2022.04.18,

Ստուգված է

Կանայք հայկական և օտարերկրյա բանակներում. թվեր և վիճակագրություն

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

2021-ի օգոստոսին Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կանանց մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում 5-ամյա ծրագրի առաջնահերթություններից է։

«Կանանց ներգրավվածության թեզը չունի որևէ գաղափախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով. կանայք բնակչության մեծամասնությունն են, և նրանց ռեսուրսի ներգրավումը որևէ ոլորտում նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում: Ասվածը չի նշանակում, թե կանայք բանակում նույնքան ներգրավված պետք է լինեն, որքան տղամարդիկ, խոսքը պոտենցիալը հնարավորինս լիարժեք օգտագործելու մասին է»,- ասաց Փաշինյանը:

Ավելի քան կես տարի անց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի իր ամփոփիչ զեկույցում հայտնեց, որ ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ։ Հարցին, թե ի՞նչ խնդիր է դրված վաշտի առաջ, վերածվելո՞ւ է այն գումարտակի կամ գնդի, ներգրավելո՞ւ է մարտական ստորաբաժանումներում, փոխնախարարը դժվարացավ պատասխանել։

Media.am-ն ուսումնասիրել է, թե որ փուլում է գտնվում կանանց ներգրավումը մարտական ստորաբաժանումներում և ինչ խնդիր է, ի վերջո, դրված նոր-նոր ձևավորված հրաձգային վաշտի առաջ։ Փորձել ենք նաև հասկանալ՝ ինչպիսին է կանանց ներգրավածությունը հայկական զինված ուժերում, արդյոք կանանց հետաքրքրությունը մեծացե՞լ, թե՞ փոքրացել է 44-օրյա պատերազմից հետո։ Ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը։ 

Նախարարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ կանանց հրաձգային վաշտը դեռ համալրման փուլում է և վերջինիս խնդիր առաջադրված չէ։ Սա նշանակում է, որ մարտական ստորաբաժանումներում կանայք ինչպես ներգրաված չէին նախկինում, այդպես էլ դեռևս ներգրաված չեն։

Թե Զինված ուժերի քանի տոկոսն են այժմ կազմում կանայք, նախարարությունից մեզ չհայտնեցին՝ հիմնավորելով, որ տեղեկությունը գաղտնի է։ Մեզ ուղղված պատասխան նամակում նշված էր միայն, որ 2020-ի համեմատ 2021-ին պայմանագրային ծառայողների ընդհանուր թվաքանակում կանանց տոկոսային հարաբերակցությունն աճել է 0,8%-ով։ Հետաքրքիր է, սակայն, որ դեռևս 2014-ին այն ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակային ասել էր, որ կին պայմանագրային զինծառայողների թիվը զորքերում 20%-ից անցնում է, իսկ վարչարարական աշխատանքներում նրանց ներգրավածությունը 35-40% է կազմում։ Ավելին, 2012-ին ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Զինված ուժերում ներգարվված է ավելի քան 1400 կին զինծառայող և սպա, իսկ 2017-ին նշվում էր, որ կանանց թիվը գերազանցում է 2000-ը։

Կանանց զինվորական ծառայությունը Հայաստանում կամավոր-պայմանագրային է: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք Հայաստանում ծառայելու հիմնականում երկու տարբերակ ունեն՝ ծառայել պայմանագրային հիմունքներով կամ ծառայությունն ընտրել որպես մասնագիտություն և ընդունվել ռազմական ուսումնական հաստատություններ, որտեղ կանանց ընդունելությունը հնարավոր է դարձել միայն 2013 թվականից։ Կին ծառայողների համար իրենց դռները առաջին անգամ բացեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու Ռազմական ավիացիոն ինստիտուտը։

Մինչև 2012-ը կանայք հիմնականում ծառայում էին պաշտպանության նախարարության աշխատակազմում և բժշկական ու կապի ծառայությունների ոլորտներում: 

Այժմ նրանք ներգրաված են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներում, սակայն, միևնույն է, նրանց մեծ մասը այժմ էլ ենթասպաներ են և ներգրաված են ադմինիստրատիվ աշխատանքներում։ 

Հատկանշական է, որ կին զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում է, եթե կա թափուր պաշտոն, որը կարելի է համալրել իգական սեռի զինծառայողով: Ընդ որում, կին զինծառայողի՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու հարցը որոշում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը: ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Սահմանադրական այս պարտքը, փաստացի, տարբեր կերպ է ընկալվում և կիրառվում քաղաքացիների շրջանում՝ պայմանավորված սեռով։

Հայաստանում չկան բարձրագույն սպայական կազմի պաշտոններ զբաղեցնող կանայք: Սա նշանակում է, որ բոլոր գեներալներն ու գնդապետները տղամարդիկ են։ 

ՊՆ փոխանցմամբ՝ վերջին տարիներին միայն մեկ կին է ներգրաված եղել ԶՈւ բարձրագույն սպայական կազմում, որը պաշտոնավարել է մինչև 2019-ը: Խոսքը 2017-ին Ռազմաբժշկական վարչության պետ նշանակված փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի մասին է։

Ուսումնասիրելով ռազմաուսումնական հաստատություններում կանանց ընդունելությունն ըստ տարեթվերի՝ նկատում ենք, որ 2013-ից նրանց ներգրավումը գնալով աճել է՝ մինչ 2017-ը:

Media.am-ն ուսումնասիրեց նաև միջազգային փորձը՝ հասկանալու, թե ինչն է խթանել այլ երկների զինված ուժերում կանանց թվաքանակի ավելացմանը և նրանց ներգրավմանը զինվորական տարբեր բարձր պաշտոններում:

Նորվեգիա

Նորվեգիայում զինվորական բոլոր պաշտոնները կանանց համար մատչելի են։ Այն Եվրոպայի և ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքի անդամ առաջին երկիրն է, որտեղ ծառայությունը 2015-ին պարտադիր է դարձել երկու սեռերի համար: Արդյունքում, յուրաքանչյուր հաջորդ տարվա զորակոչին կանանց համամասնությունն ավելացել է։

Չնայած կանանց թիվը տարեցտարի ավելանում է բանակում, այնուամենայնիվ ԶՈւ ընդհանուր անձնակազմում, նույնիսկ այս փոփոխությունից հետո, կանանց ներգրավածությունը շարունակում է անհամեմատ փոքր մնալ։ 2021-ի տվյալներով՝ կանայք ողջ անձնակազմի 19%-ն են կազմել, տղամարդիկ՝ 81%-ը։

Նորվեգիայում ցանկացած քաղաքացի, որպես ընդհանուր կանոն, պարտավոր է որոշակի ժամանակով ծառայել պետության պաշտպանությանը։ Ամբողջական ծառայությունը 19 ամիս է։ Ծառայությունից կարելի է հրաժարվել շատ տարբեր հիմքերով, որոնց թվում են կրոնական և բարոյահոգեբանական համոզմունքները, զգացմունքային վերաբերմունքը և այլն։

Սկանդինավյան այս երկրում միջին հաշվով յուրաքանչյուր զորակոչային տարի մոտ 7500 կին և տղամարդ ավարտում է իր առաջին ծառայությունը, կամ այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր խմբի մոտ 13%-ը։ The Quarterly Journal of Economics-ի 2020-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց ներգրավածության մեծացումը նորվեգական զինված ուժերում հասարակության մեջ իջեցրել է սեքսիստական տրամադրությունները։

Գերմանիա

Գերմանիան կանանց թույլ տվեց ծառայել մարտական ​​դիրքերում 2001-ին՝ Եվրոպական դատարանի որոշմամաբ։ Մինչ այդ կանայք հիմնականում աշխատում էին որպես բժիշկ և զինվորական նվագախումբ: Այժմ Գերմանիայի ԶՈւ-ում մոտ 23.000 կին զինվոր կա, և թիվը գնալով աճում է: Նրանք ընդհանուր թվի 12%-ն են կազմում: Այսօր կամավոր զինվորական ծառայության յուրաքանչյուր հինգերորդ և սպայական կարիերայի յուրաքանչյուր երրորդ դիմումը կանանցից է:

Իսրայել

Իսրայելում 18-28 տարեկան բոլոր քաղաքացիներն անցնում են պարտադիր զինվորական ծառայություն։ Կանայք ծառայում են երկու տարի, տղամարդիկ՝ երեք տարի: Կանայք կարող են ազատվել զորակոչից կրոնական նկատառումներով, եթե ամուսնացած են, հղի են, երեխաներ ունեն: Նրանք ծառայում են բանակի բոլոր ճյուղերում և շատերը զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Իսրայելում 160 000 իսրայելցի զինվորներից 35%-ը կանայք են։

Առաջին խառը հետևակային ստորաբաժանումը այստեղ ստեղծվել է 2004-ին։ Այդ ժամանակից կանանց համար բաց զինվորական պաշտոնների տոկոսը անշեղորեն աճել է: Ըստ վիճակագրության՝ 2013-2017-ին կին զինվորների թիվը հետևակում ավելացել է 350%-ով:

Իսրայելի կին մարտական ​​զինծառայողների թիվը՝ ցամաքային զորքերում

ԱՄՆ

ԱՄՆ-ում կանանց թույլատրված է ծառայել բոլոր դիրքերում՝ սկսած 2014-ից: Նրանք միջինում կազմում են անձնակազմի 16-17%-ը, այստեղ է ծառայում ավելի քան 224 000 կին, բայց միայն 6%-ն է հասնում հրամանատարական պաշտոններին:

Հատկանշական է, որ դեռևս 1975-ին կանայք չէին կարող մուտք գործել նույնիսկ Ուեսթ Փոյնթ՝ երկրի ամենանշանավոր ռազմական ակադեմիա: Բանակում նրանք վարչական պաշտոններ են սկսել զբաղեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Ռուսաստան

ՌԴ-ում պարտադիր զորակոչման են ենթական միայն 18 տարին լրացած տղամարդիկ։ Կանայք պայմանագրային հիմունքներով կարող են զորակոչվել, երբ կան թափուր տեղեր, որոնք «կարող են զբաղեցնել կին զինվորականները»։ Պաշտոնական տվյալներով՝ 2021-ին ՌԴ ԶՈւ-ում ծառայել է ավելի քան 300 000 կին, 270 000 քաղաքացիական, 40 000՝ զինվորական անձնակազմ։

Կանանց համար հասանելի են հետևյալ ոլորտները՝ կապ (ռադիոօպերատոր, կապի տեղադրող, կապի օպերատոր), բժշկություն (ախտահանող, բուժքույր, բուժակ), պոլիգրաֆիա (փորագրիչ, սարքավորումների կարգավորիչ), համակարգչային տեխնիկա (համակարգչային օպերատոր):

Շվեդիա

Շվեդիան Նորվեգիայից հետո երկրորդ եվրոպական երկիրն է, որտեղ սահմանվում է պարտադիր զինվորական զորակոչ՝ անկախ սեռից։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է զորակոչային համակարգի վերականգնումից հետո, որը չեղարկվել էր 2010-ին և վերադարձվել 7 տարի անց՝ արդեն գենդերային չեզոք տարբերակով։

Ինչպես Նորվեգիայում, այնպես էլ Շվեդիայում կա պոտենցիալ զորակոչիկների ընտրության լուրջ ընթացակարգ, և նրանց ծառայության ժամկետը որոշվում է անհատապես և տատանվում է 7-15 ամիս: 2019-ի տվյալներով՝ կանայք Շվեդիայում կազմում էին զինվորականների մոտ 17%-ը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *