2022.10.13,

Նյուսրում

Հայկական լրատվամիջոցները Տիկտոկում

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Տարիներ առաջ, երբ Տիկտոկը դեռ վայելում էր վիրուսային սոցիալական հարթակի համբավ ու նոր-նոր ձևավորում իր բովանդակային լանդշաֆտը, հայ հանրությունը դրան այդքան էլ լուրջ չէր վերաբերվում: Այսօր արդեն, երբ հավելվածում ունենք հարյուր հազարավոր հայ օգտատեր, այնտեղ կարիերա կառուցած ինֆլյուենսերներ ու ցանցի նկատմամբ քիչ թե շատ կայացած վերաբերմունք, դաշտ են մտել նաև տեղական լրատվամիջոցները: 

Նորություն չէ, որ տեղեկատվություն տրամադրող մեդիան անընդհատ հետևում է օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին ու օգտագործում ցանկացած հնարավոր խողովակ` լրատվություն հաղորդելու համար: Նրանց հիմնական նպատակն անընդհատ նոր ընթերցողներ (այս դեպքում` դիտողներ) ու հետևորդներ ձեռք բերելն է: 

Տիկտոկից ակտիվորեն օգտվում է հայկական 15 լրատվամիջոց. դրանք հիմնականում առցանց մուլտիմեդիա կայքեր ու թերթեր են և հեռուստաալիքներ (Ազատություն ռ/կ, Factor TV, Oragir News, Իրազեկ քաղաքացիների միավորում, Հանրային լրագրության ակումբ, Հինգերորդ ալիք, Հանրային հեռուստաընկերություն, Tert.am, Xirat Media, 168.am, Style News.am, Yerevan Today, Հայելի ակումբ, Para TV, Ararat News): 

Օգտվելով Տիկտոկի մասին համակարգված տվյալներ տրամադրող exolyt.com ծառայությունից` պարզել ենք, թե տեղական լրատվականներից որոնք ունեն ամենաշատ հետևորդները, հավանումները (լայքերը), տեսանյութերը, դիտումներն ու ակտիվությունը (engagement): 

Տվյալները՝ 11.10.2022-ի։ 

 

Հասկանալու համար Տիկտոկում մեդիայի ներկայացուցիչների հաջողությունները, մարտահրավերները, ընդհանուր տպավորություններն ու փորձը, զրուցել ենք Ազատություն ռ/կ-ի, Հինգերորդ Ալիքի, Xirat Media-ի, Factor TV-ի և Իրազեկ քաղաքացիների միավորման հետ: 

Ինչու՞ Տիկտոկ 

Լրատվամիջոցները երկար ժամանակ են Տիկտոկն աչքի տակ ունեցել։ Օգտատերերի թվի աճով պայմանավորված՝ որոշել են սեփական բովանդակությունն այնտեղ ևս տեղադրել։ Xirat Media-ի Yezidi blog տիկտոկյան օգտահաշիվը ստեղծելիս հաշվի են առել նաև օգտատերերի տարիքային կազմը, որն այդքան էլ քաղաքականացված չէ, ի տարբերություն, օրինակ, Ֆեյսբուքի։  

Իրազեկ քաղաքացիների միավորումը և Factor TV-ի Տիկտոկում գրանցվելու հիմնական նպատակը հենց այդ ցանցում տարածված ապատեղեկատվությանը ճշգրիտ լուրերով հակազդելն ու լսարանին հավաստի, բազմակողմանի ռեպորտաժներ և նյութեր տրամադրելն էր։ 

Իրազեկ քաղաքացիների միավորումն այս հարթակում իր գործունեությունը սկսել է 2021-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի տարածի ընտրական ընթացքի, հնարավոր կաշառքների, խախտումների, աշխատանքային իրավունքների մասին տեսանյութեր: «Այդ ժամանակ փորձարկումների փուլում էինք, բայց շատ դրական արձագանքներ ստացանք», – ասում է լրատվականի թվային մարքեթինգի մասնագետ Մանե Մարտիրյանը։  

Ադապտացիա 

Մեզ հետ զրուցած լրատվականների մեծ մասը փաստում է, որ չնայած Տիկտոկից արդեն օգտվում են մի քանի ամիս կամ տարի, միևնույնն է, դեռ գտնվում են ադապտացիոն փուլում։  

Ազատություն ռադիոկայանից երկար ժամանակ պահանջվեց համոզվելու համար, որ Տիկտոկը կարևոր մեդիա պլատֆորմ է ոչ միայն ժամանցի ու զվարճանքի, այլև քաղաքական լրատվության համար։  

«Այս պահին Տիկտոկի նախնական ուսումնասիրության փուլում ենք և չեմ կարծում, որ մեծ հաջողություններ ունենք այնտեղ։ Այնուամենայնիվ, ունենք հարթակում ավելի լավ ու ավելի շատ աշխատելու գաղափարներ», –  ասում է Ազատության գործադիր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը։ 

Չնայած Factor TV-ում Տիկտոկին հարմարվելու սկզբնական խոչընդոտներ չեն եղել, բայց հայտնում են, որ հաշվի առնելով հարթակի մշտապես թարմացվող կանոններն ու գործիքները, նախկինում դրանք ավելի պարզ էին․ պետք էր պարզապես վերբեռնել կարճ տեսանյութեր։ 

Բովանդակություն 

Տիկտոկում հայկական լրատվամիջոցների մեծ մասը օգտագործում է իր հեռուստատեսային կամ կայքի համար նկարած տեսանյութերը, այսինքն նոր բովանդակություն չեն ստեղծում հատուկ այդ հարթակի համար։ Այդ պատճառով էլ այստեղ լրատվական նյութեր դիտելիս, մեծամասամբ, նկատում ենք կամ կտրատած ու կադրեր կորցրած տեսաշարեր կամ փոքր, հորիզոնական վիդեոներ` վերևից ու ներքևից մեծ, սև լուսանցքներով։ 

Հինգերորդ ալիքում Տիկտոկի համար առանձին մասնագետ չունեն, սակայն ունեցած տեսանյութերի ադապտացիան առանձնապես շատ ժամանակ չի խլում։ Այդպես է աշխատում նաև Ազատությունը։  

Իրազեկ քաղաքացիների միավորումն ու Xirat Media-ն մեր զրուցակիցներից միակն էին, որոնք տեսանյութեր էին նկարահանել հատուկ Տիկտոկի համար, սակայն երկուսն էլ նշում են, որ դրանք սպասվածից քիչ են դիտել, ի տարբերություն զուտ այլ հարթակների համար նկարած ու ադապտացրած վիդեոների: 

Լրատվականները Տիկտոկում չեն տեղադրում իրենց լրահոսի բոլոր նյութերը, ընտրում են թեման, կանխատեսում՝ արդյոք այդ վիդեոները մարդիկ կդիտեն, թե ոչ, նոր անցնում դրանց հստակ ու պարզ ասելիք ունեցող հատվածների կտրատմանը։ 

Ամենադիտված տեսանյութերը հիմնականում ունեն ավելի պարզ, հուզական, սուր ու արդիական բովանդակություն։ Մարդիկ չեն սիրում երկար բաներ դիտել այնտեղ, նախընտրում են նաև սուր ասելիքներ ու շոու։  

Եզդիական համայնքը լուսաբանող Xirat Media-ի Yezidi blog-ում շատ են նայում մշակույթ ու կենցաղ ցույց տվող տեսանյութերը։ «Մարդիկ ուրիշ բաներ են լսում եզդիների մասին, բայց իրականում դրանք այդքան էլ ճիշտ չեն, և շատերին հետաքրքիր է ծանոթանալ նրանց առանձնահատկություններին», – ասում է լրատվամիջոցի հանրային կապերի պատասխանատու Սոսե Զաքարյանը։ 

Factor TV-ում նկատել են ինֆորմատիվ ու ուսուցողական բովանդակության, ոգեշնչող տեսանյութերի հանդեպ հետաքրքրության աճ: Դիտումներ են ապահովում «բացառիկ նյութեր» պատերազմական գործողություններից՝ վիրավոր ու գերեվարված զինծառայողներից կադրեր, ցույցերի ու ակցիաների ժամանակ ոստիկանական գործողություններ, քաղաքական գործիչների և ինֆլուենսերների հակասական, կամ, այսպես ասած, սկանդալային հայտարարություններ:  

Իրազեկ քաղաքացիների միավորումի տիկտոկում տարածվում են իրենց դրոններով նկարահանած տեսանյութերը, որտեղ նշում են, օրինակ, ցույցերի մասնակիցների քանակը կամ պատմում, թե ինչպես կարելի է չափել հանրային տարածքում հավաքված մարդկանց քանակը։ 

Ազատությունից հայտնում են, որ իրենց առաջ խնդիր են դրել մարդկանց հասկանալի կերպով մատուցել ոչ այնքան պարզ ու ոչ պարզունակ բովանդակությունը։  

Առանձնահատկություններ 

Տիկտոկը բավական քմահաճ սոցիալական ցանց է, որին հասկանալը ոչ միայն ժամանակ ու փորձ է պահանջում, այլև արագ կողմնորոշվելու կարողություն ու ճարպկություն։  

Հարթակի առաջին առաձնահատկությունն իր ալգորիթմներն են։ 

«Ալգորիթմները հարմար են այն առումով, որ թույլ են տալիս կարճ ժամանակում ձեռք բերել մեծ լսարան։ Բայց, այն ինչ կարող է լայն տարածում գտնել Տիկտոկում, կարող է չաշխատել այլ սոցիալական ցանցերում, իսկ թե ինչն այստեղ կարող է ապահովել բարձր դիտելիություն, լրատվականների փորձով՝ դժվար է ասել», – ասում է Հինգերորդ ալիքի մարքեթինգային բաժնի ղեկավար Իրինա Թավադյանը։  

Անակնկալ հաջողություններով ու կանխատեսումներով բարդանում է լրատվականների աշխատանքը: Factor TV-ում կարծում են, որ երբեք չես իմանա, թե որ տեսանյութը շատ կտարածվի, կամ Տիկտոկի ժարգոնով ասած՝ rec կընկնի։ Պետք է միայն անընդհատ փորձարկումներ անել ու հասկանալ՝ ինչն է աշխատում։  

Իրազեկ քաղաքացիների միավորման Մանե Մարտիրյանի համար Տիկտոկի առաջին առանձնահատկությունն իր հեռախոսային հավելված լինելն է, որտեղ տեսանյութերը կարճ են և ուղղահայաց ձևաչափով։ Դրա հետ մեկտեղ ի սկզբանե այլ հարթակների համար նախատեսված նյութերի հարմարեցումը Տիկտոկին բավական երկարատև աշխատանք է․ այդ նույն ժամանակահատվածում հնարավոր կլիներ նոր տեսանյութ պատրաստել:  

«Ի տարբերություն Ինստագրամի, Տիկտոկում քաղաքական թեմայով նյութերն ավելի բնական և օրգանական են նայվում: Այստեղ մարդիկ պատրաստ են դիտել ու քննարկել լրատվական բովանդակությունը», – ասում է Մարտիրյանը:  

Մարտահրավերներ 

Նոր հարթակի առանձնահատկություններն ու անակնկալները լրատվամիջոցների համար բերել են նաև մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար ևս պահանջվում են սխալվելու, համոզվելու ու տարբեր խութեր շրջանցելու փորձեր։  

Առաջին մարտահրավերը Տիկտոկի լեզուն հասկանալն է։  

Factor TV-ն մի քանի ամիս առաջ ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել խաղամոլության դեմ պայքարի մասին, սակայն սոցցանցը նախազգուշացում էր ուղարկել՝ հիմնվելով միայն վիզուալ բաղադրիչի, այլ ոչ թե բուն բովանդակության վրա։  

«Մենք իհարկե պատասխան նամակով արձագանքեցինք նախազգուշացմանը և ներկայացրինք ռեպորտաժի համատեքստը, բայց հետագայի համար արձանագրեցինք՝ տեքստի, կադրի նկատմամբ առանձնահատուկ ուշադիր է պետք լինել։ Այդ պատճառով է, որ վերջերս ավելի ընտրողաբար ենք մոտենում այս հարթակում տեղադրվող նյութերին՝ հաշվի առնելով, որ սոցցանցի մեծամասամբ ժամանցային «կարգուկանոնը» կարող է չընդունել մեզ համար այժմեական, կարևոր թեմաներ շոշափող բազմաթիվ ռեպորտաժներ», – ասում է Factor TV-ի սոցիալական մեդիա մարքեթինգի պատասխանատու Անահիտ Հակոբյանը։  

Նմանատիպ խնդրի է բախվել նաև Հինգերորդ ալիքը, որը մի քանի անգամ զգուշացումներ ստանալով Տիկտոկից, կորցրել է իր առաջին օգտահաշիվը։ Սա ցանցում իրենց երկրորդ էջն է, որը բացել են մոտ մեկ ամիս առաջ։  

«Տիկտոկն ունի հստակ քաղաքականություն, որն իրենից ենթադրում է՝ ոչ մի տեսակի բռնություն պարունակող կադրեր չեն կարող լինել, իսկ թե ինչն է իր համար բռնություն, շատ դժվար է հասկանալ», – ասում է Իրինա Թավադյանը։ 

Հինգերորդ ալիքի Տիկտոկի վերջնական արգելափակումից առաջ եղել են ժամանակավոր արգելափակումներ, որոնց պատճառները մի քանի տեսանյութեր էին։ Դրանցից մեկում գյուղացիներին գոճիներ էին բաժանում։ Տիկտոկն այն որակել էր որպես դաժանություն կենդանիների հանդեպ (animal cruelty): Հաջորդ մեկշաբաթյա արգելափակման առիթ էր դարձել եղանակի տեսության մասին տեսանյութը, երբ ամառվա տապը ցույց տալու համար նկարահանումներ էին իրականացրել դրսում, իսկ ֆոնին երևում էր շատրվանի մեջ լողացող կիսամերկ երեխա: Ցանցն այն որակել էր որպես մանկապղծություն։ 

Իրազեկ քաղաքացիների միավորումը Տիկտոկի արգելափակումներին ու սահմանափակումներին ամենաշատը բախվել է ռուս-ուկրաինական պատերազմին անդրադարձող տեսանյութեր տեղադրելիս։

Այլ լրատվամիջոցներ 

Կան լատվամիջոցներ, որոնք Տիկտոկն ավելի շուտ են օգտագործել, բայց այլևս չեն զբավում դրանով ու չեն թարմացնում, դրանք են Առաջինի լրատվական ալիքը, Ինֆոքոմը և Kiss FM-ը։ Ցանցում օգտահաշիվ է ունեցել նաև այսօր արդեն իր գործունեությունը դադարեցրած ԱրմՆյուզ հեռուստաալիքը։ Տիկտոկում ոչ մեծ ակտիվությամբ թարմացումներ է ապահովում նաև Հետք մեդիա գործարանը։  
 
Թեև Տիկտոկն այս պահին ոչ մի հայկական լրատվականի ամենաառաջնային մեդիա հարթակը չէ, այնուամենայնիվ, նրանց գրանցած արդյունքներն ու տված մեկնաբանությունները փաստում են, որ այն շուտով կարող է դառնալ լրատվության հաղորդման հիմնական օղակ։ Խմբագրությունները հակված են ապագայում ավելի լրջորեն զբաղվելու Տիկտոկով՝ ներդնելով ժամանակ ու տարբեր միջոցներ։  

 

Քրիստիան Գինոսյան

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ «Ապատեղեկատվության և կեղծ պատմույթների տարածումը Տիկ-Տոկ հարթակում» հետազոտության համար՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *