2013.04.29,

Նյուսրում

Գյումրի. «Ցայգ»-ի դեմ դատական հայցը չի հաջողվում հաշտությամբ ավարտել

Հարություն Սարգսյանն ընդդեմ «Ցայգ» հեռուստաընկերության գործի քննությունը հաշտությամբ ավարտելու փորձը ձախողվել է:

Հեռուստաընկերության դեմ դատական հայցը ներկայացրել է Գյումրիի նախկին քաղաքապետի փեսայի սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանը: Նա հրապարակային ներողություն խնդրելու, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջով հունվարի 23-ին հայց էր ներկայացրել «Ցայգ» հեռուստաընկերության դեմ:

Հարություն Սարգսյանի համոզմամբ, 2012թ-ի դեկտեմբերի 27-ին «Ցայգի» «Ազդարար» լրատվական ծրագրի թողարկման ժամանակ տեղ գտած «…Հարություն Սարգսյանը Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում առանձնակի դաժանությամբ սպանել էր Գյումրու նախկին քաղաքապետի դստեր նշանած Կարեն Եսայանին…» արտահայտությունը խախտում է ՀՀ սահմանադրության 21-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հարություն Սարգսյանը «Ցայգ»-ից հրապարակայնորեն ներողություն խնդրել գումարային փոխհատուցում է պահանջում՝ 100.000 դրամ վիրավորանք հասցնելու համար եւ 200.000 դրամ զրպարտելու համար:

Մարտ ամսվա ընթացքում կայացած դատական նիստերի ժամանակ կողմերը փորձում էին համաձայնության գալ: Հարություն Սարգսյանը պետք է հրաժարվեր գումարային պահանջից, իսկ «Ցայգ»-ը՝ հանդես գար հերքման տեքստով:

Սակայն համաձայնությունը չի գործել: Սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանի կարծիքով «Ցայգը» կողնմակալ է լուսաբանում որդու դատավարությունը:

«Ես զանգահարեցի «Ցայգ» ու փորձեցի հասկանալ, թե ինչու են կրկին անգամ դնում հատվածներ մեղադրական եզրակացությունից: Հատուկ նպատակ ունե՞ն հեռուստադիտողին բորբոքելու»,- ասում է Անահիտ Նիկոլյանը:

«Ցայգ»-ի «Ազդարար» լրատվականի տնօրեն, գործով լիազոր ներկայացուցիչ Նարա Մելքոնյանը համաձայն չէ Անահիտ Նիկոլյանի հետ: Նրա կարծիքով իրենք դատական նիստն անկողմնակալ են լուսաբանել:

«Մենք նույնիսկ դրեցինք եւ համեմատեցինք մյուս լրատվամիջոցների նույն օրը պատրաստած տեսանյութերի հետ եւ ասեմ, որ մեր ռեպորտաժն ամենաանաչառն էր»,- ասում է Նարա Մելքոնյանը:

Տիկին Նիկոլյանը պատմում է, որ իրենց տուն են այցելել հեռուստատեսային նյութը պատրաստած լրագրող Կիմա Եղշատյանն ու «Ազդարար»-ի ղեկավար Նարա Մելքոնյանը:

«Իրենք ինձ ասին, որ եթե դատը մենք շահենք, գումարը վճարելու է ոչ թե լրատվամիջոցը, այլ այդ օրվա եթերի պատասխանտուները՝ լրագրողն ու խմբագիրը: Ասին, որ իրենք պայմանագիր ունեն ստորագրած էդպիսի, ներքին կանոնադրություն կա, որ իրենց կազատեն աշխատանքից,- պատմում է Անահիտ Նիկոլյանը,- ես էն մարդը չեմ, որ ուրիշի հացը կտրեմ, դրա համար էլ որոշեցինք գնալ հաշտության: Դրանից հետո մի քանի դատ «Ցայգն» անկողմանակալ լուսաբանեց, հետո նորից սկսեց կողմնապահություն անել»:

Հիմա հայցվորի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը վերջնականապես որոշել է «Ցայգ»-ի հետ հաշտություն չկնքելու:

«Ես ավելացնելու եմ նաեւ պահանջվող գումարի չափը: Ես փողի կարիք չունեմ, եթե դատը շահենք, գումարը փոխանցելու եմ մանկատներին: Ընդամենն ուզում ենք, որ լրատվամիջոցն անաչառ աշխատի»,- ասում է Անահիտ Նիկոլյանը:

Նարա Մելքոնյանը չգիտի, թե ինչու է Անահիտ Նիկոլյանը հրաժարվել ստորագրել հաշտության համաձայնագրի վաղօրոք համաձայնեցված տեքստը:

«Պարզապես չստորագրեցին, հետո էլ հայտարարեցին, որ չեն ուզում հաշտվել: Եթե ուզում են իրավական հարթություն, թող լինի իրավական հարթություն: Թող դնեն եւ այդ նիստը լուսաբանած երեք հեռուստաընկերությունների տեսանյութերն էլ համեմատեն: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.մենք անաչառ ենք լուսաբանել, ոչ մի ավելորդ բառ չի եղել»,- ասում է Նարա Մելքոնյանը:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Հ. Գ. 2012թ-ի դեկտեմբերի 27-ի դատական նիստը լուսաբանած «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Կիմա Եղշատյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն*: Իսկ Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստերը «Ցայգը» արդեն մեկ ամսից ավելի է չի լուսաբանում:

* Թարմացվել է 13:00-ին: Հ.Գ.-ի «2012թ-ի դեկտեմբերի 27-ի դատական նիստը լուսաբանած «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Կիմա Եղշատյանն աշխատանքը հեռուտաընկերությունում չի կորցրել, սակայն այլեւս լրագրությամբ չի զբաղվում: Տնօրինությունը նրան աշխատանքից չի ազատել՝ տեղափոխել է հեռուստաընկերության մուտքի մոտ գտնվող անցագրային կետ:» հատվածը ուղղվել եւ փոխարինվել է «2012թ-ի դեկտեմբերի 27-ի դատական նիստը լուսաբանած «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Կիմա Եղշատյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»-ով: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *