2003 թվականի նախագահի երկփուլ ընտրությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո իշխանությունից շատ խելք ու փորձառություն չէր պահանջվում՝ հասկանալու համար, որ անդադար կուտակվող դժգոհությունն իր հանդեպ չէր կարող պարպվել ամայության մեջ, և որ վաղ թե ուշ այդ դժգոհությունը փողոց էր հանելու ժողովրդի ավելի ու ավելի մեծ զանգվածների:
Ակնհայտ էր, որ կեղծիքներով ու բռնություններով իշխանությունը պահող ուժերը ունակ չէին առողջացնել մթնոլորտը, շահել ժողովրդի վստահությունը, մանավանդ որ «Վստահության հանրաքվե» հորջորջված հետընտրական բլեֆը 2004-ի ապրիլին ջրել էին Բաղրամյան փողոցում: Ուստի իշխանություն պահելու միակ ռեսուրսը մնում էր հարևան բռնապետությունից կամա թե ակամա փոխառած փափուկ կամ կոշտ ուժի կիրառումը, և հասարակության իրական տրամադրություններն արտահայտելու միակ միջոցն էլ հատուկենտ ազատ կամ ընդդիմադիր թերթերն էին:
2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի ծեծուջարդից հետո բողոքի հրապարակային գործողությունների ալիքը թուլացավ, ապա մարեց տևական ժամանակ: Մռայլ ու ճնշող մթնոլորտում, ահա, անընդհատ փորձեր էին արվում սիրաշահել ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցներին՝ դրանց վրա վերահսկողությունը պահպանելու նպատակով: Եթե դա անհնար էր լինում՝ գործի էին դրվում այլ «զինատեսակներ», կիրառվում էին այլ եղանակներ. ասենք՝ անտեսել, ճնշել, գոյատևման «ծորակները փակել», ներքաշել դատական կամ այլ քաշքշուկների մեջ:
Հասարակության մեջ ծավալվում էր անտարբերությունը, մարում էր ինչ-որ բան փոխելու հույսը, սրան զուգահեռ՝ մշակույթը խեղդվում էր ցածրակարգ սերիալների, համատարած ռաբիսի, ցուցամոլության և գռեհկաբանության ճիրաններում՝ երիտասարդ սերնդի վրա անշտկելի հետք թողնելու իրական սպառնալիքով, և այդ սպառնալիքը տարրալուծվում էր համատարած բթամտության ճահիճում:
Չափազանցություն թող չթվա՝ հենց այս մթնոլորտն էր պարարտ միջավայր ստեղծում մի կողմից՝ ագահության, լպիրշության, զոռբայության, անճաշակության ու հետադիմության բարգավաճման, մյուս կողմից՝ անելանելիության ու հուսալքության խորացման համար: Հասարակության բևեռացումն ակնհայտ էր, ինչպես սովետական հին ու բարի լճացման տարիներին:
Ահա այս գաղջ մթնոլորտում էր, որ համարձակվեցինք շաբաթական պարբերականությամբ տպագրել «Տարեգիրը», բնականաբար՝ պահպանելով էլեկտրոնային տարբերակը:
«Տարեգիրի» առաջին համարի հրատարակումը զուգադիպեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական շրջանին: Այդ օրերին արդեն հասցրել էին մի քանի հարկ պակասեցնել Երիտասարդական պալատի գլխից, և քանդվող շենքի վրա ավելի ու ավելի չարագուշակ տեսք էր ստացել «Այո» քարոզող գովազդային ահռելի պլակատը:
Երիտասարդական պալատի քանդմանը նախորդել էր ճարտարապետական տարերային բումը, քաղաքի կենտրոնի բնակիչների բռնի տեղահանումը և Հյուսիսային պողոտայի վայրենի շինարարությունը: Մինչ այդ տրամվայի գծերի «հավաքումը» մայրաքաղաքի փողոցներից, հանրային գերակա շահ հորջորջումով մարդկանց սեփականազրկելը, ապա և Երևանի խորհրդանշական կառույցներից մեկի վերացումը հասարակության մեջ ընկալվում էր որպես ծաղր և անպատկառություն մայրաքաղաքի անցյալի հանդեպ…
Մեր թերթի առաջին համարի առաջին էջում Երիտասարդական պալատի քանդումը մեկնաբանվեց շատ սուր սարկազմով. «Այո ասեք, և ամեն ինչ կավերվի»: Թերթի երկրորդ համարում ավելի մեծացավ սարկազմի չափաբաժինը. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբը տեղակայված էր Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում, և «Տարեգիրը» այդ համատեքստում ԳԱԱ-ն վերանվանեց ԱՅՈ ռեստորան՝ հրապարակելով հանրաքվեի ճաշացանկը քաղաքական ուժերի անվանումներով:
Նույն թերթի 8-րդ էջում տպագրվեց լուսանկարի «շարունակությունը». Տոտոյի՝ Սուքիաս Թորոսյանի հեղինակած ծաղրանկարն էր:
Այս մտահղացումը՝ առաջին էջի լուսանկարի թեման զարգացնել ու ամփոփել 8-րդ էջի ծաղրանկարով, նորամուծություն էր մամուլի մեջ, ըստ իս՝ իրադարձության լուսաբանման խիստ ուրույն «ժանր», ինքնատիպ լուծում: Մեկ այլ նորամուծություն, ի դեպ, «Տարեգիրում» կիրառեցինք ավելի ուշ՝ թերթի առաջին էջի տակ՝ էջի ամբողջ երկայնքով տպագրում էինք «Վազող տող» խորագրով ինչ-որ լուր: Ընդ որում, հոգ չէր, որ լուրը կարող էր կիսատ լինել ու առանձնապես որևէ կարևորություն չունենալ…
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված էր նոյեմբերի 27-ին: Այն, բնականաբար, տեղի ունեցավ իշխանության սցենարով:
Թե ինչ մթնոլորտ էր երկրում՝ առավել սպառիչ պատկերացում կարող են տալ նույն համարի մի քանի լուր:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հաջորդած տրամադրությունները մամուլում մատուցելը արդեն իսկ բավական էր, որ ժողովրդավարության երբեմնի կղզյակը հիմա արդեն ավելի շատ նմանվեր բռնապետության ճահիճի: Տպավորություն էր ստեղծվում, թե երկիրը դրվել է ԱԼՄ-ի ստուդիայում հավաքած ռելսերի վրա. երբ որ կոճակը միացվի՝ կշարժվի, անջատվի՝ կանգ կառնի, ընդ որում, հասկանալի էր, որ ոչ մի շեղում չի կարող լինել ռելսերից:
Հերթական համարի «Ուրբաթ օրվա միտինգը», դրանից ձախ զետեղված «Ոչ մի զիջում փոքր եղբորը», նաև՝ այդ օրերի «Տարեգիրի» այլ հրապարակումներով կարելի էր հստակ և ամբողջական պատկերացում կազմել տարերայնորեն տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական դաշտի լրջության աստիճանի, հասարակության մեջ տիրապետող տրամադրությունների մասին:
«Տարեգիրը» օրվա դեպքերի մերկապարանոց լուսաբանողը չէր, անկարևոր կամ արձանագրային անցուդարձի շարադրանք չէր, լուսանկարային պարզունակ վերարտադրություն չէր, ժամանակի ճշմարիտ ու խոսուն տարեգրությունն էր, և դա էր «Տարեգիրը» կենսունակ պահող հենակետը, որը ամրագրել էինք «Ճշմարիտ խոսքը բացարձակ արժեք է» ձևակերպումով:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: