2013.04.15,

Նյուսրում

«News.am»-ն ու «Արմենպրես»-ը նոր մեդիա քաղաքականություն ունեն

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«News.am» եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունները նոր մեդիա քաղաքականություն են մշակել:

Այսուհետեւ այս կայքերից մասնակի կամ ամբողջական մեջբերում կատարելու համար լրատվամիջոցները պետք է ստանան գործակալությունների գրավոր թույլտվությունը:

«News.am»-ն ու «Արմենպրես»-ը իրենց կայքերի ստորին հատվածում ծանոթագրություն են ավելացրել՝

«Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես լրատվական գործակալությանը։ Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով»:

«Արմենպրես» լրատվական գործակալության լրատվական հրապարակումների օգտագործման կարգում փոփոխության պատճառը գործակալության բաժանորդների օրինական շահերի պաշտպանությունն է եղել:

«Բացի այդ՝ հաճախ անբարեխղճորեն են օգտագործվում այն նյութերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է գործակալությանը. լուրի շարադրանքը լրագրողի մտավոր գործունեության արդյունքն է, եւ դա նույնպես պետք է լինի պաշտպանված»,- ասում է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Նա հուսով է, որ լրատվամիջոցների կողմից մշակված մեդիա քաղաքականությունները կնպաստեն մեդիայում «copy-paste»-երի քանակի նվազմանը եւ դրականորեն կազդեն լրատվության որակի վրա:

Թեեւ «Արմենպրես»-ի ծանոթագրության մեջ նշված է, որ «խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով», Արամ Անանյանը գտնում է, որ խնդիրը կարելի է լուծել առանց դատական ատյանների միջամտության:

«Դաշտը այնքան բոլորի համար հասկանալի եւ ընկալելի է, որ կարծում եմ՝ շատ հաճախ հնարավոր կլինի չհասնել ծայրահեղ քայլերի, որովհետեւ մենք գիտակցում ենք, որ լրատվամիջոցները մեր գործընկերներն են»,- ասում է նա:

«News.am» լրատվական գործակալությունից չմեկնաբանեցին նյութերից օգտվելու կարգի փոփոխոխության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ նոր են մտցրել պրակտիկան, եւ վաղաժամ է այդ մասին խոսել:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը գտնում է, որ այսպիսի մեդիա քաղաքականությունը իրատեսական չէ: «Հայկական ժամանակ»-ը նման քաղաքականություն չունի եւ դեռեւս որեւէ փոփոխություն չի պատրաստվում կատարել այդ ուղղությամբ:

«Կարծում եմ՝ մեզ մոտ չի աշխատի գրավոր թույլտվությամբ մեջբերումներ անելը: Ինձ թվում է՝ սա մի ժամանակաշրջան է, որն ինքն իրեն կանցնի: Ամբողջ աշխարհում դա եղել ու հետո անցել է: Այնտեղ ավելի կոշտ մեթոդներ են կիրառվել՝ միմյանց դատի են տվել, բայց դա չէ պատճառը, որ անցել է, ուղղակի զարգացվածության մակարդակի հետ դա վերացել է»,- ասում է Հայկ Գեւորգյանը:

Մեդիա փորձագետ Սուրեն Դեհերյանը լրատվամիջոցների մշակած մեդիա քաղաքականությունը դրական փոփոխություն է համարում:

«Լավ է, որ լրատվամիջոցը նման բան է սահմանում, փորձում է պաշտպանել իր իրավունքները: Սակայն ես շատ ոգեւորված կլինեի, եթե կայքերի «Մեր մասին» բաժնում ավելացվեր նաեւ անձնակազմի եւ իրավական գործունեությունը իրականացնող կազմակերպության մասին: Դա կլիներ մի ամբողջական փոփոխություն»,- ասում է Սուրեն Դեհերյանը:

Մեդիա փորձագետը հուսով է, որ նմանատիպ փոփոխություններ կիրականացնեն նաեւ մյուս լրատվամիջոցները, որոնք կողմնակից են բաց, թափանցիկ եւ մասնագիտորեն բարձր որակով աշխատելուն:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *