2023.08.12,

Տեսակետ

«Այսօր նորություններին ծանոթանալու համար հեռուստացույց չեն միացնում»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Արմավիրի մարզում գործող «ԱԼՏ» հեռուստախմբագրությունը մեդիադաշտում է 1989 թվականից: Սովետական միությունում հիմնված երկրորդ մասնավոր հեռուստաընկերությունը հիմնադրման օրվանից մինչև 1996 թվականը կոչվում էր «Արմավիր», հետո վերանվանվեց «ԱԼՏ» ու Արմավիրի մարզում հեռարձակվեց մինչև 2021 թվականը: Media.am զրուցել է մարզային հեռուստախմբագրության հիմնադիր Խաչիկ Դանիելյանի հետ: 

«ԱԼՏ»-ը մեդիադաշտում է արդեն 34 տարի: Ի՞նչ ձևաչափով եք այսօր աշխատում:

Վերջին 2 տարիներին աշխատում ենք օնլայն հարթակում: Մեր խմբագրության աշխատանքը հասանելի է alttv.am կայքում: Ունենք 8 հիմնական աշխատող, իսկ տեխնիկական անձնակազմի հետ աշխատում ենք գործարքային սկզբունքով: 

Հիմնականում գյուղոլորտին վերաբերող վերլուծություններ ու հետաքննություններ ենք անում: Իհարկե, կայքն էլ իր խնդիրներն ունի: Ցավալի է, որ Google մեզ գումար չի տալիս, այդ ուղղությամբ մեր իշխանությունները պիտի աշխատեն, իսկ  YouTube-ի վճարած գումարն էլ շատ քիչ է: Բայց գովազդներով, դրամաշնորհային ծրագրերով կարողանում ենք աշխատել: Հաճախ դիտումներն ավելացնելու համար օգտվում ենք նաև Ֆեյսբուքից: 

32 տարի որպես մարզային հեռուստաընկերություն աշխատելուց հետո, ինչո՞ւ այսօր եթերում չեք:

Արմավիրի մարզային սլոթի համար հայտարարված մրցույթին դիմել էինք դեռ պատերազմից առաջ, մրցույթը կայացավ պատերազմից հետո: Մրցույթում մենք պարտվեցինք: Եթե պատերազմը եղած չլիներ, դատարան կդիմեինք, քանի որ կարծում էինք, որ կողմակալ մոտեցում է եղել, բայց հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրները՝ հասկացանք, որ որպես հեռուստաընկերություն գործելու դեպքում լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ես դաշտում եմ 1989 թվականից, շատ լավ գիտեմ, թե երբ է հնարավոր պահել հեռուստաընկերությունը և երբ՝ ոչ:

Ի՞նչ էր փոխվել դաշտում և ի՞նչն էր անհնարին դարձրել ձեր աշխատանքը:

Այսօր բոլոր հեռուստաընկերությունները պարտքերի տակ են: Գովազդ չկա: Եղած գովազդային հոսքերն էլ սիմվոլիկ գումարներ են, որոնք ոչ մի խնդիր չեն կարող լուծել: Մարզային հեռուստաընկերություններում վիճակն ավելի սարսափելի է: Ամեն ամիս 350 հազար դրամ մարզային հեռուստաընկերությունը պետք է վճարի միայն Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին (ՀՀՌՑ), դրան ավելացրեք նաև լիցիենզիայի գումարը, տարբեր հարկեր ու տուրքեր: Որպես հեռուստաընկերություն մենք այսօր կարող էիք ունենալ օրինակ 30 միլիոն վարկ, ի՞նչ պետք է անեինք, հաստատ կփակվեինք:

«ԱԼՏ»-ի խմբագրությունում

Որպես կայք մեր նախնական ծախսերն այդքան շատ չեն: Մենք ո՛չ հեռարձակողի փող ենք տալիս, ո՛չ լիցենզիայի, ո՛չ հանձնաժողովի հաշվետվությունները գրելու համար աշխատակից ենք պահում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ևս լուրջ խնդիրներ է ստեղծում հեռուստաընկերությունների համար թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական առումով: Ոչ մի մարզային հեռուստաընկերություն չի կարող կատարել այդ պահանջները:

Վերոնշյալ օրենքի փոփոխությունից հետո խնդիրները, կարծես թե պիտի նվազեին: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:  

Այս օրենքի մշակմանը չի մասնակցել գործնականում այսօր հեռուստաընկերությունում աշխատող որևէ ներկայացուցիչ: Օրենքը կտրված է հեռուստատեսային իրականությունից: Խոսեմ օրինակներով՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում քանի հեռուստաընկերություն կա, որ լուրերն ու մանկական հաղորդումները կարող է թարգմանել ժեստերի լեզվով: Այս պահանջն իրականացնելու համար, առնվազն 2 աշխատող է պետք, ու հսկայական ներդրումներ, մարզային հեռուստաընկերությունն ինչպե՞ս կատարի այդ ծախսերը:

Մյուս օրինակը՝ ըստ օրենքի հեռարձակվող բովանդակության 55%-ը հայրենական արտադրության պետք է լինի, իսկ արտասահմանյան ֆիլմերը պետք է ցուցադրվեն թարգմանությամբ: Այդ ֆիլմերը պետք է գնել բնօրինակով ու թարգմանել: 5 տարեկան բնօրինակ ֆիլմի մեկ րոպեն արժե 1000 դոլար, որևէ մեկն առե՞լ է այդ ֆիլմերը, ոչ մեկն էլ չի գնել, օրենքն էլ չի գործում: Պարզապես միջոց է, որ երբ անհրաժեշտ լինի հեռուտաընկերությանը տուգանեն կամ լռեցնեն:

Խաչիկ Դանիելյանը (աջից) գործընկերների հետ, 2006թ․

Նշեցիք, որ գովազդ չկա, ի՞նչն է պատճառը, որ գովազդատուն այլ հարթակներ է փնտրում:

Մենք ճիշտ չաշխատեցինք համացանցի հետ։ Այսօր որևէ մեկը նորություններին ծանոթանալու համար հեռուստացույց չի միացնում: Բոլորն անհրաժեշտ ինֆորմացիան որոնում են համացանցում: Հեռուստացույց դիտողներն էլ ավելի հաճախ թոշակառուներն են: Երիտասարդները նույնիսկ չեն կարող ասել, թե հայկական հեռուստաալիքները քանիսն են: Սա արդեն նշանակում է, որ հետուստատեսությունը մեռնող ոլորտ է: Եվ ինչո՞ւ պիտի բիզնեսն իրեն գովազդի այս մեռնող հարթակում: Մինչդեռ Ֆեյսբուքյան մեկ գովազդով նա 50-60 հազար դիտում կապահովի: 

Բացի այդ, միջազգային բրենդները Հայաստանում իրենց ապրանքը գովազդելու համար, վճարում են ոչ թե հայաստանյան հեռուստաընկերություններին, այլ Ռուսաստանին, որ իր փաթեթի մեջ տվյալ գովազդը ցուցադրի նաև Հայաստանում: Սա շատ լուրջ խնդիր է: Շուտով մենք կլսենք, որ շատ հեռուստաընկերություններ կամ փակվել են կամ սնանկ են ճանաչվել: 

Ո՞ր սխալների, բացթողումների պատճառով ստեղծվեց այս իրավիճակը: 

Առաջին հերթին գոնե Հանրային հեռուստաընկերությունը պետք է գովազդ չունենար։  Չէ՞ որ Հանրայինին բոլորս արդեն վճարում ենք: Երկրորդը՝ պետք էր ապահովել ազատ մրցակցություն: Մինչև 2000-ականների սկիզբը հեռուստատեսային դաշտը նորմալ աշխատում և զարգանում էր: Դրանից հետո օլիգարխները, քաղաքական ուժերը սկսեցին դառնալ հեռուստաընկերությունների սեփականատերեր ու գնալով ամեն ինչ վատացավ: Հետո ավելացավ «Տեսալսողական մեդիայի մասին» այս օրենքը, ՀՀՌՑ-ի սահմանած չհիմնավորված գնային քաղաքականությունը: 

ՀՌՀ ներկայացվող ամենամսյա հաշվետվությունները, որոնց համար լրացուցիչ աշխատակիցներ են անհրաժեշտ, ինչը ևս ֆինանսական բեռ է հեռուստաընկերությունների համար: Թվարկածս խնդիրները դարձան տապանաքար հեռուստաընկերությունների համար:

Հնարավո՞ր է այսօր որևէ բան փոխել և եթե այո, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ: 

Առաջին հերթին պետք է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը փոփոխել և դարձնել ավելի իրատեսական: Օրենքով սահմանված պարավորությունները պետք է համահունչ լինեն երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին: 

Մյուս կարևոր պայմանն էլ այն է, որ պետությունը որոշ գործառույթներ պետք է վերցնի իր վրա, մասնավորապես, մարզային հեռուստաընկերությունների պարագայում: Սա ընդունված մոդել է ամբողջ աշխարհում: Մասնավոր հեռուստաընկերություներին պետությունը պատվիրակում է տարատեսակ նախագծեր իրականացնել: 

Պետք է հիշել, որ հեռուստատեսությունը ճաշակ, կրթական մակարդակ ձևավորող ու թելադրող չէ: Ճաշակ ձևավորողը մշակույթի նախարարությունն է, կրթական որակի պատասխանատուն կրթության նախարարությունն է: Հեռուստատեսությունը ընդամենը միջոց է պետության քաղաքականությունը քաղաքացուն հասցնելու համար:

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *