2022.09.26,

Քննադատ

Ի՞նչ անել, որ տեղեկատվական դաշտը քիչ պղտորվի

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ռազմական կամ այլ արտակարգ իրավիճակներում տեղեկատվական հոսքերը կարող են ծանր վնաս պատճառել։ Ու, բնականաբար, հենց նման պահերին է քննարկվում, թե ինչպես վարվել ինֆորմացիոն դաշտում ու նվազեցնել վտանգը։ Եթե կարճ՝ ի՞նչ անել նման դեպքերում։  

Նման իրավիճակներում երկրի ներսում հիմնականում գոյություն ունեն  պայմանական չորս տիպի դերակատարներ  

  • Հասարակ մարդիկ 
  • Պետական կառույցներ ու անձեր 
  • Ինֆլյուենսերներ, հանրային ազդեցիկ մարդիկ և կազմակերպություններ՝ սկսած «բյութի բլոգերներից», ավարտած քաղաքական շարժումներով 
  • «Լրատվական աղբյուրներ», որոնց մեջ մտնում են ինչպես ավանդական լրատվության միջոցներ, այնպես էլ լրագրողներ, փորձագետներ, Տելեգրամ ալիքներ, թեմատիկ բլոգերներ։  

Եվ այս պայմանական խմբերից յուրաքանչյուրը պետք է գործի իր կանոններով՝ վնաս չտալու ճիշտ կողմնորոշվելու համար տեղեկատվական հոսքերում։  

Պետական կառույցների գործն ամենաբարդն է՝ շատ բազմակողմանի, բոլոր մակարդակների վրա հստակ կառավարում պահանջող։ Այս ոլորտին այժմ չենք անդրադառնա, քանի որ այն շատ ծավալուն է։ Միայն նշենք, որ մեր պետությունը ահավոր շատ անելիքներ ունի, եթե մեղմ ներկայացնենք իրավիճակը։  

Լրատվական աղբյուրների հարցում մենք կարող ենք երկար խոսել լրագրողական կամ փորձագիտական էթիկայից, փաստերը մանրակրկիտ ստուգելու պահանջից և այլն։ Տեսականորեն դա բոլորը գիտեն։ Իրականում այս ամենը շատ դեպքերում չի աշխատում։ Մի մասը անբարեխիղճ լրատվամիջոցներ են, մի մասը հովանավորության տակ գտնվող փորձագետներ կամ բլոգերներ, մի մասն էլ՝ անհայտ տելեգրամյան ալիքներ, որոնց հետևում կարող է լինել դպրոցական դմբո կամ այլ երկրի գործակալ։  

Ինչպե՞ս լուծել անվստահելի լրատվական աղբյուրների հարցը, բացի անընդհատ մեղադրանքներ արտադրելուց։  

Հարցի լուծման մի մասը պետության ձեռքում է, տեղեկատվական հոսքերի կարգավորման, աղբյուրների հետ անընդհատ ու գրագետ աշխատանքի։ Ինչը տվյալ պահին չափազանց թերի է։ Սակայն հարցի լուծման մեծ մասը հասարակ մարդկանց ձեռքում է։ Եթե հանրությունը օգտվի միայն որակյալ աղբյուրներից ու բոյկոտի անբարեխիղճներին, դրանցից շատերը ինքնուրույն կչորանան, կթուլանան, կվերջանան։  

Հասարակ մարդկանց վարքի հիմնական կանոնները շատ չեն։ Դրանց հետևելն է բարդ չէ, այդ մասին կարող եք կարդալ այստեղ։  

Ցանկացողները կարող են ավելի խորացնել իրենց գիտելիքները փաստերի ստուգման դաշտում ու ինքնուրույն փորձել անել դա։ Օրինակ, օգտվելով տվյալ ուղեցույցից։  

Իսկ վերջերս ավելի լուրջ խնդիր սկսեցին դառնալ ինֆլյուենսերները, մարդիկ, որոնք ունեն տեղեկատվական դաշտում մեծ ազդեցություն։ Լինեն քաղաքական գործիչներ, որոնց մարդիկ հետևում են, թե մեծ լսարան ունեցող տարբեր ոլորտներից հայտնի մարդիկ՝ դերասաններից մինչև դիետայի մասնագետներ։  

Հասկանալի պատճառով մարդիկ ուզում են օգնած լինել։ Եվ սկսում են տարածել տարբեր տեղեկատվություն, որը չկա լրատվականներում։ Ուզում են այսպես ասած՝ լրացնել այդ բացը։ Կամ բացել փակ տեղեկատվությունը։ ի պահ ենթադրենք, որ բոլորը մաքուր շարժառիթներից ելնելով են դա անում և չեն հետապնդում ինչ-որ այլ շահեր։ Հիմնականում այդպես էլ լինում է՝ փոքր բացառություններով):  

Բայց շատերը դա անում են բացարձակ չստուգելով աղբյուրները։ Հետո էլ սկսվում է շղթայական ռեակցիա ինֆլյուենսերը տեղադրում է իր էջում մեկի գրածը, դա տարածվում է, այլ մարդիկ, որոնք ուզում են մեծ լսարանի հասնել, ուղարկում են իրենց «բացահայտումները» ինֆլյուենսերին, և նա դրանք էլ է տեղադրում իր էջում։ Հետո ավելի ու ավելի շատ է տեղադրում։  

Ու ինչ-որ պահից այս ընթացքը դառնում է անկառավարելի։ Դաշտ են նետվում ակնհայտ կեղծիքներ։ Ու ամեն ինչ կտրուկ վատթարանում է ու կանգնեցնելը դառնում է առավել բարդ։  

Իհարկե, հասարակ մարդն էլ պետք է գիտակցի, որ նման պահերի ինքն էլ կարող է արագորեն դառնալ ինֆլյուենսեր։ Սոցցանցի օգտատերը, որն ունի հարյուր ընկեր, կարող է մի բան իր մոտ տեղադրել, ու մեկ ժամ հետո տեսնել, որ ունի հարյուր հազար դիտում։  

Այսպես որ այս կանոնը վերաբերում է բոլորին, ներկա  ապագա ինֆլյուենսերներին եթե հարյուր տոկոսով մի բանը ստուգված չէ, այն չպետք է տարածվի քո էջով։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *