Այս հոդվածը գրում եմ, որ անտառապահ ընկերս իր հետ կատարվածը սրտին շատ մոտ չընդունի:
Եվ այսպես, ինչ-որ մեկը տանը նստած՝ ինչ-որ մեկից իմացել է, որ ինչ-որ մեկը անտառով անցնելիս էլեկտրասղոցի ձայն է լսել: Առաջին ինչ-որ մեկը անմիջապես զանգել է մի ինտերնետ պարբերականի, եւ նա էլ 3 տողանոց (ներառյալ վերնագիրը) լուր է գրել՝ «Անտառահատումներ Լոռու մարզում» վերնագրով:
Լուրի կողքին տեղադրել են Հարավ-ամերիկյան սեկվոյա ծառի մի լուսանկար: Տապալված սեկվոյան մոտ 20 մետր երկարություն ուներ՝ դատելով լուսանկարի պատկերների համաչափությունից: Այդպիսի սեկվոյաներ, այդչափ հազվագյուտ բարձրությամբ, աճում են հիմնականում Տամպիկո ծովածոցի մոտերքում: Տամպիկոն ու~ր, Գուգարաց անտառներն՝ ուր:
Բայց ինչու՞ եմ ուզում, որ ընկերս սա սրտին մոտ չընդունի: Որովհետեւ մի օր մեզանից մեկնումեկը կարող է լրատվական մի էջում իր նկարի կողքին այսպիսի վերնագիր տեսնել:
Կամ էլ՝ «Լողավազաններում հայտնվել են կղանքի մանրէներ» վերնագրի տակ հանկարծ կտեսնենք մեր լուսանկարներից մեկը՝ Google-ից պատահական փնտրտուքով գտած ու հանգիստ խղճով հրապարակած: Տեսեք, թե ինչ էլեգանտ ընտրություն է արված՝ կղանքի մանրէները լավագույն կերպով պատկերելու համար:
Դեռ լավ է, որ մարդկային արտաթորանքի համար օգտագործել են կենսաբանական եզրույթ: Որովհետեւ եթե արտասահմանների մաքրամաքուր լողավազանների ջրում միայն կղանք կարող է լինել, մեզ մոտ ջրի երեսին դրա առօրյա-կենցաղային տեսակն է լողում՝ ոչ ավել, ոչ պակաս:
Ամեն օր մենք տասնյակ լուրեր ենք կարդում չափազանց հետաքրիր վերնագրերով եւ ուսանելի թեմաներով. դանակի 60 հարվածով սպանել է զոքանչին, ամուսինը կտրել է սիրեկանի առնանդամն ու կերել, աղջիկը 8 տարի շարունակ ռետինով ջնջել է մարմնի վրայի խալը եւ այլն:
Ենթադրվում է, որ դրանց տակ տեղադրված դանակի, առնադամի կամ էլ կիսաջնջված խալի լուսանկարները պետք է ուղղակի կապ ունենան լուրի հետ: Ունե՞ն: Իրականության մեջ կպարզվի, որ լուրը վերցված է մի կայքից, իսկ լուսանկարը՝ ինտերնետի օվկիանոսից:
Ավելին՝ եթե պարբերականի գլխագրին գրված է «լուրեր ամբողջ Հայաստանից», իսկ ներքեւում էլ կարդում ես, որ «Տոռնադոն 80 տարեկան պապիկին թռցրել է Բանգլադեշ», ապա պետք է եզրակացնես, որ Գեղամա ծովակի ալիքների շնորհիվ պապը վայրէջք է կատարել Հարավ-արեւմտյան թաղամասում:
Բայց երբ գնում ես աշխարհացունց տեղեկության հղումով, պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ Հռոմի Պիոս Երկրորդ պապի օրոք հոլանդացի մի ականատեսի պատմածով: Այսքանից հետո կարեւոր չէ, թե լուրը հրապարակողի ո՛ր հարազատն է տուժում քո մտքում, կարեւորն այն է, որ «մտել ես» ու վերջ:
Իսկ երեւակայության ինչպիսի թռիչքներ է կատարում մեր օրերի քրեական քրոնիկոնի լուսաբանումը: Աչքերիդ առաջը սեւանում է: Եկեք նայենք, թե վերջերս լույս ընկած եւ շատ արագ թակարդն ընկած Կարբի գյուղի ուրվականի մասին լուրերն ի~նչ նկարներով են ուղեկցվել:
Խեղճուկրակ տեսքով, ոտքերը հազիվ քարշ տվող, հոգեկան խնդիրներով «հրեշը» եթե իմանար, թե ինչպես են իրեն «մեծարում» ինտերնետում, ահագին կմեծամտանար եւ դժվար էլ բռնվեր՝ որոշ լրատվամիջոցների հուսախաբ չանելու համար:
Եթե ոմն Վարդանյան ավելի ուշ բռնվեր, մեր էլէկտրոնային լրատվամիջոցները հրեշների եւ զոմբիների նկարների անփոխարինելի հավաքածու կունենային: Եվ այս ամենը՝ մահկանացուի մասին:
Իսկ ինչ անի ինքը՝ Արարիչը, ում «կասկածելի» գոյությունը հերթական անգամ ապացուցել ու վերատպել են հայաստանյան ինտերնետ պարբերականները, այն էլ ուղեկցվող տեսանյութով:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ուրախությամբ նշենք, որ ինտերնետային պատկերապատումների աշխարհում առաջին քայլերն անող մեր լրատվամիջոցները առաջընթաց են ապրում: Օրինակ՝ «Վահանը երկու անգամ փորձել է բռնաբարել մորը» տեղեկությունն ուղեկցվում է Վահանի մեծադիր լուսանկարով:
Այ ապրե՛ք դուք: Վահանի նկարը դրել եք, հասկացանք: Բա ու՞ր է մոր լուսանկարը, նրանց շենքի լուսանկարը, մուտքի դուռը, Վահանի հեռախոսահամարը, գոնե վերջին 6 թվերը: Ինչպե՞ս կարելի է նման բացթողում անել: Մանավանդ՝ եթե հաջորդ ամենակարդացվող լուրն այսպիսի վերնագիր ունի. «Առավոտյան սեքսի դրական ու բացասական կողմերը»:
Իհարկե, այսպիսի կոնկրետության համար պետք է մի քիչ ավելի չարչարվել, բայց մենք՝ ձեր անդավաճան ընթերցողներս, մի առաջարկ ունենք: Ավելի լավ է՝ դուք լուրերն ու վերնագրերը գրեք, իսկ լուսանկարի փոխարեն պարզապես դրեք այս պատկերը:
Մենք ինքներս կմտնենք Google, լուրին ու վերնագրին համապատասխան նկար կընտրենք, ու դրա «լույսի ներքո» կվայելենք ձեր հրապարակումը: Ինչու՞ չարչարվել: Ինչու՞ փնտրել եւ միլիոնավոր նկարներից ընտրություն կատարել: Ավելի լավ է՝ մե՛նք մի քիչ ժամանակ ծախսենք ու մեզ սրտամոտ նկար ճարենք, քան գլուխ կոտրենք ձեր առաջարկած տարբերակի վրա:
Կարելի է ուղղակի ամենավերեւում գրել՝ «բոլոր նյութերի նկարները գտնվում են Google.com-ում»: Թե չէ՝ ինչ է ստացվում. մեկին սեկվոյան է դուր գալիս, մյուսին՝ էբենոսը, երրորդն ուզում է բռնաբարության զոհին տեսնել, մյուսը՝ բռնաբարության գործիքը եւ այսպես շարունակ:
Թողեք՝ մենք որոշենք: Այդ ժամանակ բոլորս էլ երջանիկ կլինենք: Չնայած` դա էլ հաստատ չէ, որովհետեւ երջանկությունն ուղղակիորեն կապված է սեքսից: Չե՞ք հավատում՝ մտեք:
Արմեն Սարգսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: