Ինֆոգրաֆիկան օգնում է բարդ տվյալներն ու գաղափարները պարզ և հակիրճ ներկայացնել։ Մենք ուսումնասիրել ենք հայաստանյան մեդիայում հրապարակված ինֆոգրաֆիկաները՝ առանձնացնելով երբեմն հանդիպող այն ակամա սխալները, որոնք անում են լրատվամիջոցները։
Տվյալների գրագիտության և վիզուալ ներկայացման տեսակետից սխալներ պարունակող ինֆոգրաֆիկան կարող է լսարանին մոլորեցնել։ Ինֆոգրաֆիկայի, տվյալների վիզուալ ներկայացումը կարող է սխալներ պարունակել ինչպես չիմացության պատճառով, այնպես էլ կարող է արվել դիտավորյալ՝ մանիպուլացնելու նպատակով։
Հոդվածում բերված օրինակները հավաքագրվել են 2023 թվականի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ավարտական աշխատանքի պաշտպանության նկապակով։ Դրանց հիման վրա մենք կքննարկենք տվյալների վիզուալիզացիայի ստեղծելու ընթացքում արված տարածված բացթողումները։ Հոդվածը նպատակ ունի ինֆոգրաֆիկա ստեղծողներին օգնել ապագայում չկրկնել այն թերացումները, որոնք կան հոդվածի մեջ։
Պահել համամասնությունը
Տվյալների վիզուալացումը տվյալները համեմատելու համար է. այն չպետք է խաբի չափերի հարցում։ Սակայն բազամաթիվ են օրինակները, երբ ինֆոգրաֆիկայում կա թվերի և պատկերի անհամապատասխանություն կամ գրաֆիկների անհամամասնություն։
Կառավարությունը 2022թ. հուլիսի 22-ին ինֆոգրաֆիկայով ներկայացրել է 2018-2022 թվականների հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը։ Գրաֆիկով 2018 թվականի աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը կրկնակի փոքր է երևում 2022 թվականից։ Սակայն 2022թ. հունիսի թիվը (681,050) 2018թ. հունիսի թվի(561,143) նկատմամբ աճել է միայն 20.9%-ով։
B24 լրատվական կայքը 2023թ. մայիսի 23-ին ինֆոգրաֆիկա է հրապարակել խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի մասին՝ 2022 թ. հունվարից մինչև հուլիս՝ ըստ մարզերի։
Գրաֆիկը նպատակ է ունեցել ցուցադրել, թե ամեն մարզ որքան հարկ է մուծել, սակայն պատկերում տվյալներն ամբողջությամբ աղավաղված են, քանի որ հեղինակը սյուների միջև համամսանությունը չի պահպանել։ Օրինակ, Երևանի մուծած հարկերը գրեթե 15 անգամ գերազանցում են Սյունիքի մուծած հարկերին, սակայն պատկերում այդ երկու սյուները գրեթե հավասար են։
Սպուտնիկ Արմենիայի ինֆոգրաֆիկայում Հայաստանում նախակրթարաններում փոփոխություններն են հինգ տարիների ընթացքում։
Պատկերում 2015 թվականը ներկայացնող սյունը ավելի մեծ, քան 2020 թվականինը, սակայն իրականում 2020 թվականի թիվը 2015-ի թվից հինգ անգամ մեծ է։
Սպուտնիկ Արմենիայի այս ինֆոգրաֆիկան ընդհանրապես վիզուալ տեսակետից բարդ է։ Պատկերում անհասկանալի է, թե տոկոսները ինչին են վերաբերում։ Եթե նշված թվի տվյալ տոկոսն է հաճախում մանկապարտեզ, ինչո՞ւ է ամբողջությամբ նշված թիվը և արդյո՞ք թափանցիկ սյունը որևէ նշանակություն ունի, և այդ սյանն է վերաբերում տոկոսը։
Չօգտագործել 3D ոճավորում
Կան դեպքեր, երբ լրատվամիջոցները ինֆոգրաֆիկան վիզուալ ավելի գեղեցիկ դարձնելու համար գծապատկերները հրապարակում են 3D ոճով։ Սակայն 3D-ն փոխում է ինֆոգրաֆիկայի վիզուալ չափերը։ Գծապատկերին խորություն ավելացնելով և դրա անկյունը փոխելով՝ մեկ շերտը մյուսից ավելի մեծ է թվում, քան իրականում կա, որը աղավաղում է տվյալների ճիշտ չափերը։
Պոլիէթիլենային տոպրակների սպառման մասին ինֆոգրաֆիկան տարածել է Փաստերի ստուգման հարթակը 2022թ. դեկտեմբերի 14-ին։ Գրաֆիկում տվյալները y առանցքին անհամապատասխան են 3D ձևաչափի պատճառով։ 3D ձևավորման պատճառով իրական չափերը հստակ չեն։ Եթե մտածենք, որ դիագրամները պետք է համեմատենք ուղղանկյունանիստի դիմային հատվածով, ապա Y առանցքի հետ վերջիններս անհամապատասխան կլինեն։ Նույնը՝ ուղղանկյունանիստի հետևի մասը համեմատելով։
Այսպիսով՝ ինֆոգրաֆիկայում ոչ միայն 3D ձևավորումն է խաբում, այլ նաև Y առանցքի համեմատությամբ աղյուսակների սխալ չափերը։
Նման մեկ այլ օրինակ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ինֆոգրաֆիկան ՀՀ էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թվի մասին։ Գրաֆիկում աղյուսակները համապատասխան չեն Y առանցքին։
Չօգտագործել նույն շաբլոնը տարբեր տվյալների համար
Կան դեպքեր, որբ լրատվամիջոցները նույն շաբլոնը օգտագործում են տարբեր տվյալների համար։ Ինֆոգրաֆիկա ստեղծողը ուշադրությունը կենտրոնացնում է ոչ թե տվյալների ճշգրտության, այլ վիզուալի վրա՝ ստեղծած նույն շաբլոնը օգտագործելով տարբեր տվյալների համար՝ առանց համապատասխան ձևափոխության, ինչի պատճառով ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալներն աղավաղվում են։
Օրինակ, Պետական եկամուտների կոմիտեի ռեպորտաժում մարդիկ գնահատում են ՊԵԿ-ի ընդհանուր գործունեությունը ։
Նկարում երկու տարբեր տվյալները նույն շաբլոնում են։ Երկու շրջանաձև գծապատկերներում կարմիր և կապույտ հատվածների չափերը նույնն են։ Բայց քանի որ երկու գրաֆիկների տվյալները տարբերվում են, դիսոնանս չի առաջանում։ Երրորդ գրաֆիկը նույնպես նույն շաբլոնում է, բայց 1.39 %-ը չի կարող ունենալ նույն չափը, ինչ 11,1%-ը։ Նույն շաբլոնն օգտագործելու պատճառով նաև կա անհամամասնություն 6 և 425 թվերի մեջ։
Տվյալների հանրագումարը պետք է կազմի 100%
Շրջանաձև գծապատկերները ներկայացնում են ամբողջի մասերը։ Պատկերավոր ասած՝ մեծ կլոր տորթի բաժինները։ Բայց այդ բաժինների գումարը չի կարող 100% չկազմել։ Հակառակ դեպքում գծապատկերը վստահելի չէ։
2020 թվականին Սիվիլնեթը ռեպորտաժ է հրապարակել՝ «Կորոնավիրուսի պատվաստանյութը՝ վստահության ու անվտանգության միջև» վերնագրով, որտեղ ինֆոգրաֆիկայով ներկայացված են հարցման արդյունքներ. արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ի հայտ գալու դեպքում ՀՀ բնակիչները կդիմեն պատվաստման համար։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված տոկոսների հանրագումարը չի կազմում 100 % ։
Հարցման վիզուալ ներկայացման մեկ այլ օրինակ է 2019թ. դեկտեմբերի 5-րդ ալիքի «Հիասթափության տարի. «ԳԵԼԼԱՓ»-ի թվերով Փաշինյանի վարկանիշն ընկել է» վերնագրով ռեպորտաժի ինֆոգրաֆիկան։ 331 հարցվածներից 71%-ի սպասելիքները արդարացել են որոշ չափով, 9%-ինը՝ լիովին, իսկ 7%-ի սպասելիքները ընդհանրապես չեն արդարացվել։ Ներկայացված թվերի հանրագումարը նույնպես 100% չէ, և անհայտ է մյուս՝ 13%-ի կարծիքը։ Սակայն այս ինֆոգրաֆիկայում խնդիրը ոչ միայն հանրագումարն է, այլ անհաջող ընտրված գրաֆիկը։
Մեկ գրաֆիկի ձևը չի կարող ներկայացնել ձեռքի տակ եղած ցանկացած տվյալ։ Սյուներով գրաֆիկը՝ bar chart-ը, հարմար է տարբեր կատեգորիաների համեմատության համար։ Իսկ 5-րդ ալիքի հարցումը ունի տարբեր բաժիններ, որոնք հանրագումարը պետք է կազմի 100 %։ Երբ խոսքը ամբողջի՝ 100%-ի մասին է, սյուներով գրաֆիկ օգտագործել չենք կարող։
Հաջորդ նմանօրինակ ինֆոգրաֆիկան մամուլում տարածում գտած «Գելլափ Ինթերնեյշնլի» հետազոտության արդյունքներն էին ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ արձանագրելու մասին։
Բացի այն, որ տվյալների հանրագումարը 100%-ից ավել է, շրջանաձև գծապատկերը նաև 3D ձևաչափով է ներկայացված, որը ցույց չի տալիս տվյալների իրական պատկերը։ Կարևոր է նաև այն, որ ինֆոգրաֆիկայում առանձնացված են երկու՝ «լիովին դրական» և «ավելի շատ դրական» կատեգորիաները՝ միասին որպես դրական առանձնանալով, որոնք, սակայն, ներկված են կարմիր ու կապույտ գույներով, իսկ վերջիններս ինֆոգրաֆիկայում ավելի շատ ասոցացվում են որպես հակադիր գույներ»։
Կռնատ սյուները խախտում են օրինաչափությունը
Երբեմն, տարածք խնայելու համար ինֆոգրաֆիկայի հեղինակները կտրում են սյուները։ Երբ մի տվյալը մյուս տվյալներից համեմատաբար մեծ է և գրաֆիկում պետք է ավելի շատ տարածք զբաղեցնի, առաջանում է խնդիր, որ փոքրածավալ տվյալները չեն երևա նույն գրաֆիկում։ Այդ պատճառով ինֆոգրաֆիկա ստողծողները փոքրացնում են սյունի չափերը և ցույց տալիս, որ այն կտրված է։ Սակայն այդ կռնատ սյուները խախտում են գծապատկերների չափերի և տվյալների միջև կապը։ Քանի որ կտրված սյուները չունեն իրենց իրական չափերը, մյուս սյուների հետ համեմատել չենք կարող։
Ազատություն Ռադիոկայանը տարածել էր ինֆոգրաֆիկա՝ որքան են վաստակում ուսուցիչները ԵՄ երկրներում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում՝ շեշտելով, որ Լիխտենշտեյնում ուսուցիչները 100 անգամ ավելի շատ են վաստակում, քան Ուզբեկստանում։ Պատկերում կտրված են Լիխտենշտեյնի և Լյուքսեմբուրգի տվյալների իրական չափերը։ Կտրված լինելու պատճառով նշված երկու երկրներում հստակ չի երևում ուսուցիչների միջին աշխատավարձը մյուս երկրների համեմատությամբ։
Բացի այդ, պնդումը, որ Լիխտենշտեյնում ուսուցիչները 100 անգամ ավելի շատ են վաստակում, միանշանակ չէ, քանի որ աշխատավարձը պետք է համեմատել տվյալ երկրի ապրանքների գնի հետ. եթե ապրանքների գինը ցածր է, ապա Ուզբեկստանի ցածր աշխատավարձը 100 անգամ տարբերություն չի գրանցի։
Առանցքը սկսել 0-ից
0-ական առանցքի բացակայությունը նշանակում է, որ տվյալները սկսվում են արդեն իսկ կիսատ։ Տվյալների վիզուալիզացիայի աշխարհում սա հայտնի է որպես կտրված գրաֆիկ։ Կտրված գրաֆիկները կարող են ակամա օգտագործվել՝ տարածք խնայելու կամ միտումնավոր մեկ խմբին ավելի լավ տեսք հաղորդելու համար, քան պետք է: Հեղինակները երբեմն նույնիսկ չեն օգտագործում առանցքները։
Myth Detector լրատվական կայքը ինֆոգրաֆիկա է հրապարակել՝ Բուլղարիայի ՀՆԱ-ի մասին՝ մինչև Եվրամիությանը անդամագրվելը և հետո։ Գրաֆիկներում y առանցքը չի սկսվում 0-ից, որի արդյունքում 2007 թվականի տվյալը օրինակ 2008 թ.-ի համեմատությամբ 4 անգամ փոքր է թվում, սակայն իրականությունը այդպես չէ։
Նման մեկ այլ օրինակ է Sputnik Արմենիայի «Որքան է նվազել Հայաստանի բնակչությունը անկախության տարիներին» վերնագրով նյութի ինֆոգրաֆիկան։ Նպատակն է ցույց տալ, թե Հայաստանի անկախության տարիներին որքան մարդ է արտագաղթել երկրից։ Թվերը և հորիզոնական սյուների չափսերը, անհամապատասխանության պատճառով, տպավորություն են ստեղծում, որ 1991 թվականի համեմատ 2021 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 4 անգամ, իսկ իրականում՝ միայն 646,500 բնակչով։ Սյուների չափերը համեմատելիս տեսնում ենք, որ 1991 թվականի՝ 3,547,000 տվյալը մոտ 4 անգամ մեծ է 2021 թվականի՝ 2,927,994 տվյալից, ինչը այդպես չէ։ Գրաֆիկում, անհամամասնությունից բացի, նշված չէ նաև 0-ական առանցքը։
Այս օրինակներն ներկայացնում են ինֆոգրաֆիկաներ ստեղծելիս արվող տարածված սխալները, որոնք կարող ենք ակամա մանիպուլացնել լսարանին։ Այս օրինակները ներկայացնելու հիմնական նպատակը վիզուալ տվյալները գրագետ ներկայացնելու մշակույթը զարգացնելն է։
Արծվիկ Դավթյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: