2023.07.25,

Նյուսրում

Երևանի ընտրությունների քաղաքական գովազդի սակագները հայտնի են

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին: 

Հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները օրենքով սահմանված կարգով հրապարակել են նախընտրական քարոզարշավի ընթացքում վճարովի եթերի համար նախատեսված մեկ րոպեի սակագինը:   

Գնագոյացման մեխանիզմը սահմանվում է Ընտրական օրենսգրքով՝ հետևյալ մեխանիզմով

  • Հանրային հեռարձակողի դեպքում 1 րոպե վճարովի եթերաժամանակի գումարը  չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50%:
  • Մասնավոր հեռարձակողների դեպքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը  չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքը:

Քաղաքական գովազդի համար ամենբարձր գինը սահմանել է «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն: Հեռուստաընկերությունը պատրաստ է վճարովի եթեր տրամադրել 15:00-ից 20:00-ի ընթացքում՝ յուրաքանչյուր րոպեի համար պահանջելով 100 հազար դրամ: 

Երկրորդ հորիզոնականում «Շանթ» հեռուստաընկերությունն է: Երեկոյան ժամերին՝ 18:00-ից 23:59-ին, 1 րոպեի արժեքը կկազմի 90 հազար դրամ, իսկ 06:00-ից 17:59-ի ընթացքում, քաղաքական ուժերը 1 րոպեի համար կվճարեն կես գումարը՝ 45 հազար դրամ: 

Հանրապետական սփռման 6 և մայրաքաղաքային սփռման 5 հեռուստաընկերությունների ցանկում՝ երրորդ տեղում, 1 րոպեի համար պահանջվող 48 հազար դրամ-ով Հանրային հեռուստաընկերությունն է: 

 

Ամենացածր գինը՝ րոպեի համար 8000 դրամ, սահմանել է «Դար-21» հեռուստաընկերությունը։ 

Նախընտրական քարոզարշավին հատկացվող վճարովի հեռուստագովազդի համար ամենաքիչ եթերաժամանակը սահմանել է «Շարկ» ՍՊԸ-ն՝ «5-րդ ալիք»-ը։ Հեռուստաընկերությունն  օրվա ընթացքում տրամադրվող վճարովի քաղաքական գովազդի համար նախատեսել է ընդամենը 6 րոպե։ 

Հեղինակազորված, այսինքն միայն ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող ընկերությունների շարքում ամենաբարձր գինը «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի՝ «Առաջին Թիվի» ծրագրինն է։ Վճարովի քաղաքական գովազդի մեկ րոպեն կհաշվարկվի 55 հազար դրամով։ 

Հեռուստատեսային եթերի համեմատ ռադիոեթերում քաղաքակական գովազդի համար սահմանած արժեքները մի քանի անգամ ցածր են։ Լսողական ծրագրեր հեռարձակող 12 ռադիոընկերություններից րոպեի համար ամենաբարձր արժեքը սահմանել է «Ռադիո Վան»-ը՝ 4500 դրամ։ Հաջորդը  «Լրատվական ռադիո FM 106.5» է՝  3500 և «Ռադիո ջան»-ը՝ 3200 դրամով։ 

 

Ռադոընկերություններից ամենացածրը ՀՌՀ-ի կողմից Հանրային ռադիոյի համար սահմանած 1300 դրամն է։  

Պատկերը՝ ԿԸՀ ֆեյսբուքի էջից

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները Երևանի 823.559 ընտրողներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու հնարավորություն կունենան մինչև սեպտեմբերի 15-ը:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *