2022.10.28,

Քննադատ

«Ռեալ ուժը ազգային բանակն է»․ մամուլը՝ 1917-ին

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1914-1918 թթ.,  ռուսական բանակում ծառայում էր մոտ 250 000 հայ զինվոր   (Վաղարշակ Հովակիմյան, «Դժվարին տարիներ», 1988, Երևան, էջ  20-21):  

250 000-ը չափազանց մեծ թվաց. Տպավորություն էր, թե մեկ 0-ն տպագրական սխալ է, սակայն այլ աղբյուրներ ևս այս թիվն էին նշում՝ հղում անելով Գրիգոր Ղորղանյանի (Կորգանով) «Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում, 1914-1918», աշխատությանը (Փարիզ, 1927):  

1917-ին Կովկասյան ճակատի պաշտպանությունը հայության համար գոյաբանական հարց էր, և առաջացավ ազգային բանակ ձևավորելու  գաղափարը

Կովկասյան ռազմաճակատից ռուսական զորքերն ամեն րոպե կարող էին հեռանալ, և հայ բնակչությունը թուրքերի դեմ-հանդիման մնալու էր բացարձակ անպաշտպան:  

«Ռուսաստանում այս րոպէիս այնպիսի դէպքեր են կատարւում, որոնք ռուս զորքերը դարձրել են ոչ թե զորք, այլ մի զինւած ամբոխ, որը անմիջապէս թեքւում է այն կողմ, որտեղից աւելի շատ և աւելի գրաւիչ խոստումներ են ստանում» («Զանգ», N 5, 1917):  

 

«Ամբոխը հաւատում է բոլշևիզմին, որի սնանկութիւնը այսօր չէ վաղը երևան կըգայ: Այն ժամանակ կը տիրէ կատարեալ անիշխանութիւնը և անբարոյացումը: Ահա այս վայրկյանի համար հարկաւոր է կազմակերպւած մի կուռ բանակ, գիտակից և հայրենասէր: Մեր հայ զինւորութիւնը չի կարող տարւել նոյն ճանապարհով, որով գնում է ռուս զինւորութիւնը: Մեր դիմաց կանգնած է տաճիկ կառաւարութիւնը, որը ակընդէտ սպասում է այն վայրկեանին, երբ կարող կըլինի ոչնչացնել նաև Կովկասի հայութիւնը» («Զանգ»,  23 նոյեմբերի, 1917): 

1917-ի մայիսի վերջին, Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) կայացած ճակատային պատգամավորների համագումարի  մասնակից հայ սպաներն ու զինվորները որոշեցին հիմնել համահայկական զինվորական կազմակերպություն: Նպատակն էր համախմբել այդ շրջանում ռուսական բանակում եղած մոտ 120 հազար հայ զինվորներին և Կովկասյան ռազմաճակատում կազմավորել հայկական բանակային կորպուս: 

Ազգային բանակ ձևավորելու այլ հիմնավորում ևս կար. կովկասյան ճակատում տեղակայված զորքը լուրջ խնդիրներ էր առաջացնում՝ թալան, գինարբուք, բռնաբարություն.  

«Հայրենիքը պաշտպանող և թշնամի բանակներու դէմ ճակատող երեկուայ քաջարի զորքը այսօր դարձած է ամբողջ երկրի պատուհասն ու փորձանքըԶինուած մարդոց այդ հաւաքոյթը ահ ու սարսափի մէջ դրած է թէ թիկունքի, թէ մասնավւորաբար ռազմաճակատի շրջաններում ապրող ազգաբնակութեանը… Թղթախաղ, գինովութիւն, գաղութիւն, թալան, մարդասպանութիւն, ծեծ, բռնաբարութիւն ամենօրեայ և սովորական երևույթներ են» («Աշխատանք», N 60, 1917):  
 
Ազգային գնդեր կազմելու գաղափարի հիմքում նաև այն հիմնավորումն էր, թե Կովկասում գտնվող զորամասերը կարելի է կարգապահ դարձնել հայ և վրացի զինվորականության միջոցով. «Առհասարակ դիտուած է, որ այս վերջինները ինքզինքնին համեմատաբար լաւ կը պահեն» (նույն տեղում):   

1917-ի նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքային Դումայի դահլիճում բացվեց «Հայ զինվորական միության» առաջին համագումարը: 

«Հայ զինւորը ամբողջ դարերու ընթացքին առաջին անգամն է, որ  հանդէս կուգայ իբրև հայ ազգային պաշտօնական զօրաբանակ, և առաջին անգամն է, որ ազատ ու անկախ, իբրև առողջ ու կենսունակ մէկ հատւած ռուս բանակի՝ կունենայ իր համագումարը» («Ռազմիկ», N 2, 1917) :  

«Մեծացնել բանակի ուժը, լայնացնել այն աստիճան, որ նա ընդունակ լինելի պաշտպանելու իր ժողուրդի գոյութիւնն ամեն պատահարներից» («Ռազմիկ», N 2, 1917): 

Մամուլի համար նիստի «խոհանոցային» քննարկումները փակ էին․ «Հայ զինվորական համագումարի կարևոր նիստերը դռնփակ են եղել, ուստի և մենք հնարաւորութիւն չունենք մեր ընթերցողներին այդ նիստերի արձանագրութիւնները տալու» («Զանգ», N6, 1917): 

Համագումարը տևեց հինգ օր: Փակմանընոյեմբերի 25-ին, մամուլում ներկայացվեցին համագումարի եզրակացությունները.  

«Հայ ժողովուրդը, որ դարերով Թուրքիոյ ձեռքին տակ ստրուկ եղած է և յաճախ փորձած է ձեռք բերել ազատ գոյութեան իրավունքը, բայց այդ փորձերը միշտ ճնշուած են Թուրքիոյ կողմէ շնորհիւ անոր, որ աշխարհակալական երկիրները, ինքնակալ Ռուսաստանի հետ միասին, դէմ ըլլալով մնացած ժողովուրդներու ազատութեան, թողեր էին զանոնք բաղդի կամքին, դիտելով միայն, թե ինչպէս այդ ժողովուրդները կը տապակուէին իրենց սեփական արեան մէջ» («Աշխատանք», N 59, 1917): 

«Բոլորը լիայոյս են, որ այս ճգնաժամային վայրկեաններին մեր ռեալ ուժը՝ «ազգային բանակը», կը լինի իսկական ու անզուգական պաշտպան հայ ժողովրդի կենսական շահերի» («Զանգ», N 7, 1917): 

Լիլիթ Ավագյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *