Մեդիա ուղերձների միջոցով հարաբերությունների հստակեցման շատ հետաքրքիր օրինակ էր ռուս-ադրբեջանական մի դրվագ, որտեղ Հայաստանն ու Արցախը ընդամենը պասիվ դերում էին, մինչդեռ հիմնական խաղացողները ինչպես ուզում այնպես էլ օգտագործում էին Արցախում հայ բնակչության հավաքական տեսակետը։
Ռուսաստանի պետական լրատվական ծառայությունը՝ РИА Новости-ն, հունիսի 3-ին հրապարակեց Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույց։
Հիմա հարցազրույցը հեռացվել է կայքից (կարելի է կարդալ այստեղ), իսկ РИА Новости-ն արգալափակվել է Ադրբեջանում այն բացատրությամբ, որ կայքը տարածել է ինֆորմացիա, որն ուղղված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, կրում է զրպարտանքի բնույթ և քարոզում է անջատողական միտումներ»։
Ըստ այդ էլ, իրենք օգտագործել են ինֆորմացայի պաշտպանության մասին իրենց օրենքն ու արգելափակել ռուսաստանյանյ խոշոր լրատվական հարթակն իրենց երկրում։
Ռուսաստանում այս բավականին ցուցադրական քայլը ընդունել են ըմբռնումով ու այնպիսի հանգստությամբ, որ անգամ մի բողոքի շշուկ չի լսվում։ Համենայնդպես, խոշոր քարոզչական միավորները Ռուսաստանում այս փաստին մեծ ուշադրություն չեն դարձնում։ Ինչպես օրինակ տեղի է ունենում, երբ որևէ երկիր համարձակվում է անգամ ոչ թե արգելափակել, այլ առնվազն մի թթու խոսք ասել Ռուսաստանի պետական մեդիայի հասցեին։
Ադրբեջանը հունիսի 10-ին արեց նաև մեկ այլ քայլ՝ կասեցրեց Սպուտնիկ գործակալության տեղական բաժնի գլխավոր խմբագրի ու պրոդյուսերի աշխատանքայյին վիզաները։ Նրանք լքեցին Ադրբեջանը։ Կարծես Բաքուն ուղերձ ուղարկեց Մոսկվա, որ հերթը կարող է հասնել նաև մեկ այլ ռուսաստանյան քարոզչկական հսկային՝ Սպուտնիկին։ Մոսկվան հասկացավ այդ ուղերձը, հեռացրեց հարցազրույցը, և շատ հնարավոր է, որ մոտ օրերս Ադրբեջանի տարածքում նորից հասանելի կլինի РИА Новости-ն։
Սա, իհարկե, ռուս-ադրբեջանական մեդիա պատերազմ չէր, բայց ամեն դեպքում լուրջ հրաձգություն էր, որտեղ Հայաստանը ընդամենը լուռ օգտագործվում էր։
Շատ կարևոր է հիշեցնել, որ Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցում ոչինչ չկար 2020-ի պատերազմի ժամանակ ադբեջանական ռազմական հանցագործությունների մասին, հպանցիկ խոսք կար էթնիկ զտումների ռիսկի ու հայկական մշակութայինմ կոթողների հանդեպ վանդալիզմի օրինակների։
Հարցազրույցի հիմնական միտքն այն էր, որ Ռուսաստանը կարողացավ կանգնեցնել պատերազմը, որ ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում անժամկետ (առնվազն մինչև հակամարտության վերջնական հանգուցալուծումը) և պետք է ընդլայնել ռուս խաղապահների լիազորություններն ու ավելացնել քանակը։ Որ Ռուսաստանը ամենակարևոր խաղացողն է այս տարածաշրջանում, իսկ եվրոպական ու միջազգային կառույցները գործուն քայլեր չարեցին հումանիտար աղետը լուծելու համար։
Այսինքն, Արտակ Բեգլարյանի այս բոլոր պնդումները ակնհայտորեն բխում էին Ռուսաստանի շահերից։
Եվ ռուսական պետական լրատվական գործակալությունը հանգիստ հրաժարվեց այդ պնդումները թողնել իր կայքում։ Հեշտությամբ հեռացնելով Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը ու ստանալով ուղերձ Ադրբեջանից, որ Սպուտնիկն էլ կարող է արգելափակվել, Ռուսաստանը հասավ իր նպատակին՝ շահարկեց արցախցիների հարցն ու դարձրեց առևտրի առարկա։
Իսկ Ադրբեջանը հիմա թեև շարունակում է այս հարցազրոիցի անվանել «սադրիչ», բայց ավելի վստահ է խոսում՝ հայտարարելով, որ Ռուսաստանի մեդիա դաշտում ինչ-որ բան այն չէ, քանի որ այդպես չեն վարվում ռազմավարական գործընկերները։
Մեդիա ռեսուրսներով իրար ակնարկներ ուղարկող Ռուսաստանն ու Ադրբեջանն, իհարկե, ունեն կուռ ու ավտորիտար պետական համակարգ, որտեղ բոլոր քայլերը մեդիա դաշտում համաձայնեցվում են իշխանությունների հետ ու դառնում պետական քաղաքականության շարունակություն։
Անհամեմատ ավելի ժողովրդավար Հայաստանում մեդիա տիրույթը բոլորովին այլ դասավորություն ունի։ Բոլոր ուժերը ուղղվում են ներքին շուկայում շատ նեղ հարցեր քննարկելուն ու զսպիչ մեխանիզմներ որոնելուն։
Եվ պետական մակարդակում ոչ ոք չի խոսում, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է նաև մեդիա ոլորտում։ Առնվազն, անվճար վերահեռարձակում է բոլոր քարոզչական հեռուստաալիքները՝ ամենաթունավոր բովադակությամբ ու երբեք բացատրություն չի պահանջում, թե ինչու է Արցախի ներկայացուցչի հարցազրույցը հեռացնում պետական լրատվական գործակալությունը։
Ընդ որում՝ այդ հարցը չեն տալիս նաև Արցախի ճակատագրով մտահոգ շատ այլ քաղաքական ուժեր, որոնք ցույցեր են անում, բայց չեն համարձակվում այդ հարցը տալ տարբեր ամբիոններից։
Հարցը, թե ինչու է РИА Новости-ն ընդհանրապես արել այս հարցազրույցը, երևի ունի մեկ պատասխանը՝ որ հետո հեռացնի։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: