Այսօր՝ մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2022թ-ի համար հռչակած թեման է «Լրագրությունը թվային պաշարման ներքո»։ Այն ընդգծում է լրագրողների վրա հսկողության և թվային միջնորդավորված հարձակումները։
Հայաստանում խոսքի ազատության իրավիճակը գնահատել են տարբեր միջազգային կառույցներ։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության զեկույցը հրապարակվել է այսօր։
Ըստ զեկույցի, Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը։ 2021-ին Հայաստանը 63-րդ հորիզոնականում էր։
Համեմատության համար նշենք, որ Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 154-րդը, Թուրքիան 149-րդը։
Զեկույցի հիմնական շեշտադրումները
RSF-ի զեկույցի ներածության մեջ ասվում է, որ «Չնայած բազմակարծության միջավայրին, մեդիան շարունակում է բևեռացված մնալ։ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի հետ համատեքստում»։
Զեկույցի համաձայն Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրը ոչ թե հեռուստատեսությունն է, այլ սոցիալական ցանցերը, որտեղ ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանի մասին զեկույցի մյուս հիմնական կետերը ներկայացնում ենք կետերով։
- 2018թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճել է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, Civilnet.am-ը, hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը կատարում են ժողովրդավարության էական հակակշիռի իրենց դերը:
- Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք հիմնականում քաղաքական և կոմերցիոն շահեր ունեն, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված:
- 2020թ-ից ի վեր երկու քաղաքական թեմաներ հատկապես զգայուն են՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և համաճարակի կառավարումը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում են լրագրողների վրա։
- Մեդիա ոլորտի իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և պատվերների հետ կապված խնդիրները:
- Ընդհակառակը, զրպարտության քրեականացումը, որի համար տուգանքի չափը եռապատկվել է, լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողների համար։
- Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից:
- Վճարովի բաժանորդագրության մոդելները քիչ են, իսկ գովազդի շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը:
- 2021թ-ը ծանր էր մեդիայի և լրագրողների համար՝ ղարաբաղյան պատերազմի, ընտրությունների և համաճարակի պատճառով։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն անպատիժ են մնում։
- Մյուս կողմից պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից, իսկ լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությունը երաշխավորող նոր օրենքը դեռևս գործողության մեջ չէ։
Freedom House․ Հայաստանը նահանջել է մամուլի անկախության ոլորտում։
Ապրիլին Հայաստանի վերաբերյալ զեկույց էր հրապարակել Freedom House-ը։
Զեկույցի՝ մամուլի ազատությանը վերաբերվող հիմնական կետերն են․
- Հայաստանն անցում է կատարել ավտորիտար կառավարումից հիբրիդայինի, բայց «դեռևս չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:
- Անկախ ու հետաքննող լրատվամիջոցները համեմատաբար ազատ են ու թեև դրանք փոքր են, բայց ապահովում են հիմնավոր լուսաբանում՝ մարտահրավեր նետելով պետական հեռարձակողներին ու պաշտոնական մեդիային:
- Աճել են նաև լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը: Այս պնդման հիմք է դարձել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) տվյալները: 2021-ին (ներառյալ հոկտեմբեր) արձանագրվել է մեդիա ներկայացուցիչների նկատմամբ բռնության գրեթե երկու տասնյակ դեպք:
- Մեդիա ազատության չափման վրա վատ հետք է թողել 2021-ի հուլիսին ընդունված օրենքը, որը քրեականացրեց պաշտոնյաներին և հասարակական գործիչներին հասցեագրված վիրավորանքն ու զրպարտանքը:
- Մտահոգիչն այն է, որ այս օրենքը հեշտությամբ կարող է դառնալ չարաշահման առիթ՝ սահմանափակելով ազատ արտահայտվելու իրավունքը, իսկ լրատվամիջոցները կարող են ենթարկվել ուղիղ քաղաքական ճնշման, եթե քննադատեն քաղաքական գործիչներին:
- Ազատության չափման վրա ազդում է նաև ինքնագրաքննությունը, որն առկա է կրթական ու ակադեմիական համակարգում:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա մասին սոցիալական ցանցերում տեղեկություն տարածելու և քննարկումներին միանալու հիմնական հեշթեգերն են՝ #WPDF, #WPDF2022, #WorldPressFreedomDay:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: