Օլգա Կրավցովան ռուսաստանցի հոգեբան է, հոգեբանական գիտությունների թեկնածու, «Սթրեսի հոգեբանությունը լրագրողների համար» նախագծի հեղինակն ու դասընթացավարն է, «Լրագրության զարգացման կենտրոնի» հիմնադիրը և տնօրենը։
Օլգա Կրավցովայի հետ զրուցել ենք կոնֆլիկտների գոտում և արտակարգ իրավիճակներում լրագրողի հոգեբանական անվտանգության մասին։
Նա 1996 թվականից աշխատել է տարբեր ոչ առևտրային կազմակերպություններում և նախագծերում, որոնք միտված են մեդիայի ուսումնասիրությանն ու զարգացմանը և լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։ 2008-2012 թթ․ աշխատել է «Էքստրեմալ լրագրության կենտրոնում»՝ սկզբում որպես նախագծի համակարգող, ապա՝ տնօրեն։
2007 թ․-ից Օլգան միջազգային «Dart» կենտրոնի (կազմակերպության գործունեությունը նվիրված է ԶԼՄ-ում ողբերգությունների լուսաբանման որակի բարելավմանը և լրագրողների շրջանում տրավմատիկ սթրեսի կանխարգելմանը) լրագրության և տրավմաների գծով Ռուսաստանի համակարգողն ու կոնտակտային անձն է։
Կոնֆլիկտային գոտիներում աշխատող լրագրողների համար հոգեբանական անվտանգության տեսակետից հիմնական ի՞նչ խնդիրներ կան։
Հիմնական խնդիրը, որն իր հետ այլ դժվարություններ է բերում, այն է, որ լրագրողները (և նրանց խմբագիրները) հաճախ իրենց հաշիվ չեն տալիս, թե որքան սթրեսոգեն է լրագրողի մասնագիտությունը։ Ավելի կոնկրետ, նրանք միշտ չէ, որ հասկանում են, թե ինչ կարելի է անել դրա հետ և համարում են, որ ուղղակի աշխատանքի մի մասն է․ չես դիմանում՝ հեռացիր։ Սա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։
Ոչ միայն հակամարտության գոտիներում, այլ նաև սովորական կյանքում բազմաթիվ պատահարներ ու ողբերգական իրավիճակներ են տեղի ունենում։ Մանագիտությունը լրագրողներին «նետում է» «ամենաթեժ» կետերը․ չէ՞ որ երբ ինչ-որ բան է տեղի ունենում, մասնագիտական պարտքը լրագրողին թելադրում է վտանգից ոչ թե հեռու վազել, այլ՝ ընդառաջ։ Այսինքն, ցանկացած լրագրող վաղ թե ուշ կանգնելու է որևէ ողբերգության վայր մեկնելու անհրաժեշտության առաջ, անհրաժեշտ կլինի հարցազրույց վերցնել տուժածներից կամ նրանց հարազատներից, և դա պետք է արվի զգույշ ու գրագետ, որպեսզի լրացուցիչ տրավմա չպատճառվի տուժած մարդկանց։ Ընդ որում, շատ հաճախ մեդիա մասնագետները հոգեբանական անվտանգության առումով որևէ հատուկ վերապատրաստում չեն անցնում՝ հենվելով սեփական ինտուիցիայի և փորձի վրա, և դա միշտ չէ, որ բավարար է։
Այնպես որ, այստեղ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ, չունենալով հատուկ պատրաստվածություն, լրագրողները էքստրեմալ իրավիճակներում աշխատելիս հաճախ խախտում են մասնագիտական էթիկան:
Եվ նման առաջադրանքից հետո էլ ոչ ոք լրագրողներին առանձնապես չի սովորեցնում դուրս գալ սթրեսից, հասկանալ, որ էմոցիոնալ ծանր իրավիճակն ունենալու է իր էմոցիոնալ հետևանքները։ Հատկապես ավագ սերնդի լրագրողներից հաճախ ենք լսում, որ ստիպված են լինում դիմել այնպիսի «հանգստացնող միջոցների», ինչպիսիք են ծխախոտն ու ալկոհոլը։ Կարծում եմ՝ երիտասարդ լրագրողների մոտ դա ավելի քիչ է, նրանք արդեն ավելի գիտակցաբար են վերաբերում իրենց ապրած սթրեսին և մտածում են, թե ինչպես հաղթահարել այն․ ինձ դուր է գալիս այդ միտումը:
Աշխատանքային կուտակվող սթրեսը, որը մարդը չի հասցնում հաղթահարել, կարող է հանգեցնել հուզական սպառման: Սա շատ տհաճ վիճակ է, որը ԱՀԿ-ն ճանաչել է որպես առողջական լուրջ խանգարում: Մարդը ստիպված է որոշ ժամանակով, իսկ երբեմն էլ՝ ընդմիշտ, հեռանալ մասնագիտությունից և զբաղվել սեփական առողջությամբ։ Իհարկե, ավելի լավ է սրան չհասցնել, և այդ ռիսկերի մասին պետք է իմանան և՛ լրագրողները, և՛ նրանց ղեկավարությունը։
Կոնֆլիկտներ լուսաբանելուց առաջ պետք է արդյոք հոգեբանական պատրաստվածություն և ինչպե՞ս այն կարող է օգնել գործնականում։
Իմ կարծիքով ամպայման անհրաժեշտ է, և այն պետք է իրականացվի երկու հիմնական ուղղություններով․
Առաջին հերթին, հիմնարար գիտելիքներն այն մասին, թե ինչ է կատարվում մարդու հետ սթրեսի և տրավմայի ժամանակ, օգնում են լրագրողներին ավելի ուշադիր և որակյալ շփվել աղետներից և հակամարտություններից տուժածների հետ՝ առանց նրանց լրացուցիչ վնաս հասցնելու և երբեմն նույնիսկ օգնելով հաղթահարել իրավիճակը:
Երկրորդ` լրագրողների համար օգտակար է իմանալ, թե ինչպես կառավարել սեփական սթրեսն ավելի արդյունավետ՝ առանց լռելու ու հերքելու այն: Ինչպես ճանաչել սթրեսային ռեակցիաները գործընկերոջ մոտ և ժամանակին խոսել, աջակցել: Որոնք են մասնագիտական այրման նշանները և ինչպես ճանաչել դրանք, քանի դեռ այրումը հնարավոր է կանխել: Ինչ կանխարգելիչ միջոցներ կարելի է ձեռնարկել ոչ միայն անձնական նախաձեռնությամբ, այլև թիմի, կազմակերպության մակարդակով։
Գործնականում դա հանգեցնում է լրագրության որակի բարձրացմանն ընդհանրապես։ Լրագրությունը սթրեսային մասնագիտություն է, լրագրողները շատ դիմացկուն և կենսակայուն մարդիկ են, բայց պետք չէ չարաշահել սեփական ռեսուրսը։ Եթե ինքդ քեզ այրման հասցնես կամ ցինիզմի «քողի տակ թաքնվես», դա ոչ թե կբարելավի աշխատանքիդ որակը, այլ կկործանի այն: Լրագրողի անհատականությունը, հույզերը նրա աշխատանքային շատ նուրբ լարման գործիքն է։ Եվ, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ գործիքի, դրան պետք է զգույշ և պատշաճ խնամքով վերաբերվել ու չանտեսել։
Հոգեբանական անվտանգության առումով ի՞նչ պետք է հիշի լրագրողը կոնֆլիկտներ լուսաբանելիս, կա՞ն արդյոք պարտադիր, կարևոր կետեր կամ գործնական խորհուրդներ։
Այո, այդպիսի խորհուրդները բավականին շատ են, դրա մասին առանձին հոդվածներ են գրվել։ Տուժածների հետ աշխատելիս կարևոր է, որքան էլ պարզունակ թվա, կարողանալ ուշադիր լսել, չվախենալ արցունքներից ու դադարներից, չփորձել դրանք լցնել տեղի ունեցածի մասին ինչ-որ «իմաստուն» և «մխիթարական» բացատրություններով։
Լավագույն բանը, որ կարող եք առաջարկել՝ լինել ուշադիր և հոգատար զրուցակից, ով կիսում է տուժածի վիշտը և հոգեբանորեն դիմանում դրան: Միաժամանակ, պետք է հստակ սահմանեք, որ դուք այստեղ եք որպես լրագրող, ոչ թե որպես ընկեր կամ հոգեբան, և անում եք ձեր լրագրողական աշխատանքը։ Հիշե՛ք, որ շոկի և վշտի վիճակում գտնվող մարդը կարող է նախ համաձայնել խոսել ձեզ հետ, իսկ հետո փոխել միտքը: Օգտակար է թողնել ձեր կոնտակտային տվյալները: Հնարավոր է, որ ստիպված լինեք ընդհանրապես հրաժարվել հարցազրույցներն ու սինխրոներն օգտագործելուց, և դա նույնպես նորմալ իրավիճակ է:
Ինչ վերաբերում է ձեր սեփական հոգեբանական անվտանգությանը, ապա շատ կարևոր է գտնել սեփական պատասխանը «ինչու՞ եմ ես դա անում» հարցին: Հիշել, որ էքստրեմալ իրավիճակում աշխատելը էմոցիոնալ հետևանքների կբերի․ նորմալ է, որ դուք կարեկցում եք, անհանգստանում․ որ հետագայում, հնարավոր է, ձեզ համար դժվար լինի քնելը կամ հիշողություններից ազատվելը:
Անպայման աջակցեք ինքներդ ձեզ՝ գործընկերոջ կամ հարազատ մարդու հետ խոսեք այն մասին, թե ինչի միջով եք անցել, կամ օրագրում գրեք այն, ինչը չի ներառվել ռեպորտաժում: «Լիցքավորեք ձեր մարտկոցը»՝ զբաղվելով ինչ-որ բանով, ինչը ձեզ ուրախացնում է՝ շփվեք երեխաների հետ, խաղացեք ձեր շան հետ, ձեռքով ինչ-որ բան պատրաստեք, գնացեք բնության գրկում զբոսնելու, համեղ ընթրիք պատրաստեք ընտանիքի կամ ընկերների համար, լսեք սիրելի երաժշտությունը, սպորտով զբաղվեք։ Ընդունեք փաստը, որ կան բաներ, որ հնարավոր չէ փոխել, բայց կան նաև բաներ, որ ձեր կարողությունների սահմաններում է, և կենտրոնացեք դրա վրա:
Ե՛վ տուժածների հետ շփման իրավիճակներում, և՛ սեփական սթրեսի ժամանակ հիշե՛ք, որ դժվար իրավիճակում սթրես զգալը նորմալ է։ Դուք չեք խելագարվում, դուք «թուլամորթ» չեք, դուք նորմալ մարդ եք, ով ապրել կամ ականատես է եղել ՈՉ նորմալ, էքստրեմալ իրավիճակի։ Խնամքով վերաբերվեք ուրիշներին ու ինքներդ ձեզ, և եթե լրացուցիչ աջակցության կարիք ունեք, մի հապաղեք խնդրել այն:
Իսկ ի՞նչ երբեք չպիտի անի լրագրողը կոնֆլիկտներ լուսաբանելիս՝ հոգեբանական անվտանգության տեսանկյունից։
«Թեժ կետերում» կոնֆլիկտները լուսաբանելիս, զանգվածային բողոքի ակցիաներ և նմանատիպ իրավիճակներ լուսաբանելիս, իհարկե, պետք է հիշել, որ առաջինը և ամենակարևորը ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Այդ թեմայով փորձառու լրագրողների կողմից գրված բազմաթիվ խորհուրդներ կան, շատերը ինտուիտիվ կերպով նման կանոններ են մշակում իրենց և իրենց թիմի համար: Դրանք պարտադիր պետք է մշակել և քննարկել թիմի հետ՝ մինչ «դաշտ դուրս գալը»: Մի անտեսեք նախազգուշական միջոցները, մի բազմապատկեք ռիսկերը, դրանք առանց այդ էլ շատ են։ Եթե միջոցներ ձեռնարկեք ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, դա ձեզ հոգեբանորեն էլ կօգնի:
Տուժածների հետ աշխատելու տեսակետից գեղեցիկ չէ, երբ լրագրողները չափազանց մեծ ճնշում են գործադրում զրուցակիցների վրա՝ հարցազրույց կորզելու համար կամ, օրինակ, լուսանկարում են առանց նախնական համաձայնության։ Եթե ձեզ հարցազրույց են տվել, ֆորմալ առումով պարտադիր չէ, որ այն «փաստաթղթավորեք», բայց տրավմատիկ իրավիճակում ավելի լավ կլինի, եթե կարողանաք զրուցակցի հետ ճշտել գոնե նրա սեփական ձևակերպումները։
Բացի այդ, տրավմա տարած անձը, ումից հարցազրույց եք վերցրել, պետք է հասկանա ամբողջ ռեպորտաժի կամ ֆիլմի կոնտեքստը՝ որտեղ պետք է օգտագործվեն նրա խոսքերն ու լուսանկարները, ինչ «մեսիջ» է պարունակում նյութն ամբողջությամբ: Եվ լրագրողի պարտականությունն է այդ համաձայնությունը ստանալ։
Բավականին անփույթ է թվում, երբ զրուցակցին մխիթարելու բնական մղումով լրագրողներն արտաբերում են որոշ կլիշեներ, օրինակ՝ «դուք դեռ երեխաներ կունենաք»՝ երեխա կորցրած մորը։ Իհարկե, նման սխալներից լավ կլինի խուսափել։
Զգացմունքային բարդ առաջադրանքից հետո պետք է հետևել սեփական վիճակին և, հնարավորության դեպքում, մոնիթորինգի ենթարկել գործընկերների (կամ ենթակաների, եթե դուք ղեկավարն եք) վիճակը: Եթե տեսնում եք, որ մարդն ինքնամփոփ է դարձել է ինքնամփոփ կամ, ընդհակառակը՝ շարժուն, մի խոսքով, «ինքն իր նման չէ», առաջարկել նրան աջակցություն, զրույց և օգնություն։ Սթրեսի և տրավմա ապրելու մեջ ամենավատը փորձելն է հերքել, որ տրավմատիկ իրավիճակը հետևանքներ ունի, և առաջացող ռեակցիաները «ներս գցել»՝ փորձելով ձևացնել, թե ոչինչ չի կատարվում կամ ջանալ հնարավորինս արագ մոռանալ ամեն ինչ: Սովորաբար դա չի աշխատում:
Կարո՞ղ են արդյոք հոգեբանական անվտանգության կանոնները նպաստել նաև որակյալ լուսաբանմանը։
Այո, իմ կարծիքով, դա հենց այն իրավիճակն է, երբ լրագրողի որակյալ աշխատանքից շահում են բոլոր կողմերը։ Հեղինակը պատրաստում է բարձրորակ նյութ և իր լսարանի ուշադրությունը հրավիրում կարևոր խնդրի վրա՝ խրախուսելով դրա լուծմանը, տուժածներին օգնության ցուցաբերմանը, հետևանքների վերացմանը և այլն։
Հաճախ հենց լրագրողական աշխատանքը, հրապարակայնությունն է մղում հանրությանն ու իշխանություններին քայլեր ձեռնարկել։ Ռեպորտաժի հերոսները լրագրողի գրագետ և էթիկական աշխատանքի դեպքում լրացուցիչ տրավմա չեն ստանում, բայց կարող են զգալ, որ իրենց ցավը դարձել է օգտակար նյութի մաս, որը կարող է այլ մարդկանց օգնել պաշտպանվել նմանատիպ ողբերգություններից կամ դրանց ավելի հաստատակամորեն դիմակայել:
Լսարանը՝ ընթերցողը, հեռուստադիտողը, նույնպես միշտ տեսնում ու զգում է, թե արդյոք լրագրողական աշխատանքը որակյալ է արված։ Լավ ռեպորտաժը կամ ֆիլմը, նույնիսկ եթե պատմում է ինչ-որ սարսափելի և ծանր բանի մասին, խրախուսում է մեզ կարեկցել և գործել, տեղեկատվություն է տալիս կարևոր որոշումներ կայացնելու համար, հիշեցնում արժեքների մասին:
Նաև սկզբունքորեն կարևոր է՝ ընդհանրապես ցանկացած իրավիճակում և հատկապես տրավմատիկ և «զգայուն» իրավիճակներում, որ լսարանը լինի լրագրողի կողմից, զգա, որ նա կատարում է «հասարակության աչքերի և ականջների» գործառույթը, գործում է «մեր անունից»: Այդ դեպքում ուժեղանում է նրա ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական պաշտպանվածությունը։
Կան դեպքեր, երբ պատերազմական գործողությունները քո երկրում են։ Այդ ընթացքում տուժում են քո հայրենակիցները, դու ամբողջ օրը այդ հետևանքներն ես լուսաբանում և, կարծես, մեղքի զգացում կա՝ սեփական հոգեբանական անվտանգության մասին մտածելու առումով։ Ի՞նչ խորհուրդ կտաք լրագրողներին այսպիսի իրավիճակներում։
Լրագրողները հանրության համար շատ կարևոր աշխատանք են կատարում՝ լուսաբանելով հակամարտություններն ու ողբերգությունները, և նրանք «ջանում են ոչ միայն իրենց համար»։ Փամփուշտներին ընդառաջ գնալու համար անհրաժեշտ է զրահաբաճկոն. հրշեջները այրվող շենք նույնպես առանց պաշտպանիչ հագուստի չեն մտնում։ Պրոֆեսիոնալի պաշտպանությունը ոչ թե վտանգավոր իրավիճակներից խուսափելն է, այլ դրանց նախապատրաստված ընդառաջ գնալը, իսկ դրանցից հետո՝ հետևանքները հաղթահարել կարողանալը: Եթե դու «այրվես» քո հերոսների հետ միասին, դժվար թե կարողանաս ինչ-որ մեկին օգնել։
Հոգ տանելով ձեր սեփական հոգեբանական անվտանգության մասին՝ կարող եք դա կիսել նաև ձեր լսարանի հետ: Օգտակար է ընթերցողներին, ունկնդիրներին կամ հեռուստադիտողներին պատմել ողբերգության և կոնֆլիկտի դեպքում հոգեբանական ռեակցիաների մասին, ցույց տալ օրինակներ, թե ինչպես են ուրիշները դրանք հաղթահարում: Շատ լավ է, երբ ողբերգությունների մասին հաղորդումները պարունակում են հասանելի ծառայությունների մասին տեղեկատվություն, օրինակ՝ որտեղ կարելի է անվճար հոգեբանական խորհրդատվություն ստանալ, ուր դիմել լրացուցիչ տեղեկությունների համար և այլն։ ԶԼՄ-ն նաև հանրությանը մոբիլիզացնելու հզոր գործիք է․ կարելի է օգնություն խնդրել, պատմել, թե ինչ է անհրաժեշտ՝ օրինակ արյուն հանձնել կամ տուժածների համար իրեր հավաքել, որտեղ դա կարելի է անել և այլն։
Այդ բոլոր միջոցներն օգնում են և՛ ռեպորտաժների հերոսներին, և՛ լսարանին, և՛ հենց լրագրողներին։ Հենց քաոսի, կորստի իրավիճակում, երբ կոտրվում է ամեն ծանոթ բան, երբ մարդկանց պատում է անօգնականության և անզորության վիճակը, լրագրողները կարող են իրենք իրենց համար գտնել և ուրիշներին էլ հուշել, թե ինչ կարելի է անել, ուր ուղղել ջանքերը՝ գոնե մի փոքր մեղմելու համար իրավիճակը։ Ցույց տալ, որ կա ինչ-որ բան, որը դեռ մեր վերահսկողության գոտում է։
Հոգեբանները, որոնք աշխատում են տրավմայի հետ, կարծում են, որ շատ կարևոր է հնարավորություն ունենալ արտահայտվել տրավմատիկ փորձառության մասին, աշխատել դրա հետ, իրերն անվանել իրենց անուններով, որպեսզի հաղթահարել հետևանքները և առաջ շարժվել: Որպեսզի հասարակությունն ամբողջությամբ հաղթահարի կոլեկտիվ տրավմաները, անհրաժեշտ է զգույշ և արդյունավետ քննարկում:
Սա է նաև պատճառը, որ հոգեբանորեն առողջ հասարակությունը կարիք ունի հոգեբանորեն առողջ լրատվամիջոցների:
Հարցազրույցը՝ Մարգարիտա Ղազարյանի
Թեմայով օժանդակող նյութեր Օլգա Կրավցովայից
Լրագրության և տրավմաների գծով «Dart» կենտրոն
«Սթրեսի հոգեբանությունը լրագրողների համար» համայնք
Լրագրողների «այրման» թեման
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: