Կարծում եմ՝ ոչ մեկի համար նորություն չէ, որ ամեն տարի «Եվրատեսիլ»-ը զուգորդվում է հիմնականում քաղաքական երանգավորում ունեցող սկանդալներով եւ քննարկումներով, ցանցը ողողվում է «Ով ում որքան միավոր է տվել», «Ի՞նչ արժեն ձայները», «Հայաստանցի կատարողին ձայն տվող արդբեջանցիներին հրավիրել են ԱԱԾ» եւ նմանատիպ այլ նյութերով։
Այս տարի, հիրավի, լրագրողական մեղք կլիներ դրանց չանդրադառնալը, գոնե երկու պատճառով՝
ա. ի հեճուկս Գոռ Սուջյանի հիանալի վոկալ տվյալների եւ «Դորիանս» խմբի լավ կատարման՝ Հայաստանը գրավեց ընդամենը 18-րդ տեղը։
Այս խնդրին հանգամանորեն անդրադարձավ «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն, համատեղությամբ «Դորիանս» խմբի պրոդյուսեր Արա Թադեւոսյանը իր Alcohol is free, կամ Եվրատեսիլ-ի ու Dorians-ի մասին հոդվածում։
բ. սկանդալը տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով՝ Ռուսատանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։
Խնդրին այն է, որ, ըստ պաշտոնական տվյալների, որոնք հրապարակվեցին Մալմոյում, Ադրբեջանը Ռուսաստանին եւ ոչ մի ձայն չէր տվել այն պարագայում, երբ Ռուսաստանը Ադրբեջանին էր շնորհել առավելագույն 12 միավորը։ Եզրափակչի հաջորդ օրը եւեթ ադրբեջանցի պաշտոնյաները հայտնեցին, որ իրականում Ադրբեջանը Ռուսաստանին 10 միավոր է տվել:
Քվեարկությունն, ըստ նրանց, կեղծվել է, եւ միավորները տեղ չեն հասել։ Այս աննախադեպ պատմության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Այնուամենայնիվ, ամենամյա այս հույժ քաղաքականացված քննարկումները իրենց անխուսափելիությամբ հանդերձ՝ մեր՝ մեդիա սպառողներիս ուշադրությունը շեղում են մեկ այլ եւս կարեւոր թեմայից, այն է՝ «Եվրատեսիլի» հեռուստատեսայն հեռարձակումն ու մեկնաբանությունը։
Առնվազն երկու օր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը փրայմ թայմ եթեր է տալիս (ձեռքի հետ էլ գովազդ վաճառում) դպրոցի «ուտրեննիկի» մակարդակով մեկնաբանվող միջոցառում։
Ու մի ամբողջ ազգ առնվազն երկու օր շարունակ ստիպված է լսել զվարթ պիոներական ձայներով երիտասարդների, ովքեր նախապես հաստատված սցենարով, մեկը մյուսին ձայնակցելով, ընթերցում են «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկություններն այն մասին, թե ով է եղել, ասենք, ալբանացի երաժիշտը «հեղափոխությունից առաջ»։
Հին ու բարի դպրոցական ավանդույթի համաձայն՝ մեկնաբանները ժամանակ առ ժամանակ հայրենասիրական կոչեր են հնչեցնում եւ բարձրաձայնում վերջերս շատ արդիական դարձած աղերսներն առ Աստված։
Կյանքում երկու անգամ եմ դիտել «Եվրատեսիլ»-ն ամբողջությամբ. մեկն այս անգամ, մեկն էլ՝ 2005-ին Անգլիայում։
Լոնդոնում ապրում էի ուսանողական հանրակացարանում, որտեղ հեռուստացույց չկար, սակայն ընկերներս վստահեցրին, որ ապրել Անգլիայում եւ ոչ մի անգամ չլսել Թերի Վոգանի «Եվրատեսիլ»-ի մեկնաբանություններն ուղղակի անթույլատրելի է։
Թերի Վոգանը, ով 1980-2008 անընդմեջ մեկնաբանել է «Եվրատեսիլ»-ը BBC հեռուստաալիքով, բրիտանական հեռուսատեսության եւ ռադիոյի աստղ է ու հայտնի է մեկնաբանությունների իր քննադատական, հումորային եւ անգամ սարկաստիկ ոճով։ Միացյալ Թագավորությունում շատերը «Եվրատեսիլ» էին դիտում զուտ ու միայն Վոգանի մեկնաբանությունները լսելու համար։
Նրա կատակներից ծաղկաքաղը կարող եք կարդալ «Գարդիան» թերթի այս հոդվածում, որը վերնագրված է «Մի խնդրեք ինձ «Եվրատեսիլ»-ը լուրջ ընդունել»։ Պարզ է, որ Վոգանի մակարդակի մենկաբան Հայաստանում գտնելը ու իր գոյությամբ միայն ամբողջ մրցույթի տրամաբանությունը ոտքից գլուխ շրջելը պրակտիկորեն անհնար է։
Բայց կարծում եմ՝ ավելի քան հնարավոր է «դպրոցական մոնտաժ» ոճից դուրս գալն ու ավելի բանիմաց, հետաքրքիր, սրամիտ, անկաշկանդ մեկնաբաններ ներգրավելը։
Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» դիտելու իմ այս փորձին, ապա հեռուստացույցի մոտ բավական ժամանակ վատնելուց, «մակարոնիստների» մասին, օրինակ, տափակ կատակներ լսելուց, մերոնց համար «ցավալուց» ու ինչի մասին ասես անիմաստ տեղեկություններ ստանալուց հետո ես հստակ հասկացա, թե ինչու ընտրություն ու հնարավորություն ունենալու պարագայում մարդիկ նման միջոցառումներ (այդ թվում՝ ֆուտբոլ) դիտում են այլ՝ ոչ հայկական հեռուստաալիքներով։
Իզաբելլա Սարգսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: