2023.08.21,

Քննադատ

6+1 AI գործիք՝ ապատեղեկատվությունը բացահայտելու համար

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Ապատեղեկատվությունը նկատելու կարողությունը լրագրողների համար ամենակարևոր հմտություններից մեկն է։ 

Ապատեղեկատվության հսկայական քանակությունն այնքան արագ է տարածվում, որ լրագրողները հաճախ չեն հասցնում դրանք գտնել ու հերքել: Այստեղ է, որ կարող են օգնության հասնել AI համապատասխան գործիքները: 

Ներկայացնում ենք արհեստական բանականության մի քանի գործիք, որոնք օգնում են լրագրողներին և փաստերը ստուգողներին բացահայտել ապատեղեկատվությունը: 

Դրանց շնորհիվ դուք կարող եք գտնել կեղծ տեքստեր, պատկերներ, որոնք օրինակ ֆոտոշոփած են, տեսանյութեր, որտեղ հին կամ գոյություն չունեցող կադրեր կան և այլն: 

Եթե հայերենի դեպքում տեքստային գործիքները չեն աշխատում կամ աշխատում են թերի, այլ կերպ ասած՝ հայերենով ապատեղակատվությունը բացահայտել չեն կարողանում, ապա ֆոտո և վիդեո կոնտենտի պարագայում դրանք միանշանակ օգտակար են տեղական լրատվամիջոցների համար: 

AI գործիքներ, որոնք կօգնեն բացահայտել ապատեղեկատվությունը 

Ա․ Exorde Network-ը տեղեկատվության մշակման գլոբալ հարթակ է, որը վերլուծում է համացանցում բովանդակության տարածումն ու տարածվածությունը: Exorde Network-ը ստանում է տեքստի բովանդակության URL-ը և այնուհետև վերլուծում է այդ տեքստը՝ տրամադրելով պատկեր, թե որտեղ և ինչպես է այն կիրառվել: Հայերենի դեպքում գործիքն առայժմ չի աշխատում, բայց եթե կարիք լինի անգլերեն, ռուսերեն բովանդակության տեքստերի իսկությունը ճշտել, այն կօգնի ձեզ:  

Բ․ Վստահ ենք` գիտեք FactCheck.org-ի մասին, որը Փենսիլվանիայի համալսարանի Հանրային քաղաքականության Annenberg կենտրոնի նախագիծն է: Այն երկար տարիներ է, ինչ ստուգում է քաղաքական գործիչների հայտարարությունները: Ծրագրում գրում ես օրինակ որևէ պատգամավորի կողմից արտահայտած միտք և այն ցույց է տալիս՝ իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունը, թե ոչ: FactCheck-ը ներկայացրել է Ask FactCheck և Ask SciCheck գործիքները, որոնք թույլ են տալիս լրագրողներին ստանալ ռեսուրսների թիմի կողմից իրականացված տեղեկատվության ստուգման արդյունքները: 

Գ․ Factiverse-ը ևս արհեստական ​​ինտելեկտի վրա աշխատող գործիք է, որը լրագրողները կարող են օգտագործել՝ արագացնելու փաստերի ստուգման գործընթացը: Այստեղ կա AI խմբագիր, որը բացի ապատեղեկատվությունը գտնելուց նաև առաջարկում է վստահելի ռեսուրսներ: 

Դ․ Արհեստական բանականության կողմից ստեղծված ֆոտո և վիդեո կոնտենտի որակն այնքան է բարձրացել, որ առաջացել է կարիք ստեղծելու այնպիսի գործիքներ, որոնք կտարբերակեն վիզուալն իրականից: Լուսանկարներից յուրաքանչյուրն ունի EXIF, որը պարունակում է տեղեկատվություն պատկերի մասին՝ ISO, նկարահանման արագություն, լուսանկարի արման ամսաթիվը և վայրը: Բնօրինակ լուսանկարի ցանկացած փոփոխություն գրանցվում է այստեղ: Լրագրողների համար օգտակար է ստուգել բոլոր լուսանկարների EXIF-ը, որպեսզի տեսնեն, թե արդյոք լուսանկարը մշակման ենթարկվել է, թե ոչ: EXIF ​​​​Data Viewer-ը և Metadata2go-ը օգնում են բացահայտել՝ երբ է արվել ֆոտոն, որտեղ, իրական է, թե AI կողմից ստեղծված, ֆոտոշոփի ենթարկվել է, թե ոչ: 

Ե․ Սոցիալական ցանցերում շատ տարածված է տեսանյութերին աուդիոֆայլեր կցել ֆիլմերից, երգերից, հարցազրույցներից, որոնց աղբյուրները կարող եք գտնել Glorious ContextuBot-ի օգնությամբ: Այստեղ կարող եք ներբեռնել տեսանյութը և ծրագիրը կտա ինֆորմացիա, թե աուդիոֆայլը որտեղ է կիրառվել, որտեղից է վերցվել: 

Զ․ Երբեմն ռեպորտաժներ պատրաստելիս լրագրողները հանդիպում են կադրերի պակասի խնդրին ու հաճախ թեմայի վերաբերյալ պատկերներ գտնելու համար որոնողական համակարգերի կողմից առաջարկվող տեսանյութերն են վերցնում: Դրանց մի մասը շատ հաճախ տվյալ իրադարձությանն իրականում չի առնչվում, հին է կամ նկարահանվել է մեկ այլ վայրում: Նման խնդիրներից խուսափելու համար տեսանյութերի սկզբաղբյուրը, նկարահանման վայրը ևս կարելի է ստուգել Truepic Display գործիքի միջոցով: 

Է․ Եվ վերջում. ապատեղեկատվության տարածման գործում վերջերս ավելի ու ավելի շատ է նկատվում բոտերի միջամտությունը: Որպեսզի պարզեք՝ տարածվել է այն բոտի կողմից, թե մարդու, օգտվեք Hoaxy գործիքից: Այն ցույց կտա, թե առաջինը որ հարթակում է տարածվել կեղծ ինֆորմացիան, մարդու կողմից է այն արվել, թե բոտի: 

Հոդվածի հրապարակման դրությամբ բոլոր գործիքներն անվճար են օգտագործման համար:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *