2013.03.29,

Քննադատ

Կինոյի մասին լուրերը ավելի շատ ոչ թե տեղեկացնում, այլ մոլորեցնում են

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կան թեմաներ, որոնք, հայտվելով հայաստանյան մեդիա դաշտում, տարօրինակ կերպով ձեւախեղվում են, իսկ երբեմն էլ ուղղակիորեն վերածվում են ապատեղեկատվության: Այդպիսի թեմաներից է կինոն, հատկապես՝ երբ խոսքը այս կամ այն կերպով հայերի հետ ասոցացվող կինոաշխատանքներին է վերաբերում:

Երկու տարի առաջ, օրինակ, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ դիմելու է հոլիվուդյան անառարկելի հեղինակություն հանդիսացող Սթիվեն Սփիլբերգին՝ Հայոց Եղեռնի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու առաջարկով:

Այդ ինֆորմացիան հստակ չէր, անգամ պարզ չէր ապագա ֆիլմում Սփիլբերգի մասնակցությունը (ռեժիսո՞ր, պրոդյուսե՞ր, թե՞ խորհդատու): Դա ավելի շուտ ցանկություն-ենթադրություն էր, որը Կինոկենտրոնի ղեկավարը հանրայնացրեց՝ իր տնօրինության տակ գտնվող կառույցի աշխատանքին առավել մեծ ուշադրություն հրավիրելու համար:

Գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվ շրջանառության մեջ դրեցին Կինոկենտրոնի հայտարարությունն այն մասին, որ Սփիլբերգը եւ նրա հայտնի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարիստ Սթիվեն Զայիլյանը հետաքրքրված են հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու գաղափարով: Որոշ լրատվամիջոցներ դա ներկայացրին որպես փաստ: Այդ տեղեկությունն իրոք հիանալի էր հնչում՝ Գեւորգյանն ու Սփիլբերգը բանակցում են միասին աշխատելու նպատակով, որպեսզի ցեղասպանության նուրբ ու ցավոտ թեման աշխարհում հնչի ամենայն ուժգնությամբ:

Հետո պարզ դարձավ, որ այդ լուրը հիմք չունի, քանի որ հայկական կողմը պաշտոնապես բանակցություններ չէր էլ սկսել Սփիլբերգի ու Զայիլյանի հետ: Ընդ որում՝ այդ մասին հայաստանյան ընթերցողը տեղեկացավ թուրքական լրատվամիջոցներից (Hürriyet-ի թղթակիցը հարցազրույց էր արել Սփիլբերգի ագենտի հետ):

Որպես օրինաչափություն՝ կինոյին վերաբերող ինֆորմացիան չհիմնավորված լուրի տեսք է ստանում միջազգային կինոփառատոնների նախաշեմին, երբ մեդիան սկսում է ավետել հայաստանյան կամ հայերի հետ որեւէ առնչություն ունեցող ֆիլմերի մասնակցությունը կինոփառատոններում:

Մայիսի 15-ին մեկնարկելու է Կաննի կինոփառատոնը, եւ արդեն տարբեր լրատվամիջոցներ (այդ թվում՝ նաեւ կշիռ ունեցող) տեղեկացրին, որ Հայաստանը մի քանի ֆիլմերով ու միանգամից մի քանի ծրագրերում է մասնակցելու:

«Երկիրը» գրեց՝ «Հայաստանը Կաննի փառատոնին կմասնակցի երկու ֆիլմով»՝ մեջբերելով Կինոկենտրոնի ներկայացուցչի խոսքը՝ «Մրցութային ծրագրի «Լավագույն453 արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արդեն ներկայացված է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը: Իսկ հայ-ֆրանս-ուկրաինական համատեղ նախագիծը` «Փարաջանով` գեղեցիկի սիրահար»-ը ֆիլմը կներկայացվի շուտով»:

Լրագրողն անվարան կերպով «ներկայացված» բառը հոդվածի վերնագիր էր դարձրել:

168.am-ը տեղեկացրեց՝ «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք ծրագրում»:

«Արմենպրեսը» հայտնեց, որ Հայաստանի «ներկայանալի մասնակցությունը կլինի ինչպես մրցութային ծրագրում, այնպես էլ՝ կինոշուկայում»:

Ակամայից հարց է ծագում՝ իսկ որտեղի՞ց գիտեք, որ նշված ֆիլմերը մրցութային ծրագրի ֆիլտրով են անցել:

Թվում է՝ ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել. ֆիլմը ներկայացվել է, լրատվամիջոցն էլ այդ մասին լուր է կազմել, սակայն լրագրողը փորձ չի արել պարզել՝ ֆիլմը ներկայացվելուց հետո ընդգրկվե՞լ է մրցութային ծրագրում, թե՞ ոչ, որո՞նք են մրցույթի մասնակցության պարտադիր պայմանները, եւ, ի վերջո, ե՞րբ է հրապարակվելու մասնակից ֆիլմերի ցանկը, որպեսզի «մրցութային ծրագրում մասնկացության» լուրը մերկապարանոց չհնչի:

Կաննի կինոփառատոնի կայքը տեղեկացնում է, որ թեեւ ֆիլմերի սելեկցիոն հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է մարտի 15-ին, մրցութային ֆիլմերի պաշտոնական ծրագիրը կհրապարակվի ապրիլի կեսերին՝ ասուլիսի ընթացքում: Եվ մինչ այդ մասնակցության մասին ինֆորմացիան ընդամենը ցանկություն է, այլ ոչ թե փաստ, քանի որ բոլոր ներկայացված ֆիլմերը հայտի կարգավիճակում են:

Այդ տեղեկությունը պարզելու համար ընդամենը մի քանի վայրկյանի աշխատանք պետք է անել ու ստուգել կինոփառատոնի աշխատանքային ժամկետները: Ինչպես նաեւ հստակեցնել, որ կան մրցութային, արտամրցութային եւ հատուկ ցուցադրումների ծրագրեր (դրանք իրոք բազմապիսի են): Ֆիլմեր կարելի է ցուցադրել նաեւ կինոշուկայի ազգային տաղավարում ընդամենը 10-15 ցանկացողների համար:

Անենք մի դիտարկում եւս՝ «Մրցութային ծրագրի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգ» (ինչպես նշել էր yerkir.amը) Կաննի կինոփառատում գոյություն չունի:

Ինֆորմացիան առանց ստուգելու հրապարակելու պրակտիկան եւ լրատվամիջոցների «իմիջիայլոց» աշխատանքը ոչ միայն վնասում են կինոարտադրող ընկերություններին ու մեծ իմաստով Հայաստանի իմիջին, այլեւ իրապես մոլորեցնում են լուրեր սպառողներին: Այսինքն՝ մեզ բոլորիս:

Ի վերջո, Կինոկենտրոնը կամ անհատ ռեժիսորը լրագրողին ընդամենը իրենց տեսանկյունն են փոխանցում, որին կուրորեն հավատալն ու բառացի մեջբերելը արդարացված չէ, եթե դրան չի գումարվում լրագրողի նետած քննադատական (թեկուզեւ շատ կարճ նետած) հայացքը:

Նունե Հախվերդյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *