2022.06.24,

Ստուգված է

«Բիոլաբորատորիաների» կեղծ թեզերը թարմանում են՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին

Հունիսի 22-ին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մոտ՝ ընդդեմ Հայաստանում գործող «ամերիկյան բիոլաբորատորիաների»։

Կազմակերպիչներից մեկը Փաստաբանների փալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ելույթի ընթացքում հայտարարեց, թե՝ «լսել են», որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում։ 

Ակցիայի ընթացքում կազմակերպիչները կրկնեցին նաև թեմայի շուրջ տարածված հիմնական թեզերը և կեղծ տեղեկությունները, որոնք հայկական մեդիայում շրջանառվում են տարիներ շարունակ։ 

Այս անգամ, սակայն հայտնի թեզերին ավելացել էին նաև ռուս-ուկրաինական պատերազմի մասին և այդ համատեքստում Ուկրաինայում գործող լաբորատորիաների մասին հայտարարություններ։ 

Ակցիան լուսաբանվեց ինչպես հայկական ընդդիմադիր մամուլում, այնպես էլ Ռուսաստանում՝ ներառյալ պետական Риа Новости և Тасс լրատվական գործակալություններում։

Ուկրաինան

Պատերազմի մեկնարկից հետո ռուսաստանցի պաշտոնյաները, մասնավորապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, զինված ուժերը, ինչպես նաև տեղի մամուլը պարբերաբար շրջանառում են Ուկրաինայում գործող բիոլաբորատորիաների թեման՝ պնդելով, թե այնտեղ ուկրաինացիները կենսաբանական զենք են մշակել, կամ որ այնտեղ «կորոնավիրուս կրող չղջիկներով» էքսպերիմենտներ են անցկացրել։ Այս պնդումները հերքվել են ինչպես ուկրաինացի, այնպես էլ ամերիկացի պաշտոնյաների կողմից․ լաբորատորիաները ունեն հետազոտական նշանակություն։ 

Պատերազմի ընթացքում հայական մեդիան և այսպես կոչված «բիոլաբորատորիաների» դեմ քարոզչություն իրականացնողները նոր թեզ որդեգրեցին՝ Ուկրաինայի և Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառներից է այս երկրներում գործող բիոլաբորատորիաները, և Ռուսաստանը կարող է այս հետքերով «գալ Հայաստանի հետևից» կամ «պատժել» Հայաստանին այնպես, ինչպես Ուկրաինային։ 

«Մենք չենք ցանկանում, որ մեզ հետ Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակը կրկնվի», բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել էր մասնակիցներից փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո կենսաբանական զենքի թեզերին և դրանց՝ Հայաստանում տարածմանը անդրադարձել էր «Սիվիլնեթ»-ի Փաստերի ստուգման թիմը։ Media.am-ը մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային։

Լաբորատորիաները հայկական են

Չնայած պնդումներին, թե Հայաստանում գործող այդ «բիոլաբորատորիաները» ամերիկյան են, դրանք իրականում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերն են և կոչվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»։ 

Լաբորատորիան ֆինանսավորվել և վերանորոգվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության կողմից, ինչն էլ դարձել է դրա «ամերիկյան» լինելու թեզերի տարածման պատճառ։ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», սակայն գործում է ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ և գտնվում ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ 

Երևանում գտնվող կենտրոնը բացվել է 2016 թվականին, նման կենտրոններ են բացվել նաև Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում։

Վաղուց հերքված

Հայաստանցի ցուցարարները կոչ էին անում պատկան մարմիններին՝ հերքել «կենսաբանական զենքի» մասին տեղեկությունները։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ իշխանությունները բազմիցս հերքել են «բիոլաբորատորիաներում» կենսաբանական զենք պատրաստելու մասին տեղեկությունները, հայտարարելով, որ դրանք զբաղվում են միայն ուսումնասիրություններով և հետազոտություններով։ 

Դեռ 2016 թվականին sut.am-ը («Փաստերի ստուգման հարթակը») գրել էր, որ այս բիոլաբորատորիաները աջակցություն են ստացել նաև Ռուսաստանի Դաշնությունից՝ բժշկական սարքավորումների տեսքով։

Հայկական քաղաքական դաշտում և մեդիայում ամերիկյան բիոլաբորատորիաների թեման նոր չէ։ Դեռ 2017 թվականին «Հանուն օրենքի» հասարակական շարժումը բողոքի ակցիաներ էր անցկացնում ընդդեմ դրանց՝ կրկնելով շրջանառվող թեզերը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին հայտարարել էր, որ լաբորատորիաների մուտքը բաց է ռուսաստանցի մասնագետների համար, իսկ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին 2019-ին ասել էր, որ խնդիր չի տեսնում ռուսաստանցի գիտնականներին՝ հայկական լաբորատորիաներին հասանելիություն տալու մեջ։

Այս տարվա մարտին Մոսկվայում կայացել էր հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն՝ «կենսաանվտանգության ապահովման հարցերի շուրջ»՝  2021 թվականին կնքված երկկողմ պայմանագրի շրջանակում։ 

Մոտ մեկ ամիս անց՝ այս տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոսկովյան հանդիպումից հետո ևս մեկ անգամ ընդգծել էին, որ, ըստ պայմանավորվածության «երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար»։

Անի Ավետիսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *