա համար էլ կարողանում ենք գոյատևել։  

Ովքե՞ր են Ձեզ դիտում։ Յություբից բացի Ձեր կոնտենտը կաբելայինների միջոցով հասանելի՞ է։ 

Ալավերդի համայնքը մոտ 40 հազար բնակիչ ունի, որից միայն 10-ը հազարն է Ալավերդիում ապրում։ Այսօր միայն Ալավերդիում է հնարավոր օգտվել կաբելայիններից։ Մեր հիմնական հեռուստադիտողը գյուղաբնակներն են, որտեղ կաբելայիններ չկան։ Նրանք կարող են միայն դիտել հանրային մուլտիպլեքսում ցուցադրվող հեռուստաալիքները, այն էլ ոչ բոլոր բնակավայրերում է, որ դրանք նորմալ որակով ցուցադրվում են և ամբողջությամբ հասանելի են։  

Ես ասացի, որ 4 ժամ ենք եթերում լինում, ոչ մի կաբելային հարթակ 4 ժամվա համար մեզ չի վերցնի։ Մենք փոքրիկ ուսումնասիրություն ենք արել․ մեր քաղաքում կաբելայինների միջոցով մարզային հեռուստաընկերությունները շատ քիչ դիտում ունեն, դրա համար ծախս անել և 24 ժամ արհեստականորեն եթեր լցնել, իմաստ չունի։  

Ստացվում է, որ այդ 30 հազար բնակիչը մեր լսարանից դուրս է և միայն Յություբով կարող են մեզ դիտել։ Մեզ հիմա սարերում են նայում, գնում ենք յայլաները, նկարում ենք, հետո մարդիկ մեկնաբանություններում խնդրում են, որ իրենց յայլա էլ գնանք և նկարահանենք։  

Մեդիակառավարիչները խոսում են այն մասին, որ այսօր գովազդային շուկան փոխվել է։ Ինչպե՞ս են այդ փոփոխություններն անդրադարձել Ձեր ղեկավարած հեռուստաընկերության գործունեության վրա։  

Գովազդի շուկան իրոք բավականին փոխվել է։ Նախկինում, երբ Հանրային հեռուստաընկերությունը գովազդ չուներ, ամեն ինչ այլ էր, գովազդային հոսքերից մեզ էլ էր մասնաբաժին հասնում։ Փոքր գովազդատուները, որոնց թիրախում մարզերի բնակիչներն էին, իրենց գովազդը տեղադրում էին փոքր մարզային հեռուստաընկերություններում։  

Օրենքի փոփոխությունից հետո, հիմա գովազդի մեծ հոսքը գնում է դեպի Հանրային, և նույնիսկ այդ փոքր գովազդներն էլ արդեն մարզեր չեն հասնում: Ես դժվարանում եմ ասել, թե որն է պատճառը, հավանաբար, գովազդատուին ավելի հարմար է հանրապետական սփռման մեկ հեռուստաընկերության հետ ձեռք բերել պայամանավորվածություն, քան, մի քանի մարզային հեռուստաընկերությունների հետ:  

Մյուս կողմից էլ «Գովազդի մասին» օրենքի վերջին փոփոխության հետևանքով, որով մի շարք սահմանափակումներ մտցվեցին գովազդային շուկայում, մեր ֆինանսական մուտքերը էապես նվազեցին։ Մեր գովազդային բյուջեն 30% նվազել է։ Պարզապես, պատերազմից հետո, երբ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, բոլոր խստացումները միանգամից եղան։ Երբեմն թվում է, որ այս ամենը հատուկ է արվում, որ անկախ լրատվամիջոցները լուրջ խնդիրներ ունենան և կախվածության մեջ լինեն տարբեր-տարբեր ձևերով: 

Այսօր, երբ գովազդային շուկան փոքրանում է, ռեսուրսները կենտրոնանում են, մարզում գործող համայնքային հեռուստաընկերության կարիքը կա՞։ 

Մարզային լրատվամիջոցները մարզային հեռուստադիտողի հոգու հետ ավելի են կապված: Եթե համեմատենք մեր ռեպորտաժների թեմատիկան և երևանյան հեռուստաընկերությունների թեմատիկան, կտեսնենք, որ շատ տարբեր են։  

Մեր հեռուստադիտողը ուզում է գյուղում, իր կողքին ապրող մարդուն տեսնել, հասկանալ նրա վիճակը, հաջողություններն ու անհաջողությունները: 

Երևանում կատարվող պետական նշանակության իրադարձությունները հաճախ մարզաբնակին այնքան էլ շատ չեն հետաքրքրում։ Ընդհանուր առմամբ բոլոր լուրերն էլ իմանում է, բայց մասնավորապես ուզում է իմանալ իր քաղաքում, իր մարզում ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ շինարարություն է իր համայնքում սկսվել, իր փողոցը կամ կողքի փողոցը ե՞րբ են նորոգելու: Դրանք տեղական հեռուստաընկերություններին հուզող խնդիրներ են, մայրաքաղաքային ոչ մի լրատվամիջոց այդ խնդիրները օպերատիվորեն չի լուսաբանի: 

Մեր հեռուստադիտողը դրա կարիքն ունի, մարդիկ ուզում են դա տեսնել։ Հենց սա է պատճառը, որ կարծում եմ մարզային հեռուստաընկերությունների, ինչպես նաև մարզերում գործող փոքր, համայնքային հեռուստաընկերությունների կարիքն իսկապես շատ կա։

 

Գովազդային հոսքերի նվազումից բացի, մարզային կամ համայնքային հեռուստաընկերություններն ուրիշ ի՞նչ խնդիրների են բախվում։  

Առաջին հերթին մենք տեղեկատվություն ստանալու խնդիր ունենք։ Օրը 5-6 նամակ եմ գրում տարբեր պաշտոնյանների, որ որևէ թեմայի հետ կապված տեղեկատվություն ստանամ: Պաշտոնյաներ կան շատ արագ արձագանքում են, պաշտոնյաներ էլ կան, որ անընդհատ պիտի զանգես, նորից հիշեցնես։ Վարչատարածքային կառավարման գերկենտրոնացումը հանգեցրել է այն վիճակին, որ տարածքներում, համայնքներում պատասխանատուներ չկան:  

Լավագույն դեպքում պետք է դիմել մարզային կառույցին, վատագույն դեպքում՝ նախարարություններին: Տեղեկատվությունը դարձել է անհասանելի և երբեմն, դեմ գնալով լրագրողական պրոֆեսիոնալիզմին՝ նյութերը հրապարակում ենք միակողմանի, որովհետև չենք կարող 5 օր սպասել նախարարության պատասխանին։ Մինչդեռ նախկինում տեղերում տասնյակ պատասխանատուներ կային, ովքեր շատ օպերատիվորեն, առանց որևէ մեկից թույլտվություն ստանալու մեկնաբանություն էին տալիս լրագրողներին: 

Կարևոր խնդիր է նաև մասնագետների պակասը։ Մենք օրինակ լրագրողի թափուր հաստիքները լրացնելու համար ընդունել ենք հարակից ոլորտների մասնագետների ու դասընթացներ, վերապատրաստումներ անցկացրել նրանց հետ։ Այլ կերպ հնարավոր չէր խնդիրը լուծել։  

Շատ լուրջ խնդիր ունենք նաև մեդիայի կառավարման ոլորտում։  

Այ օրինակ ես՝ լրագրությունից եկել եմ կառավարման ոլորտ, վստահ եմ շատ տեղերում էլ է այդպես լինում։ Հավանաբար ինչ-որ դասընթացներ, վերապատրաստումներ են պետք։ Ես չգիտեմ, թե այդ գործառույթը ով պիտի իր վրա վերցնի։ Պետությունը, եթե ուզում է, որ հեռուստաընկերությունները զարգանան, պետք է լուրջ ուշադրություն դարձնի արհեստավարժ մեդիակառավարիչներ պատրաստելու հարցին։  

 Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *