2013.06.11,

Տեսակետ

«Ոչ ոք հեռուստատեսությանը չի արգելում դրական իմաստներ, տեքստեր եւ պատկերներ ստեղծել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային կապերի եւ մեդիա մասնագետ Տիգրան Հակոբյանը հեռուստատեսության մեծ գիտակ է:

Լինելով Հեռուստառադիոպետկոմի (ներկայիս Հանրային հեռուստառադիոընկերության) նախագահն ու «Արմենպրես» գործակալության տնօրենը` նա հետեւել է մեդիայի ձեւափոխումներին ու նրա առաջարկած արժեքային սանդղակին:

Տիգրան Հակոբյանը հիշեցնում է, որ հեռուստաեթերը հանրային բարիք է, եւ հարկավոր է այդ գիտակցմամբ դիտարկել մեր հեռուստատեսության արտադրանքը:

Որո՞նք են այսօրվա հեռուստատեսության հիմնական խնդիրները: 

Ավելի ճիշտ կլինի խոսել հեռուստատեսության դերի տրանսֆորմացիայի մասին, որը հաճախ չի գիտակցում հասարակությունը, եւ որի մասին չեն խոսում մեդիայի մասնագետները: Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում դեռ շարունակում են դասավանդել ու համոզել ուսանողներին, որ հեռուստատեսությունը երեք հիմնական հանրային գործառույթ է կատարում՝ զանգվածային տեղեկատվություն է ապահովում, հանրային կրթություն կամ լուսավորություն է իրականացնում եւ հանրային զվարճանք է մատուցում: Եվ դրանով կարծես թե ավարտվում է հեռուստատեսության ֆունկցիան: 

Բայց 21-րդ դարում արդեն այդպես չէ: Վերջին տասնամյակներում ավարտվեց յուրօրինակ տեղեկատվական հեղափոխությունը, եւ այսօր հեռուստատեսությունը ավելի հաճախ ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ ստեղծում է երկրորդ՝ զուգահեռ վիրտուալ մի իրականություն, որը տարբեր սոցիալական խմբերի համար հաճախ ավելի համոզիչ է (կամ գրավիչ), քան իրական կյանքը: Շատերին է ծանոթ հայաստանցի մի տատիկի մասին անեկդոտը, ով ցանկանում է ապրել «Հայլուրով» ներկայացվող Հայաստանում: 

Այսինքն՝ հեռուստատեսությունն այսօր շատ ավելի մեծ սոցիալական եւ հոգեբանական ֆունկցիա է կատարում, քան նախկինում. այն կարողանում է ձեւափոխել արժեքային համակարգեր, ստեղծել նոր հերոսներ, մատուցել եւ պարտադրել վարվելակերպի նոր կանոններ, նոր բարոյականություն: Այդ ֆանտաստիկ գործիքը շատ ավելի մեծ ներգործություն է ունենում, երբ հայտնվում է հասարակության վերահսկողությունից դուրս:

Իսկ մեր հասարակությունը դեռեւս չի գիտակցում, որ եթերը պատկանում է ոչ թե պետությանն ու իշխանությանը եւ անգամ ոչ հեռուստաընկերությունների ղեկավարներին կամ փայատերերին, այլ հենց հանրությանը եւ հանրային մեծ բարիք է: Եվ քանի դեռ մարդիկ դա չեն գիտակցվում, նրանք շարունակելու են դժգոհել հեռուստատեսությունից՝ ժամերով այն դիտելով, եւ չեն կարողանալու ձեւակերպել եթերի ծրագրային քաղաքականության ճիշտ պատվերն ու պահանջը:

«Ներքին գրաքննության պատճառով հեռուստաընկերություններն անգամ վախենում են օբյեկտիվորեն արտացոլել այն, ինչն իրենցից կախված չէ:

Նրանց թվում է, որ, լուսաբանելով իրադարձությունը, նրանք այդ մեղքն իրենց վրա են վերցնում»

Կրկնեմ. հեռուստատեսությունը, ստեղծելով նոր իրականություն, հեռուստադիտողին պարտադրում է իր ստեղծած տեքստերի ու նոր վիրտուալ ընկալման ընթերցումը: Եվ կարողանում է դա բավական մեծ արդյունավետությամբ անել, քանի որ սովորել է «խաղալ» հեռուստադիտողի էքսպերտային գոտում, նրա կարծրատիպերի, պատկերացումների շրջանակներում: Եվ հաճախ հեռուստադիտողը ավելի մեծ կիրքով է հետեւում հեռուստատեսային հերոսների ճակատագրերին, քննարկում նրանց կյանքը, դավաճանությունները, երջանկությունը, նրանց մարդկային տեսակը, քան սեփական բարեկամների ու ընտանիքների առօրյան:

Քաղաքական քարոզչությունը կարծես հեռուստատեսային գլխավոր գործոնն է դարձել: 

Իհարկե, հեռուստատեսության քաղաքական պրոպագանդայի ֆունկցիան միշտ եղել է եւ կլինի, քանի գոյություն ունեն պետություններ, քաղաքական ուժեր, իշխանության համար պայքար: Եվ ոչ միայն հեռուստատեսության: Այդ ֆունկցիան կատարում է եւ՛ տպագիր մամուլը, եւ՛ ռադիոն, եւ՛ կինոն:

Տեսեք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տասնյակ պրոպագանդիստական ֆիլմեր նկարահանվեցին (օրինակ՝ Հայաստանում «Արարատյան դաշտավայրի աղջիկը», Ռուսաստանում՝ «Կուբանի կազակները»): Համեմատելով այդ ֆիլմերի լուսավոր, ներդաշնակ, երջանիկ պատկերներն ու կիսաքաղց վիճակը, որը տիրում էր եւ՛ Կուբանում, եւ՛ Արարատյան դաշտավայրում, տեսնում ես, որ արդեն այն ժամանակ տոտալիտար պրոպագանդան նոր իրականություն էր ստեղծում, որը կինոդիտողի համար շատ տպավորիչ էր, ցանկալի:  

Պարզապես այդ պրոպագանդան փոքր լսարանի վրա էր ազդում: Պետք է ամիսը մեկ-երկու անգամ տոմս գնեիր, կինոթատրոն գնայիր, սակայն հետո, կինոդահլիճից դուրս գալով, կրկին բախվեիր իրականության հետ: Իսկ այսօր դու տնից դուրս չես գալիս, բայց վիրտուալ իրականությունը բախվում է քեզ հետ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Եվ դա հարյուրապատկում է պրոպագանդիստական ազդեցությունը: 

Բայց խոսքը միայն ոչ ժողովրդական, ոչ ազատական ռեժիմների մասին է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերը մի առիթով ասել էր. կարեւոր չէ, թե ինչպես է աշխատում կառավարությունը, կարեւորը ժողովրդին համոզելն է, որ կառավարությունը լավ է աշխատում: Այսինքն՝ քաղաքականության առումով հեռուստատեսությունը ողջ աշխարհում էլ այդ դերն է կատարում: Տարբերությունն այն է, որ ազատ երկրներում դա արվում է նուրբ, իսկ մեզ մոտ ավելի կոպիտ եւ բաց:  

Թվում է՝ մարդը, տեսնելով իրականությունը, չպիտի հավատա երկրորդ իրականության գոյությանը, բայց հավատում է: Ինչո՞ւ: 

Հավատում է, քանի որ ցանկացած մարդ հավատալու պահանջ ունի: Մարդկային հոգեբանությունը պարտադրում է հավատալ: Եթե մարդն իր ապագային, իրական կյանքին, ցածր աշխատավարձով ապրելու հեռանկարին չի հավատում, ստիպված է ապավինել վիրտուալ աշխարհին, որն իրեն պարգեւում է նոր կյանք, նոր մոտեցումներ…

Մարդը սկսում է հավատալ, որ վաղ թե ուշ իր կյանքում էլ դրական փոփոխություններ կլինեն: Բայց ինչի՞ շնորհիվ կկատարվեն այդ դրական փոփոխությունները՝ քո քրտնաջան աշխատանքի՞, որակյալ կրթություն ստանալու՞ կամ իրավունքների համար մողվող քո պայքարի՞, թե՞ զորբայությամբ, խաբեությամբ, «լավ» բարեկամների շնորհիվ…

Այդ առումով հայկական հեռուստատեսությունը վերջին տարիների ընթացքում լրիվ դեֆորմացրեց արժեքային համակարգերը: Տեսեք, թե ով է այսօր հեռուստաեթերի ժամանակակից հերոսը: Դա հաստատ կիրթ, աշխատասեր, ներող մարդը չէ: Հերոսը նա է, ով ուժով, ծանոթություններով, իր շրջապատով, կատաղած հայացքով, կանանց ու ընտանիքի հանդեպ բռի վերաբերմունքով է հասնում հաջողության: Այդ պատկերը պարտադրում է աճող սերնդին տեսնել այն օրինակներն ու մոդելները, որոնք կարող են հաջողություն բերել նրան:

Վիրտուալ իրականությունը որքանո՞վ է վտանգավոր:

Վտանգավոր է, քանի որ Հայաստանի էլիտան հեռուստատեսությունը չի սնում նոր գաղափարներով ու ապագայի տեսլականներով: Այսօր եթերը կարողանում է միայն խաղալ հայերի զանգվածային գիտակցության մեջ արմատավորված կարծատիպերի ու միֆերի հետ (հին ու բազմաչարչար ազգ, ցեղասպանություն, ազգին բնորոշ հատուկ առաքելություն, հազարամյա պատմություն, մշակութային կոթողներ):

Այսինքն՝ հեռուստատեսության կողմից պարտադրվող ողջ արժեքային համակարգը կապված է անցյալի հետ: Ապագայի տեսլական ո՛չ հայկական եթերը, ո՛չ էլ հայկական քաղաքական ու տնտեսական միտքը չունեն:

Կարծում եմ՝ այդ պատճառով էլ ապագային միտված ցանկացած ծրագիր Հայաստանում չի աշխատում եւ արձագանք չի գտնում հասարակության մեջ: Հիշենք մոտ 10 տարի առաջ մեկնարկած «Հայաստան 2020» ծրագիրը, որի հեղինակ Ռուբեն Վարդանյանը մեծ գումար ծախսեց՝ առաջարկելով հասարակությանը պատկերացումներ տալ ապագա Հայաստանի մասին: Այդ ծրագրին հասարակությունը չարձագանքեց, քանի որ միավորող, համախմբող տեսլական հասարակությունը չունի: Զանգվածային լրատվամիջոցներն էլ նրան այդ տեսլականը չեն մատուցում:

Եվ ստեղծվեց մի մեծ դատարկություն, քանի որ Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային էլիտան չկատարեց իր պատմական առաքելությունը, չսնուցեց զանգվածային լրատվամիջոցները նոր տեքստերով ու նոր իմաստներով, որոնք լայն քննարկման առարկա կդառնային: Եվ այդ դատարկությունը հեռուստատեսությունը լցրեց սերիալներով, շոուներով, որոնք բոլորովին այլ արժեքային համակարգ ստեղծեցին:

Կարծում եմ՝ դա հաճախ կապված չէ քաղաքական գրաքննության հետ: Պարզապես լրագրողական աշխարհը չգիտակցեց, որ հեռուստատեսությունը պատասխանատվություն չի կրում իրադարձությունների համար: Այսինքն՝ պատասխանատու չէ իրադարձության կատարման համար, այն ընդամենը իրադարձությունների մասին տեղեկատվություն է հաղորդում: Հեռուստատեսության մեղքով չէ, որ մարդիկ աղքատ են, իրավական համակարգն անկատար է, ծաղկում է կոռուպցիան, տնտեսությունը խեղդում են մենաշնորհները:

«Եթե մարդն իր ապագային, իրական կյանքին, ցածր աշխատավարձով ապրելու հեռանկարին չի հավատում, ստիպված է ապավինել վիրտուալ աշխարհին, որն իրեն պարգեւում է նոր կյանք, նոր հույսեր»

Ներքին գրաքննության պատճառով հեռուստաընկերություններն անգամ վախենում են օբյեկտիվորեն արտացոլել այն, ինչն իրենցից կախված չէ: Նրանց թվում է, որ, լուսաբանելով իրադարձությունը, նրանք այդ մեղքն իրենց վրա են վերցնում:

Օրինակելի, նաեւ ընդօրինակելի վարքագծի պահա՞նջ կա:

Կարծում եմ՝ դա միակ ուղղությունն էր, որը պետք է վերահսկվեր պետության եւ իշխանությունների կողմից, քանի որ դա ազգային անվտանգության խնդիրներից ու մարտահրավերներից մեկն է: Հեռուստատեսային մոդելներով է մեծանում այն սերունդը, որը վաղը Հայաստանում պետք է ակտիվ գործունեությամբ զբաղվի:

Հետաքրքիր է, որ իշխանությունները բավարարվում են միայն քաղաքական գրաքննությամբ, իսկ մնացած բոլոր հարցերում հայաստանյան մամուլն ու հեռուստատեսությունը բավական լայն ազատություն ունեն:

Բայց ես չեմ տեսնում, որ հեռուստատեսային ղեկավարները, մենեջերները, պրոդյուսերները փորձում են օգտվել այդ ազատությունից: Ի վերջո, ոչ ոք հեռուստատեսությանը չի արգելում ստեղծել դրական իմաստներ, տեքստեր, պատկերներ:

Բայց լուրերը հիմնականում կազմվում եմ բացարձակ դրական տեքստերով ու պատկերներով:

Քաղաքական բնույթ կրող լրատվությունում դրական իմաստներն ու պատկերները օգտագործվում են զուտ մեկ նպատակով՝ արդարացնել իշխանությունների գոյությունն ու գործունեությունը: Իսկ մնացած բնագավառները (սերիալները, շոուները, հաղորդումները) դրական իմաստների հետ չեն աշխատում:

Դժվար է գտնել որեւէ հաղորդում կամ սերիալ, որը պատմում է ոչ թե սպանությունների, գոռգոռացող կանանց, հանցագործ եղբայրների, այլ, ասենք, շախմատային մտքի, զինվորական կյանքի կամ սիրո գեղեցիկ պատմությունների մասին: Դրական իմաստներ հեռուստատեսությունը չի փոխանցում՝ բացատրելով դա հեռուստատեսային վարկանիշներով, որն ինձ համար համոզիչ չէ:

Իմ գործունեության ընթացքում հասկացել եմ, որ վերնախավը, հեռուստատեսությունը, պետական պրոպագանդան են ձեւավորում եւ՛ արժեքային համակարգը, եւ՛ հասարակության ճաշակը:

Եթե մեր հեռուստաընկերությունները առավոտից երեկո համոզեն դիտողին, որ Հայաստանի համար ամենալավը քարե դարն է, վստահեցնում եմ ձեզ՝ երկրուերեք ամիս հետո ողջ Հայաստանը դրան կհավատա:

Հեռուստատեսությունն իր ծրագրերով կարող է ստեղծել այն բարոյական մթնոլորտը, նոր հերոսին ու իրականությունը, որոնց ի հայտ գալու արդյունքում էլ կփոխվի այսօրվա տխուր պատկերը:

Ինչպիսի՞ն կլինի հեռուստատեսությունը մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ այն միշտ քննադատվում, բայց դիտվում է:

Մենք սովոր ենք մեղադրել հեռուստատեսությանը, բայց որքանո՞վ է այն (որպես արտադրանք տվող գործարան՝ իր բանվորներով, ղեկավարներով, մենեջմենթով) շահագրգռված այսօրվա Հայաստանի համար պիտանի արժեքային համակարգ ստեղծել:

Կարծում եմ՝ այն նման շահագրգռվածություն չունի, քանի որ նորից կրկնեմ՝ քաղաքական, տնտեսական էլիտայի իշխանության երկարատեւությունը կախված չէ հասարակության ճաշակից ու կամքից:

«Այսօր եթերը կարողանում է միայն խաղալ հայերի զանգվածային գիտակցության մեջ արմատավորված կարծատիպերի ու միֆերի հետ: Հեռուստատեսության կողմից պարտադրվող ողջ արժեքային համակարգը կապված է անցյալի հետ:

Ապագայի տեսլական ո՛չ հայկական եթերը, ո՛չ էլ հայկական քաղաքական ու տնտեսական միտքը չունի»

Իսկ հասարակությունը, չգիտակցելով, որ եթերը հենց իրեն է պատկանում եւ հանրային մեծ բարիք է, չի կարողանում ձեւավորել իր պատվերը հեռուստատեսությանը: Հասարակությունը նաեւ այդ պատվերը տեղ հասցնելու, պարտադրելու խողովակներ չունի:

Այդ իրավիճակը երկար կշարունակվի, թե ոչ, դժվարանում եմ ասել: Բայց 21-րդ դարում հեռուստատեսությունը, օգտագործելով նոր տեխնոլոգիաները, պետք է ձգտի իր բովանդակությամբ համապատասխանել նոր ձեւերին:

Տեղեկատվության հայտնի մասնագետ Մարշալ Մաքլյուենն ասում էր՝ տեղեկատվական խողովակն արդեն իսկ տեղեկատվություն է: Այսինքն՝ այս կամ այն զանգվածային տեղեկատվական, լրատվական միջոցի ձեւը նաեւ պետք է բովանդակություն պարտադրի:

21-րդ դարի հզոր տեխնիկական միջոցները, որոնք օգնում են եթեր հեռարձակել հաղորդումները, պետք է պարտադրեն նաեւ հասարակության կողմից ավելի լավ ընկալվող հզոր դրական բովադակությունը՝ քոնթենթը: Եվ, իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ գործընթացների արդյունքում աճեր նաեւ մեր քաղաքական, տնտեսական եւ մշակութային էլիտան, որը գումարներ կտար հեռուստատեսությանը ոչ միայն իր տնտեսական եւ քաղաքական, այլեւ Հայաստանի շահերը սպասարկելու համար:

Իսկ դրա համար Հայաստանի ցանկացած քաղաքացի, հատկապես՝ տարբեր բնագավառների առաջնորդները (opinion leaders) պետք է գիտակցեն ոչ միայն սեփական, այլեւ հանրային շահերը: Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա:

Չնայած հիմա ինտերնետի դար է՝ սակայն, այնուամենայնիվ, հեռուստատեսությունը շարունակելու է իր մեջ գրեթե ամեն ինչ խտացրած խոշոր տեղեկատվական, սոցիոլագիական եւ հոգեբանական գործիք մնալ:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *