2022.07.11,

Խաչմերուկ

Ինֆորմացիայի պակաս, էմոցիաների ավելցուկ

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Հրապարակային հայտարարությունների հապաղումը, այս անգամ՝ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին, հերթական անգամ առիթ դարձավ մեդիայում հարցերի գեներացման։ Հունիսի ընթացքում այս թեմայով որոշ հարցեր ստացան պատասխաններ, որոշ հարցեր էլ դեռ անորոշ են մնում` թույլ տալով տարբեր սպեկուլացիաների և չճշտված վարկածների տարածման։ 

Հունիսի 10-ին Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև դավադիր համաձայնություն կա, որով մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը:

«Դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո պետք է շահագործման հանձնվի։ Եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, մենք ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, որոշ հայկական գյուղեր»,–ասել էր Սաղաթելյանը։

Դավադրության մեջ մեղադրվեցին Արցախի իշխանությունները՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից։ Բևեռի մամլո ծառայությունը հայտարարեց, որ Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք և համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Արցախից հորդորեցին Բևեռին՝ «իրենց չձևացնելով հայրենասիրության էտալոն»։ Բայց հայկական բնակավայրերի հանձնումը շուտով պաշտոնապես հաստատվեց։

Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին ասուլիսի ժամանակ Բերձորի թեման չհամարեց նորություն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մաս։ «Երթուղու փոփոխության պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտվնում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը», – ասաց Փաշինյանը։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հաստատեց Բերձորի փոխանցումը Ադրբեջանին, սակայն նա դեռ հույսեր ունի, որ Աղավնո գյուղը կմնա հայկական վերահսկողության ներքո։ «Բերձոր քաղաքից մենք պարտավոր ենք, վեցերորդ կետում գրված է, պետք է դուրս գանք․ իսկ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք, բանակցությունները շարունակում ենք տանել», – ասաց նա։

Պաշտոնյանները լակոնիկ էին, ուստի մեդիան հրապարակեց նրանց ուղիղ խոսքը, խուսափվեց տարընթերցումներից։ 

Արայիկ Հարությունյանը բացատրեց, որ մի քանի այլընտանքային ճանապարհի տարբերակ է առաջարկվել իրենց, և Անվտանգության խորհուրդով ընտրվել է ամենաապահով տարբերակը։ Տարբերակի մանրամասները ո՛չ Փաշինյանը, ո՛չ Հարությունյանը չհայտնեցին։ Հարությունյանը արդարացավ, որ չի կարող ասել մանրամասներ, որովհետև կա դավաճանական ցանց։ Այս պատճառաբանությունը, սակայն, չբավարարեց մեդիային, և տարբեր լրագրողներ փորձեցին մանրամասներ ստանալ ոչ պաշտոնական աղբյուրներից։

«Արմնյուզի» նախկին հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը նոր երթուղին բացահայտողներից մեկն էր. «Կոռնիձորից, այսինքն վերջին գյուղը մինչև դաշտային Արցախ մտնելը, ճանապարհ է կառուցվում երեսուներկու կլիոմետր երկարությամբ, որը գալիս է գործող ճանապարհին զուգահեռ, շրջանցում է Աղավնոն, Սոսին և Բերձորը, և գալիս է Հին Շենով, Մեծ Շենով, միանում է Եղցահողին, Լիսագորի, Շուշիի տակով միանում է Ստեփանակերտին»,- ասաց նա։ Հավելյալ ինֆորմացիայից բացի այս հարցազրույցի ժամանակ կարծիք հնչեց, որ այս ճանապարհի պատճառով մեր հայրենակիցներին կսպասի հերթական 1915 թվականի հայրենազրկումը։  

«Սպուտնիկ Արմենիայի» հեղինակներից Նարիրի Հոխիկյանն իր աղբյուրներին հղում անելով հայտնեց, որ Ադրբեջանը համաձայնել է տեղափոխել նաև բարձրավոլտ էլեկտրական հոսանքի, ինտերնետի և հեռախոսի կապուղիները։ Հոխիկյանն ասում էր, որ Բերձորը հանձնվելու է հուլիսի մեկին։ Նա առաջարկում էր փորձել գոնե հետաձգել հանձնումը՝ վերաբնակեցնելով քաղաքը և սպասելով ռուս-ուկրիանական պատերազմի ավարտին։ 

«Մեկ ամիսը, կես ամիսը բավական ժամանակ է, որ ինքնակազմակերպվենք և Բերձորում իքս թվով, ասենք հազար հոգի մարդ ապրի։ Մինչև  2020 թվականի դեկտեմբերի մեկը Բերձորում 3000 մարդ էր ապրում»,- կոչ էր անում Հոխիկյանը։

Մեդիան կարծիքներ տարածեց, թե Ադրեջանը չի կարող իր միջոցներով ճանապարհ կառուցել հայերի համար։ «Դա կարող է օգտագործվել, օրինակ, հայերին տեղահանելու նպատակով։ Այ դա հնարավոր է»,- Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքն էր հրապարակել Առավոտը։ Կար նաև դժգոհություն, որ Ադրբեջանը չափազանց արագ է կառուցում այլընտրանքային ճանապարհը, մինչդեռ ըստ եռակողմ հայտարարության, երեք տարվա ընթացքում պետք է միայն կողմերը համաձայնվեին նոր երթուղու նախագծի շուրջ։ 

Շատ քիչ թվով փորձագետներ հորդորեցին չտրվել էմոցիաների, այլ կոնկրետ հարցեր բարձրաձայնել բանակցություններում։ Նրանցից էր Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, որը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նոր երթուղու հաստատմանը զուգահեռ, հայկական կողմերը ռուս զորախմբի հետ պետք է ճշգրտեն ֆիզիկական, աշխարհագրական տեղագրական պարամետրերը։ Կոնկրետ որ բնակավայր է մտնում լայնքի մեջ, Բերձորը պետք է շրջանցվի, սա հասկացանք, իսկ մյուս բնակավայրերը՞։ Դա ճանապարհ չէ, այլ միջանցք՝ ֆիզիական շփման տարածք է։ Սրանք աշխատանքային մթնոլորտում պետք է քննարկվեն, իսկ էմոցիաները,  հայտարարություն անելը, թե ինչ-որ մեկը տարածք է հանձնում, կամ տեղի է ունենում հերթական հայաթափում, օգտակար չեն, ավելին վնաս են հասցնում գործին»։

Աթանեսյանի այս հորդորը տեղին է, երբ բանակցություններում առաջընթացն ու տեղի բնակչության անվտանգությունը առաջնահերթություն են։

Իսկ մեդիան հաճախ կենտրոնանում է մեղադրանքներ ու դավադրություն գտնելու վրա։ Ինչևէ, մինչ նոր մանրամասներ կհրապարակվեն, այս թեման առժամանակ լռեց՝ այլ տեղեկատվական առիթների հայտնվելու զուգահեռ։

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *