2023.08.18,

Տեսակետ

«Պետք է հասկանալ մեր պետությանը մարզային հեռուստաընկերություն պե՞տք է, թե՞ ոչ»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Շիրակի մարզային «Ցայգ» հեռուստաընկերությունը գործում է 1996 թվականից: Հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը Media.am-ի հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ  հեռուստաընկերությունում աշխատում էր 60-ից ավելի աշխատակից։ Այսօր նրանց թիվը ինն է: Աշխատակազմի կրճատման պատճառներից մեկը տկն. Մինասյանը համարում է տեխնոլոգիաների զարգացումը, իսկ հիմնական ու գլխավոր պատճառը՝ վերջին տարիներին գովազդային շուկայում առաջացած ֆինանսական խնդիրները:  

Ի՞նչ խնդիրներ ունի «Ցայգ»-ն այսօր և ի՞նչն է պատճառը, որ անձնակազմն այդքան կրճատվել է:

Խնդիրները շատ շատ են: Եվ գրեթե բոլոր մարզային հեռուստաընկերություններն են նույն վիճակում: Խնդիրը ֆինանսական է: «Գովազդի մասին» օրենքի փոփոխության արդյունքում մեր ֆինանսական մուտքերը 30-40%-ով նվազեցին: Տպավորություն է,որ Ազգային ժողովում մի ձեռքը չգիտի մյուս ձեռքն ինչ է անում: Մի կողմից ասում են մարզային հեռուստաընկերությունները մարզում ունեն ստրատեգիկ նշանակություն, մյուս կողմից էլ օրենքներում փոփոխություն կատարելուց չեն հետազոտում, թե մեր ֆինանսական միջոցներն ինչպես են ձևավորվում, չեն քննարկում մեզ հետ, ալտերնատիվ որևէ բան չեն առաջարկում: Օրենքի նպատակն, իհարկե հասկանալի է, բայց իրականում այն թերի օրենք է: 

2020-ին, երբ մենք  հայտ էինք ներկայացնում մարզային հեռարձակման սլոթի համար մրցույթին մասնակցելու, այս փոփոխությունը տեղի չէր ունեցել և մենք այդ գումարները հաշվարկել էինք մեր բյուջեներում և ըստ դրա էլ գրել էինք մեր բիզնես առաջարկը: Փոփոխություններ եղան նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, պահանջները փոխվեցին, իսկ այդ ամենը կատարելու համար փող է պետք: Ստացվում է մեր եկամուտները նվազել են, պահանջներն ու ծախսերն ավելացել:

Շիրակի «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը

Դրամաշնորհային ծրագրերն էլ իրավիճակը չե՞ն շտկում: 

Նախկինում շատ դրամաշնորհային ծրագրեր էինք ունենում և դրանով տարբեր նախագծեր իրականացնում: Այս տարի արդեն դիմել ենք 11 դրամաշնորհային մրցույթի, բայց ոչ մեկը չենք շահել: Վերջին դրամաշնորհը ԿԳՄՍ-ից էր, հունիսին այդ էլ ավարտվեց: Մեզ մոտ աշխատակիցներն աշխատում են քաղիրավական պայմանագրերով: Եթե դրամշնորհ ունենք, աշխատում ենք, եթե ոչ՝ ոչ: Հիմա նույնիսկ լրատվական թողարկումների քանակը 10-ից 5-ի ենք իջեցրել:

Մի կողմից ֆինանսական խնդիրների պատճառով կրճատում եք  աշխատակազմն ու աշխատանքի ծավալները, մյուս կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը պահանջում է սեփական, հայրենական արտադրանքի ծավաների ավելացում: Այս հակասությունն ինչպե՞ս եք հաղթահարում:

Սեփական արտադրության անհրաժեշտ ծավալն ապահովում ենք մեր լրատվական թողարկումներով: Հայրենականի շեմն ապահովելու համար օրենքը թույլ է տալիս օգտվել  Հանրայինի պահոցից: 3 տարի վաղեմության հաղորդումները վերցնում ենք և ցուցադրում: Դրա համար Հանրայինին վճարում ենք սիմվոլիկ 100 հազար դրամ: 

Բացի այդ ունենք գործընկեր ՀԿ-ներ, որոնց հետ ունենք պայմանավորվածություն և հեռարձակում ենք նրանց պատրաստած նախագծերը:  

Ավելի արդյունավետ չէ՞ր լինի Ձեր աշխատակիցներին, Ձեր արտադրանքը կրճատելու և Հանրայինից սիմվոլիկ գումարով հեռուստաբովանդակություն վերցնելու փոխարեն, Հանրայինը գովազդ չունենար, այդ դեպքում մյուս հեռուստաընկերությունների մուտքերը մասնակիորեն կավելանային: Ստացվում է քաղաքացին վճարում է Հանրայինին, գովազդային շուկայի մի մասը, եթե չասենք հիմնական մասը գնում է Հանրային, մարզային հեռուստաընկերություններն էլ իրենց հերթին են թեկուզ սիմվոլիկ գումար, բայց վճարում Հանրայինին:

Դե, իհարկե դա էլ  լուրջ խնդիր էր: Երբ Հանրայինին թույլատրվեց գովազդ ունենալ, բոլորի գովազդը պակասեց: Բայց  չեմ կարող ասել, որ այ, եթե Հանրայինի գովազդը հիմա արգելվի, էդ գումարի օրինակ 30% գալու է մարզ:  Ինչ որ մի մասը կգա, բայց որքանով կլուծի մեր խնդիրները չգիտեմ: Սկզբում ասում էին Հանրայինը շատ ծիծաղելի գումարներով էր գովազդը վերցնում, բայց հիմա ասում են բարձրացրել է: Ինքը հավաքեց գովազդը, արեց այն, ինչ ժամանակին Արմենիան էր անում: Կարծում եմ  այս կերպ փորձ արվեց մենաշնորհը վերացնել, բայց դե ….  

Գիտեք, հիմնական խնդիրը հետևյալն է. դեռևս 2005-ին հեռուստաընկերությունները քիչ, բայց սուբսիդավորվում էին պետության կողմից: Պետք է հստակ հասկանալ մեր պետությանը մարզային հեռուստաընկերություն պե՞տք է, թե՝ ոչ: Մարզային հեռուստաընկերության դիմաց պետք է դրվեն հստակ պահանջներ ու մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները պետք է հստակ հաշվարկեն, թե այդ պահանջներն անշեղորեն կատարելու համար որքան գումար է անհրաժեշտ:  

Ներկայիս պահանջները կատարելու համար Ձեզ, որքան գումար է անհրաժեշտ: 

Ես մի քանի անգամ ասել եմ, որպեսզի հեռուստաընկերությունը նորմալ աշխատի յուրաքանչյուր ամիս առնվազն 3,5 միլիոն է պետք, որ նորմալ անձնակազմով, մի քանի հաղորդումներով  հեռուստակոնտենտ ապահովենք: Իսկ այսօր գոնե միայն շնչելու համար ամիսը 1 միլիոն է պետք, բայց այսօր դա էլ չկա: Դրա համար այսօր արդեն  պարտքեր ենք կուտակել, ՀՀՌՑ-ին պարտք ենք մոտավոր 1մլ 350 հազար դրամ: Մենք պետք է ամեն ամիս ՀՀՌՑ-ին վճարենք 250 հազար դրամ, բայց այդքան չենք կարողանում,  ամեն ամիս մոտավոր մի 100 հազար ենք փոխանցում: Վերջերս ՀՀՌՑ-ից զանգում են ու զգուշացնում, որ եթե չվճարենք  կանջանտեն եթերը, ես էլ ասում եմ անջատեք, ի՞նչ կարող եմ անել:

ՀՀՌՑ-ի կողմից եթերի անջատումն ի՞նչ խնդրներ կառաջացնի Ձեզ համար:

Մենք կանք բոլոր մալուխայիան ցանցերում: Ուսումնասիրություն չունեմ, բայց կարծում եմ, որ մուլտիպլեքսով մեր լսարանի 30% է միայն հեռարձակվում: Եթե մնում ենք կաբելայինում, մոտավորապես 300 հազար դրամ տնտեսում ենք, դա ազդանշանը հեռուստաաշտարակ հասցնելու գումարն ու յուրաքանչյուր ամսվա վարձն է: Մի աշխատող  ամեն ամիս պատրաստում է ՀՌՀ-ին ներկայացվող հաշվետվությունը, օրենքի պահանջով մենք արտոնագրված ֆիլմեր եմ առնում, կաբելայինի դեպքում դա էլ չենք անի: Պարզապես, մրցույթին մասնակցելուց, հաղթելուց հետո, ինքնակամ հրաժարվել մուլտիպլեքսից դա էլ չի ստացվում: Եթե այլ լուծում չկա, թող  հեռուստաշտարակն ինքն անջատի: 

Բացի այդ ՀՀՌՑ-ն պարտավոր է թվային նորմալ եթեր ապահովել, իսկ մարզերում չեն կարողանում դա անել: Պարբերաբար խոտաններ են լինում, գնագոյացումից տեղյակ չենք, մարզում ամբողջական ծածկույթ չեն ապահովում, գյուղեր կան դուրս են մնում այդ ծածկույթից: Մենք փողը տալիս ենք, բայց ոչ մի անգամ հետհաշվարկ չի արվում: 

Երբ Հայաստանյան 20 հեռուստաընկերություններով հայտարարություն էիք տարածել և ՀՀՌՑ-ից պահանջել դադարեցնել անջատումները, նշել էիք նաև, որ  անհրաժեշտության դեպքում դիմելու եք  ավելի կոշտ քայլերի: Կա նմանատիպ նախաձեռնություն:   

Անկախ նրանից, թե որ հեռուստաընկերությունն ի՞նչ քաղաքական կողմնորոշում ունի, ի՞նչ ֆինանսական աղբյուրներից է սնվում, պետք է համախմբվել մի գաղափարի շուրջ: Եթե մենք լինենք ավելի պահանջատեր, եթե որոշենք, որ Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները մեկ ժամով կամ երկու ժամով անջատում են իրենց եթերը և ոչ թե ցերեկային ժամերին,այլ փրայմ թայմում, այդ ժամանակ միգուցե հնչեղություն լինի: Հեռուստատեսության ոլորտում խնդիրներն այսօր չեն սկսվել, դրանք տասնամյակների պատմություն ունեն, դանակն արդեն հասել է ոսկորին: Կապ չունի, թե ով է ասօր իշխանության, այսօր այս ուժն է, վաղն ուրիշն է լինելու, մենք մի անգամ և վերջնական պիտի մեր հարցերը լուծենք և վերջացնենք: Համախմբվածության կորիզը կա, ընդամենը շարժիչ ուժ է պետք:

Եթե ոլորտում ոչինչ չփոխվի, հաջորդ անգամ մրցույթին կմասնակցե՞ք:

Ախր, մինչև մյուս մրցույթը դիմանալ է պետք: Ես հույս չունեմ, որ մենք մինչև ժամկետի ավարտը  կկարողանանք աշխատել (ԽՄԲ. Նոր մրցույթը կլինի 5 տարի հետո)։ Մարզային հեռուստաընկերություններում իրավիճակն իսկապես ծայրահեղ է: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, հանդիպել ենք ՀՌՀ նախագահի հետ: Նա այս պահին այն եզակի պաշտոնյաներից է, որ իրավիճակը հասկանում է և տպավորություն է, որ լրիվ կիսում է մեր տեսակետները: Մենք մարզային հեռուստաընկերություններով  գրություն ենք ներկայացրել և ակնկալում ենք, որ հանդիպում կազմակերպվի երկրի ղեկավարի հետ:

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *