2023.08.01,

Նյուսրում

Մեդիա գաղափարից` բիզնես նախագիծ

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Մեդիա կառավարման  առցանց դպրոցն ամփոփեց 1,5 տարվա աշխատանքը։ 3 հոսք՝ 50-ից ավելի մասնակից։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) և Դոյչե Վելլե Ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված դասընթացի նպատակն էր  զարգացնել մասնագետների հմտությունները մեդիայի կառավարման, ֆինանսական, մարքեթինգային և ռազմավարական ուղղություններով։ 

ՄՆԿ ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը պատմում է, որ նախքան դպրոցի մեկնարկը, մեդիայի կարիքների գնահատում էին արել։ 

«Մեդիայի կառավարիչները հատկապես կարիք ունեին մոնետիզացիայի, ֆինանսական նոր աղբյուրներ ներգրավվելու, մարքեթինգի եւ մեդիաարտադրանքի առաջխաղացման մասին գիտելիքների։ Հիմնվելով այս ուսումնասիրության վրա՝ մենք մոտ կես տարի իրականացրել ենք նախապատրաստական աշխատանքներ։ Երկար աշխատել ենք բովանդակության վրա, վերապատրաստել ենք նաև թրեյներներին, որ դասընթացը լինի և՛ ինֆորմատիվ և՛ սովորածը միաժամանակ կիրառելու հնարավորություն ընձեռի»,- ասում է Նարինեն։

Եռամսյա ծրագրի ընթացքում գաղափարները պիտի տրանսֆորմացվեին բիզնես նախագծերի։ Sports-life.am կայքի խմբագիր Գոհար Նավասարդյանը պատմում է, որ դասընթացը շատ օգտակար էր ու հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ՝ ծավալուն և դժվար։ Ֆինանսական հաշվարկները ստիպված էր մի քանի անգամ կրկնել՝  եկամուտի փոխարեն դեպի մինուս անվերջություն գնացող թվեր էր ստանում։ Գոհարը որոշել է կայքը զարգացնել ու ադապտացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

«Ինքս լինելով խնդիրը կրող անձ՝ շատ լավ հասկանում եմ, թե ինչ խնդիրների են բախվում իմ ընկերները։ Ես որոշեցի, որ մեր կայք մուտք գործող թե՛ տեսողական, թե՛ լսողական խնդիրներ ունեցող անձինք պիտի կարողանան ամբողջական ինֆորմացիա ստանալ։ Հենաշարժողական կամ այլ  խնդիրներ ունեցող իմ ընկերներն էլ, ովքեր ինձ նման խենթ գաղափարներ են ունեցել լրագրող դառնալու, հնարավորություն պիտի ունենան աշխատել մեզ հետ: Բիզնես պլանն արդեն կազմել եմ»,-ասում է Sports-life.am կայքի խմբագիրը։ 

Ֆինանսական հաշվեկշիռներ, եկամուտների և ծախսերի հաշվետվություններ, կանխիկ հոսքերի հաշվարկում և էլի ֆինանսական շատ կարևոր գիտելիքներ, այս ամենը մասնակիցները սովորել են հենց իրենց նախագծերի օրինակներով։ 

Ֆինանսների կառավարման մոդուլի դասընթացավար Լիգիա Ղազարյանն ասում է, որ ամենադժվարը մեդիայի մարդկանց բիզնես մտածողության դաշտ բերելն էր։ Դասերի ընթացքում ընդհանուր հայտարարի են եկել՝ միայն լավ գաղափարը  քիչ է հաջողության հասնելու համար: Պետք է հասկանալ, որտեղից ներգրավվել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ և այդ ռեսուրսներն արդյունավետ կառավարել։

«Պետք է մտահաղացումը դիտարկել 2 տեսանկյունից՝ սոցիալական և բիզնես: Եթե  նախագիծը հնարավոր է դիտարկել բիզնես տեսանկյունից, ապա այն ավելի իրատեսական է, հնարավոր կլինի դրամական հոսքեր ապահովել, ինչն ավելի հավանական կդարձնի այդ սոցիալական բաղադրիչի իրականացումը։ Այսինքն մեկն առանց մյուսի բավականին խնդրահարույց է մեդիա ոլորտում։ Կարևոր է երկուսի համատեղումը։ Սա է, որ մեդիան պիտի կարողանա ֆիքսել ու զարգանալ այս ուղղությամբ»,- ասում է Լիգիա Ղազարյանը:

Հայաստանյան մեդիայի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն առևտրային գովազդներն են եղել, դրամաշնորհային ծրագրերը, երբեմն էլ այս կամ այն քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերը։ Արդյունքում, մեդիան չի կարողացել զարգանալ՝ որպես ինքնաբավ, անկախ միավոր։ «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունից հետո էլ հայաստանյան փոքր գովազդային շուկան էլ ավելի փոքրացավ։ Մեդիայում այսօր բոլորն են բախվում ֆինանսական հոսքերի նվազման խնդրին։ Econews.am կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանի կարծիքով դպրոցի ամենամեծ առավելությունն այն էր, որ ցույց տվեց ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնելու հնարավորություններ։ 

«Դպրոցն այս փուլում շատ կարևոր աշխատանք կատարեց․ ասաց մի՛ մնացեք գովազդի  կամ դրամաշնորհի հույսին, գտեք այլընտրանքային գործընկերներ, դարձեք ավելի նախաձեռնող։ Ստեղծեք ինքնատիպ ու արժեքավոր բովանդակություն ու  բաժանորդագրության միջոցով ձեր ընթերցողին դարձրեք ձեր հովանավորը: Այսինքն, հա՛մ մենք պիտի փոխվենք, հա՛մ ընթերցողին սովորեցնենք գնալ բաժանորդագրության ճանապարհով»,- պատմում է Մարիամը:

Ֆինանսական իրավիճակն ավելի դժվար ու խնդրահարույց է հատկապես մարզային հեռուստաընկերություններում։ Գովազդային հոսքերը շատ քիչ են, դրանցից ստացվող գումարը չի բավարարում, նույնիսկ պետական հարկերն ու տուրքերը վճարելուն։  Գեղարքունիքի «Գեղամա» մեդիա հոլդինգ ՍՊԸ տնօրեն Սուրեն Բարսեղյանը պատմում է, որ երբ տեսավ դասընթացի հայտարարությունը, իրեն առաջինը գրավեց կառավարում բառը։ Կառավարման հմտությունների ու նոր մոտեցումների կարիք «Գեղաման» իսկապես ուներ։ Առաջին հոսքի շրջանավարտն արդեն գործնականում կիրառում է սովորածն ու որոշակի ֆինանսական դրական տեղաշարժեր նկատում։ 

«Օրինակ, եթե որևէ հասարակական կազմակերպություն ինչ-որ սոցիալական ծրագիր է իրականացնում, ես հիմա դա նկարահանելու և ցուցադրելու համար որոշակի գումար եմ պահանջում, մինչդեռ նախկինում անվճար էինք անում։ Միշտ մտածել եմ, որ մեդիան ունի սոցիալական պատասխանատվություն հանրության առջև, հիմա ուշադրություն եմ դարձնում նաև բիզնես բաղադրիչին»,-պատմում է մարզային հեռուստաընկերության տնօրենը։ 

Հայաստանում մեդիակառավարումն ավելի որակյալ ու արդյունավետ դարձնելու համար Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պատրաստում է դասընթացի ամբողջական առցանց տարբերակը, որը հասանելի կլինի բոլորին՝ ցանկացած պահի ու ցանկացած վայրում:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *