2013.04.02,

Նյուսրում

Նոր ամսաթերթ Գյումրիում. «Ջազ ինֆո»

2012թ-ի կեսերին Գյումրիում Ջազ ակումբ հիմնադրվեց: Հիմնադիրների հաջորդ քայլը եղավ «Գյումրին եւ ջազը» նախագծի իրականացումը: Դե, իսկ «Ջազ ինֆո» ամսաթերթի ստեղծումը ակումբի հիմնադիրները համարում են իրենց ծրագրերի տրամաբանական շարունակությունը:

Ջազը խորհրդային տարիներին, հատկապես անցյալ դարի 60-ականներին մեծ մասսայականություն է վայելել Գյումրիում: Երկրաշարժից հետո ջազ երգիչները՝ հնարավորություն չունենալով ստեղծագործել անհատապես, հանդես են եկել փողային նվագախմբի կազմում:

Տարիների ընթացքում փորձ է արվել ամեն կերպ պահել երաժշտության այս տեսակի նկատմամբ հետաքրքրությունը: «Մենք չէինք կարող սահմանափակվել միայն ակումբի ստեղծմամբ կամ «Գյումրին եւ ջազը» նախագծի իրականացմամբ,-ասաց  «Ջազ ակումբի» հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը,- զգում էինք, որ ջազի պրոպագանդման մեկ այլ տարբերակ էլ է հարկավոր ու դա միանշանակ թերթն էր լինելու»:

«Ջազ ակումբ»-ում էլ հենց կայացավ «Ջազ ինֆո» ամսաթերթի շնորհանդեսը: 200 տպաքանակով լույս ընծայվող ամսաթերթը տարածվելու է անվճար: Առաջին համարում տեղ գտած նյութերը հիմնականում «Գյումրին եւ ջազը» նախագծի մասին են:

«Հաջորդ համարները լույս կտեսնեն խորագրերով: Հետագայում կանդրադառնանք ջազի համաշխարհային դասականներին: Մեծ տեղ ենք հատկացնելու հայկական ջազին, առավելապես աշխատելու ենք մեր ընթերցողին ներկայացնել գյումրեցի ջազ երաժիշտներին»,- ասաց ամսաթերթի խմբագիր Լիլիթ Մակարյանը:

Գյումրիում գործող «Քաղաքի գրատուն» տպարանում տպագրվող ամսաթերթն առայժմ սեւ-սպիտակ ֆոնային լուծումների մեջ է: Հետագայում չի բացառվում, որ գուներանգ ավելանա եւ հատկապես ընդգծվի թերթի վերնագիրը:

«Մենք մտածում ենք հետագայում վերնագիրը գունավորել: Գույնն իր մեջ շեշտադրում է պարունակում, ավելի աչքի ընկնող է եւ ի վերջո, թերթն ավելի նկատելի է դարձնում, թեպետ մենք իրացման խնդիր մեր առաջ չենք դրել ու ձեւավորման միջոցով մնացած թերթերի մեջ առավել նկատելի լինելու խնդիր չունենք»,- թերթի ձեւավորման հետ կապված կարծիք հայտնեց Լիլիթ Մակարյանը:

Ցանկացողները ամասթերթը կարող են վերցնել Ջազ ակումբից: «Մենք ամսաթերթը կտրամադրենք նաեւ գրախանութներին, բանկերի սրահներում կլինի դրված, սրճարաններում: 200 օրինակը շատ չի, բայց վստահ եմ, որ ամսաթերթն իր ընթերցողին անպայման կգտնի»,- հույս հայտնեց թերթի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը:

Երանուհի Սողոյան, Գյումրի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *