2023.01.09,

Նյուսրում

Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմի մասին ամբողջական պատկեր չկա․ հետազոտություն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանյան մեդիայում ռուս-ուկրաինական պատերազմի լուսաբանման առանձնահատկությունները պարզելու համար խորքային հարցազրույցներից պարզ է դառնում, որ հայաստանյան լսարանը լսարանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին ամբողջական տեղեկատվություն չի ստանում։ Մի շարք պատճառներ են վեր հանվել, որոնք ուրվագծում են պատերազմի լուսաբանման առանձնահատկությունների շրջանակը։ 

Ինչ են նկատել մասնագետները 

Լուսաբանումները հիմնականում եղել են բևեռացված։ Մասնագետները պարզաբանել են, որ բևեռացված լինելը նկարագրում է մեդիա դաշտն ընդհանրապես, և տվյալ հարցի լուսաբանումն ավելի լայն խնդրի արտահայտություն է։  

Եղել են կամ պրոռուսական կամ պրոուկրաինական, երբեմն էլ հանդիպել են հակառուսական և հակաուկրաինական հրապարակումներ։ Դրանք հիմնականում արտահայտվել են փորձագետների ներգրվմամբ, արտատպվող նյութի լեզվական ընտրությամբ, օգտագործվող բնութագրություններով և այլն։ 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, սկզբնական փուլի մշտադիտարկման արդունքներից ակնհայտ էր, որ պրոռուսական կամ պրոուկրաինական լրատվամիջոցները «փոքր սեգմենտ» են, իսկ ուսումնասիրված լրատվամիջոցների մեծ մասը փորձել են հավասարակշռված ներկայացնել դեպքերը։  

Հարցվածներից շատերը նկատել են, որ հակառակ կարծիք ներառելու նպատակը սովորաբար օբյեկտիվության տպավորություն ստեղծելն է, նաև՝ զրուցակցի տեսակետը «ջախջախելը»։ Մյուս կողմից, նշվում է, որ գուցե ոչ թե լրատվամիջոցները չեն փորձել հրավիրել տարբերվող կարծիք ունեցող զրուցակիցների, այլ վերջիններս են հրաժարվել գնալ՝ հաշվի առնելով նշված ռիսկը։  

Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանի խոսքով, որևէ բևեռի շուրջ կողմնորոշումը ոչ միայն մշակվում է տարիների ընթացքում, հստակ խմբագրական քաղաքականության, այդ թվում՝ որոշակի փորձագետների հրավիրելու միջոցով, այլև սահմանվում է հիմնադրման պահից ամեն ստեղծվող լրատվամիջոցի հետ։ 

Խոսելով տեղեկատվության ամբողջականության մասին՝ մասնագետներն ասել են, որ այս պատերազմի մասին լիարժեք տեղեկություն չկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլուր։ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է, որ ստույգ են տեղեկությունները միայն պատերազմի մեկնարկի և ավարտի մասին, իսկ դրա ընթացքին վերաբերող տեղեկությունը «ինֆորմացիոն պատերազմի մեջ կորչում է»։

Մտահոգություններ նյութերի որակի հետ կապված 

Ըստ հետազոտության, պատերազմող երկու կողմերն էլ տարածում են մեծ ծավալով ապատեղեկատվություն, այնպես որ պետք է ավելի շատ խոսել ոչ թե տեղեկատվության, այլ քարոզչության մասին։ Այս հանգամանքին նպաստում է այն, որ փաստերը ստուգում են շատ քիչ թվով հայաստանյան լրատվամիջոցներ, և արտասահմանյան մեդիայի՝ սխալ տեղեկություններով շատ նյութեր նույնությամբ վերահրապարակվում են։  

Զրուցակիցները նշել են, որ պարզ թարգմանություն անելը ավելի քիչ աշխատանք է պահանջում, քան տարբեր աղբյուրներ համադրելն ու վերլուծություններ անելը․ այն հեշտ է, նաև՝ անվտանգ։ Մասնագիտական հմտություններից բացի, նրանք մատնանշում են ռեսուրսների բացակայությունը, ինչի պատճառով տեղական լրատվամիջոցները չեն կարողանում չմիջնորդավորված ձևով լրատվություն հաղորդել այս պատերազմի մասին։  

Հայաստանյան մեդիայում մասնագետները նկատել են Ռուսաստանի պաշտոնական տեսակետի առավելությունը։ Մասնավորապես, ռուսական տեսակետն ավելի շատ եթեր է տվել Հանրային հեռուստաընկերության, առատ են ակնհայտ ռուսամետ լրատվամիջոցները, իսկ որ ավելի կարևոր է՝ ռուսերենի տարածվածությունը և ռուսական հեռուստաալիքների վերգետնյա հեռարձակումը։ 

Հետազոտության մի մասն էլ նվիրված է լուսաբանման որակի բարձրացմանը։ Հարցվողները տարբեր առաջարկներ են ներկայացրել լրատվամիջոցներին, որպեսզի թեման դարձնեն ավելի խորքային, ընդգրկուն, բազմակողմանի։ 

 Հիմնական առաջարկներն են․ 

  • Լրագրողական կրթության բարելավումը, 
  • Այս նպատակով ֆինանսական ռեսուրսների հայթայթումը, 
  • Տեղում թղթակիցներ ունենալը, դեպքի վայր լրագրողներ գործուղելը,
  • Թեման ավելի համարձակ ներկայացնելը և այլն։  

 Հետազոտությունը հասանելի է կայքի Լաբորատորիա բաժնում։  

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *