2022.03.23,

Նյուսրում

«Լրատուն»․ գրաքննություն, լրագրողների հանդեպ ճնշումներ և մարդու իրավունքներ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մարտի 23-ից սկսած «Լրատուն» նախագիծը հերթական ցուցադրությամբ պատմում է հայկական մեդիայում մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների,  քարոզչության, լրագրողների նկատմամբ ճնշումների մասին։

Այս անգամ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը միավորել է երկու՝ «Մարդը ափի մե՞ջ լրագրողի տեսանկյունը» և «Առանց գրաքննության» թեմաները։ 

Թեմաները բազմակողմանի ներկայացնելու համար օգտագործվել են թեմատիկ հրապարակումներ, տեսանյութեր, վավերագրական ֆիլմեր, ոլորտային փորձագետների հետ անցկացվել են խորքային հարցազրույցներ։

Այս բոլոր նյութերն օգնում են նավարկել հայկական մեդիայի նորագույն շրջանի պատմության մեջ, հասկանալ լուսաբանումների տրամաբանությունը և իրողություններին նայել մեր ժամանակներից, երբ արագորեն փոխվում են լրատվամիջոցների մարտահրավերները։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը բացման խոսքում ասաց, որ այս ցուցահանդեսը նպատակ ունի ձևավորել մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են խոսել, քննարկել ու ռեֆլեքսիայի  ենթարկել ներկայացված խնդիրները «Մենք այս ցուցահանդեսով պահոց ենք ստեղծում, արխիվ` կրթության, քննարկումների և մեդիագրագիտության համար։ Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում եղած իրադարձությունները չեն նպաստում, որպեսզի լրագրողական դաշտում տարբեր մասնագիտական քննարկումներ լինեն»։

Նրա խոսքով,  ճիշտ կլինի ցուցահանդեսը նվիրել պատերազմը լուսաբանող լրագրողներին, որոնք այս օրերին աշխատում են Ուկրաինայում, այն ռուսաստանցի լրագրողներին, որոնք հիմա Հայաստանում են, արցախյան պատերազմը լուսաբանած հայ լրագրողներին և այլ պատերազմներ լուսաբանող մասնագետներին։

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ ցուցահանեսի հիմնական բովանդակությունը ներկայացված չէ ցուցապատերին, այն համակարգված է հպէկրանների մեջ։

«Սահմանադրությունը, օրենքները պաշտպանում են մարդու իրավունքները, բայց մեդիայում խտրականության ալիքներ են հրահրվում տարբեր մտածող, տարբեր զգացող մարդկանց հանդեպ։ Պաշտպանվա՞ծ է անաչառ մեդիան առաջին դեպքում, պաշտպանու՞մ է մարդու իրավունքները երկրորդ դեպքում։ Առաջիկա երկու շաբաթներին «Լրատուն» նախագծի նոր ցուցահանդեսը այս հարցերի շուրջ է մտորելու առիթ ստեղծելու»,- ասում է նախագծի հեղինակը:

Ըստ նրա, մեդիայի համար բարդ ժամանակներ են, հետճշմարտության փուլում ենք, երբ շատ է կեղծիքը և անգամ մասնագետները գլուխ չեն հանում այս քաոսից «Հույս ունեմ նոր տեխնոլոգիաները մեզ կօգնեն վերադառնալ մինչև հետճշմարտություն եղած ժամանակներ։ Վիճակը կկայունանա և հնարավոր կլինի աշխատել լրագրության գլխավոր սկզբունքներով»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ մեդիա նյութերի արխիվացումը հնարավորություն է տալիս շատ իրադարձություններ ճշգրիտ լուսաբանել, քանի որ ձեռքի տակ ունես փաստեր հրապարակումների, լուսանկարների, տեսանյութերի, հարցազրույցների տեսքով։

«Այս ցուցահանդեսին խորհուրդ եմ տալիս գալ հատկապես ավելի երիտասարդ սերնդի լրագրողներին և մասնագետներին, որոնք հնարավոր է այդքան տեղեկություններ չունեն դաշտի ու լրագրության պատմության մասին։ Կարևոր է չկտրվել պատմությունից, անցյալից և չտրվել  այսօրվա տիեզերական չափերի հասնող մանիպուլյացիաներին»,- ասում է իրավապաշտպանը։

Ըստ նրա, սա ցուցահանդեսն առիթ է խոսել արժեքավոր լրատվամիջոցների և նրանց գործի կարևորության մասին, քանի որ նրանք են Հայաստանի համար ապագա կանխորոշելու, եթե հավատարիմ մնան իրենց սկզբունքներին «Մեր մեդիադաշտը սարսափելի աղտոտված է, և շատ կարևոր է սկզբունքային լինելը, տարբեր տեսակետներ ներկայացնելն ու լրատվության որակի և ազդեցության մասին հաճախ մտածելը»։

Ցուցահանդեսի այցելուներից պատմաբան Ալմաստ Մուրադյանն ասում է, որ նյութը հսկայական է ու հետաքրքիր՝ ժամանակային համեմատականներ անցկացնելու տեսանկյունից։

«Մեդիայի միջոցով պատմական այս էսքկուրսը շատ օգտակար է տարբեր մասնագետների համար, որովհետև այն և՛ հարցեր է առաջացնում, և՛ հարցերի պատասխաններ տալիս։ Այն նեղ ոլորտային չէ, կան նաև պատմագիտական և քաղաքագիտական նյութեր, որոնք հիմա էլ արդիական են և կարող են հետազոտման առանձին նյութ դառնալ»,-ասում է Ալմաստը։

«Լրատուն» նախագիծը մուլտիմեդիա ցուցահանդեսների շարք է, որը ներկայացնում է Հայաստանում նորագույն պատմությունը լրատվամիջոցների լուսաբանման միջոցով, բացահայտում հրապարակումների ստեղծման մանրամասներ, վերլուծում և բացատրում է լրատվամիջոցների աշխատանքը։

«Լրատան» ցուցահանդեսները տարբեր տարիների ներկայացվել են Երևանում,  Գյումրիում Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։  Այս տարի ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև ապրիլի 6-ը՝ Սարգիս Մուրադյան պատկերասրահում ( Իսահակյան 38)։

Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *