2013.05.25,

Քննադատ

Խմբագիրների հայտարարությանը պետք է հետեւեն գործնական քայլեր

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

1991 թվականին ես «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն էի: Մի առավոտ զանգահարեցին ռադիոյի լրատվական ծառայությունից եւ ասացին, որ մեր տպագրած լուրերից մեկը (ընդ որում՝ ստորագրված էր մի քանի օր առաջ թերթում աշխատանքի ընդունված աշխատակցի անունով) բառացի կրկնում է իրենց նախորդ օրվա լուրը, ավելին՝ վստահաբար պնդեցին, որ մեր այդ աշխատակիցը տվյալ միջոցառմանը չի եղել: Ստուգեցինք: Իսկապես գրագողություն էր: Հաջորդ օրն իսկ Այդին Մորիկյանը այդ լրագրողին ազատեց աշխատանքից: Հիմա շատ կայքեր ոչ միայն գրագողության համար չեն ազատում իրենց աշխատակիցներին, այլեւ նույնիսկ խրախուսում են դա՝ ինչքան շատ նյութ եւ սեփականի պատրանք, էնքան շատ մուտքեր ու գովազդ…

Մի այլ օրինակ. մոտ երեսուն տարի առաջ բանաստեղծ Համո Սահյանը մի հարցազրույցում ասաց, թե իր մի բանաստեղծությունը արտատպելու համար Ամերիկայից զանգում են ու թույլտվություն խնդրում, իսկ էստեղ ամեն պատեհ ու անպատեհ առիթներով թերթերը տպում  են իր բանաստեղծությունները, առանց անգամ տեղեկացնելու: 

Մի՞ թե նույնը չէր, երբ անցյալ տարի կայքերից մեկը ոչ միայն առանց հեղինակի համաձայնության հրապարակեց Արփի Ոսկանյանի բանաստեղծություն-հանելուկը, այլեւ երգի մրցույթ հայտարարեց ուրիշի ստեղծագործության համար: Ավելին՝ անգամ բողոքներից, Էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունից հետո էլ առայսօր ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ փոխահատուցել բանաստեղծուհուն:

Գրագողությունը՝ պլագիատը միշտ էլ եղել է, ցավոք: Սակայն այն մասշտաբները, որ ստացել է Ինտերնետի դարում, վեր է բոլոր պատկերացումներից: Ես չեմ ասում, թե անհնար է դրա դեմ պայքարելը, բայց վստահ ասում եմ՝ դժվար է, որովհետեւ այդ ոստայնում խճճված է ամեն ինչ: 

Դրանից, համենայն դեպս մեր՝ հայալեզու տարածքում, ամենից շատ տուժում են տպագիր լրատվամիջոցները, որոնք առանց այդ էլ մի կերպ են դիմանում համացանցային լրատվամիջոցների մրցակցությանը: Իհարկե, տուժում են նաեւ առցանց այն լրատվամիջոցները, որոնք աշխատակազմ ունեն եւ բարեխճություն՝ միայն սեփական նյութերը հրապարակելու: Իսկ ընդհակառակը՝ նրանք, որ ընդամենը երկու աշխատողով ու երկու համակարգչով հանգիստ նստած մի սենյակում գրագողությամբ կայք են լցնում՝ շահում են…

Լավ է, որ լրագրողական հանրությունը հասկացել է  դրա դեմ միասնաբար պայքարելու, խաղի միասնական կանոններ մշակելու անհրաժեշտությունը, եւ մի շարք թերթերի խմբագիրներ հանդես են եկել հայտարարությամբ:  

Իհարկե, նրանց մշակած հայտարարություն-փաստաթուղթը իր ձեւակերպումների առումով դեռեւս մի քիչ հում է (թող ինձ ներեն իմ գործընկեր խմբագիրներ), սակայն այն կարող է հիմք հանդիսանալ առավել լուրջ փաստաթղթի ստորագրման համար: 

Այսուհանդերձ, նախ տեսնենք, թե ինչ է ասում «Հեղինակային իրավունքի եւ հարակից  իրավունքներ մասին» ՀՀ օրենքը.

Հոդված 4. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

1.  Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝

ա) ժողովրդական  բանահյուսության եւ  արվեստի ստեղծագործությունները.
բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը: (Մեջբերումն ըստ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեքստի):

Սա, իհարկե, իրավաբանների լուրջ մեկնաբանության կարիք ունի: Ի՞նչ է նշանակում «օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը». եթե Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը x կողմ եւ y դեմ ձայներով, ապա սա, իրադարձություն է, փաստ է, սակայն, չէ՞ որ դրա մասին տեղեկատվությունը յուրաքանչյուրը յուրովի է շարադրում՝ ուշադրություն դարձնելով այս կամ այն մանրամասնի վրա: Արդյո՞ք այս իրադարձության մասին լրատվամիջոցի հաղորդագրությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ:

Եվ արդյո՞ք այս ձեւակերպումը դրոշակ դարձնելով չէ, որ շատ կայքեր թխում են տեղեկտվությունը: Իսկ գուցե հարցի լուծումը պետք է փնտրել ա՞յլ տեղերում: Սա, կրկնում եմ, իրավաբանական լուրջ մեկնաբանության կարիք է զգում: Եվ ես կցանկանայի, որ մամուլի համար այն մանրամասն պարզաբանվեր:

Սակայն միայն տեղեկատվությունը չէ մտահոգությունը: Ինտերնետային կայքերի մի խումբ կա, որ «գրագողանում» է ինչ եւ ինչքան պատահի. բանաստեղծություններ, խմբագրականներ, հարցազրույցներ եւ այլն: Այս դեպքում էլ հո կարո՞ղ ենք պաշտպանվել վերոհիշյալ օրենքով…

Սակայն օրենսդրականից զատ, լավ կլինի, որ գործեն եւ գործարկվեն ամենից առաջ ինքնակարգավորման մեխանիզմները: Իմ պատկերացմամբ խմբագիրների հայտարարությունը հենց դրան՝ ինքնակազմակերպմանն է միտված: Սակայն այն քիչ հաջողություններ կարձանագրի եթե 

ա) հայտարարությունը ստորագրողները հետեւողական չլինեն եւ չհետեւեն խախտումներին,
բ) չբացառեն իրենց իսկ կայքերում նման (հաճախ ակամա) դրսեւորումները,

եւ ամենակարեւորը՝

գ) այդ կանոնները չընդունեն առցանց այն (ձեռքս չի գնում գրել լրատվամիջոցները) տեղեկություններ տարածողները, որոնք իրենց օրվա հացը վաստակում են գրագողությամբ:

Այս վերջինների դեմ պայքարի համար պետք է, որ խմբագիրները գործեն միասնաբար: 

Ա) Նրանք պետք է ստեղծեն համատեղ խումբ, որը կհետեւի (ինչքան որ հնարավոր է) եւ կբացահայտի գրագողության բոլոր երեւույթները:
Բ) Նման փաստերի հայտնաբերման դեպքում՝ պետք է ձեռնարկեն պայքարի միասնական քայլեր:
Գ) Կարելի է թերթերում եւ այդ թերթերի լրատվական կայքերում «ամոթի սյունակներ» բացել եւ այնտեղ պարբերաբար գրագող կայքերի անունները խարանել ու դրանք բոյկոտելու կոչեր անել:
Դ) Աշխատանք տանել գովազդատուների հետ, որպեսզի վերջիններս գովազդ չտեղադրեն գրագող կայքերում:
Ե) Միասնական դիմում-բողոքներ հղել նման կայքերին դոմեյն կամ հարթակ տրամադրողներին:

Հնարավոր են այլ քայլեր եւս: Բայց կարեւորը, ամեն դեպքում, միասնաբար գործելն է: Իսկ ամենից կարեւորը՝ որ հայտարարությունը ստորագրողներն իրենք հետեւեն իրենց իսկ մշակած կանոններին:

Մեսրոպ Հարությունյան

Հ. Գ. Նման երեւույթների դեմ միասնական պայքարի մի լավ հարթակ արդեն կա. «Հանուն բարեխիղճ լրագրության» ֆեյսբուքյան խումբը: Խմբագիրները կարող են օգտագործել այս խմբի փորձն ու ներուժը: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *