Վերջերս հետս անսպասելի վերաիմաստավորում կատարվեց: Իրադարձության հիմնական զոհը դարձան պատկերացումներս հեռուստատեսության արդի եւ ապագա վիճակի մասին: Պարզվեց՝ ժամանակից շուտ մեծամտորեն ուզում եմ թաղել հեռուստատեսությունը: Իսկ այն եկավ իմ մտքերում եւ ասաց. «Ես դու եմ, դու ես ես»: Դե, համարյա:
Ասեմ, թե բանն ինչն է: Այսօր շատ մոդայիկ է «Ես հեռուստացույց չեմ նայում» ասելը: Դրանով ասողը շրջապատին ցուցադրել կուզի միանգամից մի քանի կարեւոր հանգամանք: Այն, որ՝
- ինքը ինտելեկտուալ է
- ինքը չինտելեկտուալներից շատ հեռու է եւ մոտիկ չի էլ գա
- ինքը արդիական է, նույնիսկ գիք է (կարեւոր չէ, որ այս բառը առնվազն կիսահասկանալի տերմիններից է)
- ինքը ինքնուրույն մտածել գիտի եւ սիրում է այդ գործը
- ինքը ինքնատիպ է
- եւ այլն
- եւ ամենակարեւորը՝ ինքը տենցը չի. ընդհանրապես տենցը չի՝ բոլոր լավ առումներով:
Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ վերջերս շատ էի չարաշահում այս մոտեցումներով: Աջ ու ձախ պատմում էի, որ ես այլեւս տենցը չեմ, որ ես հեռուստացույց չեմ նայում: Ու աչքով էի անում, որ բոլորը հասկանան` ես իսկական գիք եմ այսքանից հետո:
Ու ամենակարեւորը` ես ինքս էլ համոզված էի, որ հեռուստացույց չեմ նայում: Ավելին, սկսեցի ապացույցներ փնտրել, որ Հայաստանում ողջ հասարակությունն է միգրացիա սկսել հեռուստաէկրանից դեպի համակարգչամոնիտոր` որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելով համացանցը: Գտա նաեւ AGB Nielsen հետազոտությունը, ըստ որի, հեռուստադիտողների քանակը Հայաստանում արդեն չորս տարի է՝ նվազում է: Տարբեր զուգահեռներ անցկացրեցի ինտերնետի արագ զարգաման հետ, հետաքրքրաշարժ այլ զուգադիպություններ գտա: Դրանց արդյունքում մի քանի գրառում արեցի բլոգումս, հոդվածներ գրեցի եւ այլն:
Բայց հետո սկսեցի ավելի լուրջ հետեւել ինքս ինձ: Պարզվեց, որ իրականում լավ էլ նայում եմ հեռուստացույց, այն էլ բավական շատ: Չեմ հաշվում այն, որ ժամանակ առ ժամանակ ֆիլմ կամ ֆուտբոլ եմ նայում: Էլ չեմ ասում՝ որ սրճարան էլ գնաս, հայտնվում ես պատից կախած էկրանի դիմաց եւ ստիպված դիտում ես Fashion TV, ֆուտբոլ կամ էլ երաժշտական հոլովակ, որի տակ լրիվ ուրիշ երգ է հնչում CD-փլեյերից:
Բայց երբ ավելի լուրջ դիտարկելու համար սկսեցի հաշվել, թե իմ Youtube-ում ցանցում իր հաղորդումները տեղադրող քանի հեռուստաալիք կա, բավական մեծ տոկոս կազմեց: Եւ հաշվի առնելով, որ Youtube-ում անհատական ալիքները թարմացվում են շատ ավելի դանդաղ եւ անկանոն, ստացվեց, որ ցանցում հիմնականում հենց ավանդական հեռուստատեսություն եմ նայում: Ավելին, հասկացա, որ գովազդային հոլովակները, որոնք անառողջ դող են առաջացնում հեռուստացույցով դիտելիս, ցանցում մեծ հաճույքով եմ դիտում:
Իրականում բովանդակությունը եւ դերակատարները մնացել են նույնը, փոխվել է դիտելու տեղն ու ձեւը, ինչպես նաեւ դիտողի մոտեցումը, ով այնքան է տարվում նոր տեխնոլոգիաներով, որ չի նկատում նման բաներ:
Մեկ է՝ Ալ-Ջազիրան իր ամբողջ ներուժով, թղթակիցներվ, ռեժիսորներով եւ արհեստավարժությամբ ավելի լավն է, քան բջջայինով եգիպտացի գյուղացին, որը փորձում է Թահրիր հրապարակից հեղափոխական հեռարձակում անել:
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: