ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսներ է հրավիրում հախուռն կերպով։ Եվ շատ արագ կազմակերպում հարցերի կուտակումը, դրանց մաղումը ու նաև խմբագրումը։
Լինելով լավ հռետոր ու բանավեճի վարպետ, նա գերադասում է ասուլիսները դարձնել ավելի հարմարավետ ու կառավարելի՝ նախապես ֆիլտրած հարցերով ու ավելի քիչ պարբերականությամբ, քան դա անում էր 2018-ին, 2019-ին, 2020-ին, 2021-ին։
Սկզբում ասուլիսների քանակը նվազեց, հետո վերացավ հարց տվող լրագրողների ֆիզիկական ներկայությունը ասուլիսներում (բացատրությունը կորոնավիրուսն էր, բայց դա շարունակվեց նաև համավարակից հետո), իսկ հարցերը ընթերցում էր խոսնակը կամ հատուկ ընտրված մեկ մարդը։ Հետո սկսեցին վերանալ բուն հարցերը։
Այսինքն, հարցերը չէին հասնում հասցեատիրոջը, քանի որ դրանք անհետանում էին կամ խմբագրվում այնպես, որ կորչում էր հարցի էությունը։
Այդ մասին հաճախ էին խոսում լրատվամիջոցների խմբագիրները՝ դիմելով նույնիսկ ոչ այնքան կառավարությանը, այլ իրենց համայնքին։ Եվ երբ պարզ դարձավ, որ հունիսի 27-ին վարչապետը նոր ասուլիս է հրավիրում ու այդ մասին լրատվական դաշտին տեղեկացնում է մեկ օր առաջ, լրատվամիջոցները արթանացան ադեն որպես բողոքողներ։
Ստացվեց այնպես, որ բավականին բզկտված, բևեռացված ու երբեմն ոչ շատ բարձր էթիկական կանոններին հետևող մեդիա դաշտը սկսեց միավորվել հենց վարչապետի նոր ասուլիսի առիթով։
Նիկոլ Փաշինյանը քայլ արեց այն միավորելու՝ ընդդեմ իրեն։ Շատ զարմանալի քայլ է, իհարկե։
Սկզբից մի խումբ լրատվամիջոցներ (հիմնականում բևեռների կողմնակից կամ ընդդիմադիր քաղաքական թևերին պատկանող) տարածեցին հայտարարություն, որ հրաժարվում են վարչապետին ձևական հարցեր ուղարկել։
Նրանք ասացին, որ սովորաբար «հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»։
Հետո եղավ այլ հայտարարություն, որը ստորագրեցին արդեն ոչ թե բոյկոտելու կոչ անող, այլ ասուլիսի ձևաչափը վերանայել հորդորող խմբագրությունները։ Նրանք անընդունելի համարեցին ասուլիս հրավիրելու, բայց հարցերը մաղելու պրակտիկան․
«Այդպիսով, ըստ էության սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։
Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»։
Պատմական փոքր զեղում անելով, կարելի է հիշել, որ տարիներ առաջ երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ էր, նա գնաց հենց այն նույն ճանապարհով, որով հիմա գնում է (միգուցե ակամայից) Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս դեպքում երկուսն էլ սխալ են։
Սերժ Սարգսյանին պետք չէր շփվել լրատվամիջոցների հետ, քանի որ դաշտը արդեն իսկ իր վերահսկողության տակ էր և նա գերադասեց հանել շրջանառությունից ասուլիսը և փոխարինել այն մտերմիկ զրույցների ժանրով։ Օրինակ, 2013-ին նա ընդունեց ութ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների ու այդտեղ ասաց իր հայտնի բառերը «գաղջ մթնոլորտի» մասին։
Նա արտագաղթի տեմպերը պայմանավորեց մեդիայի դերով․
«Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչու՞, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»:
Երևի Նիկոլ Փաշինյանն էլ չի ուզում, որ լրատվամիջոցները սևացնեն, ուզում է միայն սպիտակ ու փափուկ հարցեր։
Ու շատ տխուր է, որ նա էլ Սերժ Սարգսյանի պես կարող է ասել.
«Կարող եմ լրատվամիջոցներ թվարկել, որոնք մեկ դրական բան չեն տեսել: Կոչ չեմ անում իրենց չհայհոյել ինձ, իմ թիմակիցներին, ուրիշներին, իմ եղբայրներին, իմ երեխաներին: Եթե ես ստանձնել եմ Հանրապետության նախագահի պաշտոնը՝ պարտավոր եմ կուլ տալ ցանկացած դառը բան: Բայց բոլորը չեն չէ՞ ստանձնել Հանրապետության նախագահի պաշտոնը»։
Եթե ընդհանրացնենք այս միտումը, կարող ենք ասել, որ մեդիան հավաքական հիշողության կրողն է։
Լրատվամիջոցները ոչ միայն շատ բան են հիշում, այլև հաճախ հիշաչար են։ Եթե կարող են միավորվել ընդդեմ, դա անելու են ավելի արագ, քան հանուն որևէ մարդու, գաղափարի, պետության կամ հումանիստական գաղափարների։
Գաղջ մթնոլորտում էքստրեմալ վարքը, այդ թվում նաև՝ ՀՀ առաջին դեմքին բոյկոտելը, դառնում է արդյունավետ։ Արդեն 2018-ին պարզ դարձավ, որ հանրության հետ շփման վերահսկելի, լղոզված ու անվտանգ տարբերակները տեղը զիջում են ավելի ռիսկային ձևաչափերին: Նիկոլ Փաշինյանը դա ապացուցեց։ Եվ հիմա ինքը դրան պատրաստ չէ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: