Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպմանն ընդառաջ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 28-ին Հանրային հեռուստատեսության եթերում, ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, հայտարարեց (02:02), որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այդքան քննարկվող «վաշինգտոնյան» նախագիծը գոյություն չունի։
«Մամուլում ասվում է, կամ էքսպերտային մակարդակում, որ կա երկու նախագիծ՝ վաշինգտոնյան և ռուսական, և վաշինգտոնյանը վատն ա, ռուսականը լավն ա»,- ասաց Մարուքյանը։
Բառախաղերից խուսափելու համար հաղորդավար Պետրոս Ղազարյանը հստակեցրեց հարցը՝ արևմտյան նախագիծ ևս չկա՞։ Սրան ի պատասխանը հատուկ հանձնարարություններով դեսպանը վերահաստատեց՝ «Չկա արևմտյան խաղաղության պայմանագրի նախագիծ։ Կա Ադրբեջանի խաղաղության պայմանագրի նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է այս ընթացքում և աշխատանքներն արդեն ավարտված են, կարելի է ասել»։
Հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում (14:40) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կա Արցախի հարցի կարգավորման երկու՝ ռուսաստանյան ու արևմտյան ընկալում։
«Որ կա ռուսական ընկալում և արևմտյան ընկալում, դա ճիշտ է, իսկ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել 2021 թվականի հունվարին»,- ասաց Փաշինյանն ու ավելի ուշ բացեց (1:24:06) «արևմտյան ընկալման» էությունը.
«Պիտի ասեմ նաև, որ մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ Դրանց էությունը ո՞րն ա։ Ես ուզում եմ, որ ճիշտ ընկալվի։ Էությունը հետևյալն է՝ տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա Ղարաբաղի հարցի վրա շատ չկենտրոնանանք։ Ըստ էության համարենք այս վիճակը ստատուս-քվո և լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։ Անընդունելի չեն։ Ընդունելի է։ Մյուս մոտեցումն էն ա, որ եկեք գնանք լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը»,- հայտարարեց վարչապետը։
ԱՄՆ-ն չի հերքում նախագծի գոյությունը
«Վաշինգտոնյան» նախագծին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Հոկտեմբերի 28-ին կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հարցին՝ գոյություն ունի՞ հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ, թե՞ ոչ, նշել է, թե Միացյալ Նահանգները 1991 թվականից ի վեր միանշանակորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Փրայսը նաև հավելե է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշումն է՝ հարցը Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին կվստահեն՝ այսպիսով ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով նախագծի գոյությունը։
Այսպիսով, թեև հատուկ հանձնարարություններով դեսպանը հերքում է «վաշինգտոնյան» կամ «արևմտյան» նախագծի գոյությունը, այնուամենայնիվ նրա խոսքից կարող է տպավորություն ստեղծվել, թե խնդրի կարգավորման նման տարբերակ, առաջարկ կամ ընկալում առհասարակ գոյություն չունի, մինչդեռ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հաստատում է Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան մոտեցման գոյությունը ու համարում դրանք ընդունելի։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: