Տվյալների հետ աշխատանքը` տվյալների լրագրությունը (Data journalism) այսօր ակտիվ զարգացող ոլորտներից է, քանի որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տվյալների շտեմարաններ։ Բայց խնդիրն այն է, որ այդ շտեմարանների մասին սովորաբար տեղյակ չեն ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ լրագրողները։
Փորձենք տեսնել, թե Հայաստանի մասին տվյալներ պարունակող ինչ բազաներ, շտեմարաններ գոյություն ունեն: Ուշադրություն դարձնենք հատկապես քիչ հայտնիներին։
Հասկանալի է, որ մեծ ծավալով տեղեկատվություն կարելի է գտնել նախարարությունների եւ գերատեսչությունների կայքերում։ Սակայն ուզում եմ նշել քիչ հայտնի կառավարության e-gov կայքը, որը պարունակում է ահռելի քանակությամբ հետաքրքիր տեղեկատվություն կառավարության աշխատանքի վերաբերյալ։
Այստեղ կարելի է գտնել ինտերակտիվ բյուջեն՝ մանրամասն ծախսերով, մեկ անձից կատարվող գնումները, ՊՈԱԿ-ների ֆինանսավորումը եւ այլն։ Այս համակարգին կից գործում է դատական տեղեկատվական համակարգը։
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կայքը ամենահագեցվածներից է. այստեղ ներկայացված են Հայաստանի մասին բազմակողմանի տվյալներ։
Այս կայքից, իհարկե, շատերն են օգտվում (չնայած՝ այցելությունների թիվը օրական հասնում է ընդամենը յոթ-ութ հարյուրի), սակայն դրան կից երկու այլ կայքեր անհայտ են մնում. մեկը՝ Armdevinfo.am-ն է, մյուսը՝ Armstatbank.am-ը: Երկուսն էլ վիճակագրական ծառայության տվյալների հետ աշխատելու գործիքներ են տալիս:
Դրանցից բացի՝ Հայաստանի մասին տվյալներ կարելի է ստանալ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կայքերից։
Բավական հայտնի է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տարբեր երկրների վերաբերյալ տվյալների շտեմարանը։ Սակայն, օգտվելով այդ բազայից, պետք է հաշվի առնել, որ ինչպես բոլոր երկների, այնպես էլ Հայաստանի բաժնում տվյալների մի մասը հնացած է, իսկ երբեմն էլ աղբյուրն անորոշ է (հայտնի չէ, թե ինչի վրա է հիմնվում գործակալությունը՝ տրամադրելով տվյալները)։
Online Data Analysis (ODA) ներկայացնում է The Caucasus Research Resource Centers (CRRC) կազմակերպության տվյալները Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի մասին։ Այստեղ հասարակագիտական հարցումների հիման վրա ստացած բազմաթիվ տվյալներ հավաքված ու դասակարգված են ըստ տարիների (2012 թվականի տվյալները շուտով նույնպես կներկայացվեն կայքում)։
Համաշխարհային բանկը տրամադրում է Հայաստանի մասին մեծածավալ տնտեսական եւ այլ տեղեկատվություն։ Գործում է նաեւ Հայաստանի մասին ՄԱԿ-ի տվյալների շտեմարանը:
Գոյություն ունեն շատ ավելի նեղ տվյալների շտեմարաններ։ Օրինակ՝ Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանի վերաբերյալ գների գրաֆիկներ է առաջարկում։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունները ներկայացնում են իրենց մասնագիտական տվյալները Հայաստանի մասին։
Google-ն իր հերթին ստեղծել է բաց շտեմարանների հավաքածու, որտեղ կարելի է գտնել նաեւ Հայաստանի մասին տվյալները եւ, ինչը շատ կարեւոր է, այդ տվյալները դարձնել պատկերավոր։ Օրինակ՝ Հայաստանի բնակչության աճի գրաֆիկը՝ ներառյալ ապագա կանխատեսումները։
Իրականում տվյալ տիպի շտեմարանները շատ ավելին են։ Բայց դրանց հետ աշխատելիս պետք չէ մոռանալ, որ կուրորեն վստահելը ոչ միշտ է արդարացված։ Օրինակ՝ Առողջապահության կազմակերպության տվյալներից ելնելով՝ ստացվում է, որ Հայաստանում ալկոհոլի սպառումը ավելի մեծ է, քան Ռուսաստանում եւ Ուկրաինայում։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: