Մայիսի 14-ին տեղի կունենա իսպանացի ռեժիսոր Նիկոլաս Ալկալայի «Կոսմոնավտ» գիտաֆանտաստիկ ֆիլմի միջազգային պրեմիերան, որի հիմքում սովետական տիեզերական ծրագրերն են, խճճված սիրային եռանկյունիները ու դեպի Լուսին կատարած ուղեւորությունը:
«Կոսմոնավտը» առաջարկում է ֆիլմարտադրության ու դիստրիբյուցիայի նոր, դեռեւս եզակի մոդել, որը հիմնված է ինտերնետային տարածման եւ ինտերնետային ֆինանսավորման վրա:
Փորձ է արվել լիովին անտեսել ավանդական կինոցուցադրումների վարձույթը (պրոկատը) եւ ինքնուրույն միանգամից մի քանի մեդիա հարթակների վրա կառուցել դեպի հանդիսատեսը տանող ճանապարհները:
Ֆիլմը ցուցադրվելու է համացանցում անվճար. այն կարելի է ներբեռնել, տարածել, անգամ վերադասավորել ու խմբագրել՝ փորձելով նոր բան ստեղծել: Միակ նախապայմանը աղբյուրի նշումն է ու ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործումը:
«Կոսմոնավտը» կիրառում է Creative Commons արտոնագիրը, որը թույլ է տալիս դիտողին ստեղծագործության ցանկացած էլեմնետ (պատկեր, ձայն, սցենար) խմբագրել ու իր արդյունքը հասանելի դարձնել բոլորին: Այդպիսով ընդլայնվում է ֆիլմի ապագա լսարանը:
Ֆիլմը «Այն, ինչը իմն է, քոնն է» կարգախոսն ունի:
Սա սովորական ֆիլմ չէ, այն տրանսմեդիա նախագիծ է, որի բյուջեն կիսով չափ համալրվել է ապագա հանդիսատեսի փողերով: Գործի է դրվել crowdfunding-ը` ֆինանսավորման մի մոդել, երբ անհրաժեշտ գումարը հավաքվում է օգտատերերի ներդրումների, կարելի է ասել՝ անդամավճարների շնորհիվ:
Եվ որքան աճում է անդամավճարներից գոյացած գումարը, այնքան մեծանում է ֆիլմի հեղինակությունը:
Դա հորիզոնական ֆինանսավորում է, որի հիմքում ոչ թե գումար նվիրաբերելն է, այլ ներդնելը: Ցանկացած ոք, ով 2 եվրոյից ավել գումար է ներդրել ֆիլմի արտադրության մեջ, դառնում է համապրոդյուսեր եւ հնարավորություն ստանում առնչվել մեծ կինոյի կախարդական աշխարհին:
Մոտ 5 000 պրոդյուսերների անունները կհայտնվեն ֆիլմի տիտրերում, այդպիսով տիտրերի երկարության ռեկորդ կսահմանվի:
Շարքային պրոդյուսերները հնարավորություն ունեն նաեւ իրենց ներդրած գումարի չափով օգտվել հանդիսատեսի փորձառությունն ընդլայնող հավելյալ արտադրանքից՝ մոբայլ հավելվածներից, հուշանվերներից, վավերագրական ֆիլմերից, խաղերից, մրցութային ծրագրերից, տպագիր արտադրանքից, դիզայներական հագուստից: Ստացվում է, որ իրենց ներդրմանը համարժեք նվերներ են ստանում:
Տրանսմեդիա համակարգը թույլ է տալիս նաեւ եկամուտ ապահովել:
«Մենք հավատում ենք, որ ապագան նրանցն է, ովքեր ինֆորմացիան տարածում են անվճար, իսկ եկամուտը ստանում են այլ աղբյուրներից: Գլոբալ կոմունիկացիաների հասարակություններում, որտեղ թվային պատճենի ինքնարժեքը հավասարվում է զրոյի, եւ արվեստի զարգացման համար անսահման հնարավորություններ են ստեղծվում, ստեղծագործության իրավունքներն արդեն արդիական չեն, անգամ անբնական են»,- հայտարարել է ֆիլմարտադրող Riot Cinema Collective ընկերությունը:
Հանդիսատեսը հաճախ չի ուզում վճարել պատճենից օգտվելու համար, բայց պատրաստ է վճարել ունիկալ փորձառություն, նոր տպավորություններ եւ հավելյալ ծառայություններ ստանալու համար:
Պարզ ասած՝ մենք ֆիլմն անվճար ենք դիտում համացանցում, իսկ ցանկության դեպքում, կինոթատրոնի տոմսին համարժեք գումար վճարելով, ստանում նվերներ՝ շապիկ, սկավառակ կամ գիրք:
Քանի որ ինտերնետի լսարանն ավելի մեծ է, քան կինոթատրոններինը, ֆիլմի հեղինակները ակնկալում են նաեւ տրանսմեդիա արտադրանքի վաճառքից շահույթ ստանալ:
Կայքում նշված են եւ՛ ֆինանսական ծախսերի, եւ՛ ստեղծագործական ընթացքի բոլոր մանրամասները: «Կոսմոնավտը» կազմված է նաեւ դոկումենտալ դրվագներից, որտեղ պատկերված են սովետական տիեզերական ուսումնասիրությունները:
«Մենք նկարահանում ենք միայն այնպիսի ֆիլմ, որն ինքներս ենք ուզում դիտել, ու տարածում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում»:
Այս ֆիլմի օրինակը փաստում է, որ կինոն լրջագույն փոփոխությունների շեմին է:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: