«Մեր այս դարում թերթերը փորձում են պարտադրել հանդիսատեսին դատել քանդակագործի մասին ոչ թե իր քանդակներով, այլ ինչպես է նա վերաբերվում իր կնոջը, նկարչի մասին՝ նրա եկամտի չափով, պոետի մասին՝ նրա փողկապի գույնով»,- Օսկար Ուայլդի այս խոսքերով եմ ուզում սկսել մտրումներս:
Ժամանակին խմբագիրներն ու լրագրողները կերազեին աշխատել առանց գրաքննության, եւ այսօր այդ առումով իսկապես ազատություն է, ավելին՝ սանձարձակություն է: Իհարկե, եթե ընտրելու լինեմ՝ կընտրեմ այսօրը: Թե էլեկտրոնային, թե տպագիր բազմաքանակ մամուլը լցված է կարեւոր ու անկարեւոր, հետաքրքիր ու անհեթեթ ինֆորմացիայով: Բայց անգամ քեզ հետաքրքրող հոդվածների մեծամասնությունն ընկալելու համար տրամաբանությունդ հայտնվում է փակուղիներում՝ գուշակելով, թե ի՞նչ ասել է սա… Ի՞նչ էին ուզում ասել մեզ մեր «հարգարժան» լրատվամիջոցները:
Իսկ ավելի մեղմ տարբերակում հասկանում ես, բայց ապշում լրագրողի բացարձակ տգիտությունից: Ի՞նչ է նշանակում՝ «Այսինչ» համարանիշով մեքենան վրաերթի ենթարկեց «այնինչին»: Ի՞նչերեն է սա առհասարակ: Թե՞ մեր քաղաքում ծրագրավորված ռոբոտ մեքենաներ են առանց վարորդի երթեւեկում: Բա ասեք, որ էդտեղ էլ ենք առաջինը աշխարհում…
Այսօր կարդում եմ, որ Պակիստանի 46-ամյա քաղաքացին «Ալադդին» ռեստորանային համալիրում ծեծել է հայուհի կնոջը: Յաաա՜, հայուհի տղամարդ էլ է լինո՞ւմ:
Սա դեռ լավ է. մշակութային էջերում ուղղակի խայտառակություն է տիրում: Գովում, գովում, գովում են հերթական անտաղանդ «աստղիկին»՝ առանց ներկայացնելու ինչն է գովելի՝ կատարումը՞, գործը՞, թե՞ նրա հովանավորը:
Կամ գրում են. «ՙՆերկայացումը ձանձրալի էր, մարդիկ դուրս էին գալիս»: Ոչ մի վերլուծություն՝ ձանձրալի էր ու վերջ: Ուզում ես ասել՝ ա՛յ թյուրիմացություն, դու անգամ քո մայրենին չգիտես, ի՞նչ իմանաս՝ ինչ է թատրոնը, երաժշտությունը, կերպարվեստը, կինոն կամ գրականությունը:
Օ՜, բա ինչ լավն են նորաձեւության, դիետաների, համաշխարհային աստղերի, սեքսի օգտակարության, ճիշտ ու սխալի մասին գրողները: Կարդում ես, ասում՝ երնե՜կ քո տիրոջը:
Քաղաքական մամուլին չեմ էլ ուզում անդրադառնալ, պարզ է, բայց էստեղ, լրագրողների մակարդակն ավելի բարձր է, իհարկե խոսքս բարոյականի մասին չէ, ավելի շուտ կրթական:
Կա՜ն, կա՛ն լավերը, բայց դրանք այնքան քիչ են: Անգամ վերջին շրջանում շատ լրագրողներ ու բլոգերներ անցել են ավանդական ուղղագրությանը, որն ինձ համար հատկապես ուրախալի է: Ու նրանք գոնե գիտեն, ասենք, «հետ» եւ «ետ», «ամսեկան» ու «ամսական» բառերի տարբերությունը…
Ելնելով այսօրվա մեր կրթական համակարգից, պարզ գիտակցում եմ, թե ինչքան բարդ է ուսյալ կադրեր ձեռք բերելը. դիպլոմ ունեն, գիտելիքներ՝ ոչ: Բայց, հարգելիներս, մեզ չէ – ձե՛զ հարգելով, մի քանի թերուս, անիմաստ թղթակցի փոխարեն, ամբողջ խմբագրության համար կարելի է ունենալ մեկ գրագետ խմբագիր:
Թե չէ ամեն անգամ եւս մի խեղկատակություն կարդալուց հետո ուզում ես ասել, որ ճիշտ էր Ժիրինովսկին, երբ ասում էր. «Ես սիրում եմ այն ժուռնալիստներին, որոնք նման են Ջոն Րիդին. թողարկումն արեց, մեռավ, թաղեցին»:
Սրբուհի Ստամբոլցյան
երաժիշտ, երգչուհի
Դպրոցը՝ Նադեժդա Կրուպսկայայի անվան,19 դպրոց
Կրթությունը՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտ եւ Պետական Կոնսերվատորիա, սովորել եմ, բայց չեմ ավարտել
Սիրելի ֆիլմը՝ չեմ կարող որեւէ մեկն առանձնացնել
Սիրելի գիրքը՝ մի հատը չի, շատ-շատ են
Նախընտրելի երաժշտությունը՝ նախեւռաջ դասական երաժշտությունը, ընդ որում՝ ոչ թե իտալական, այլ գերմանաավստրիական: Եվ իհարկե ժողովրդական:
Սիրելի արտահայտությունը՝ հաճախ ասում եմ՝ դե որ էդպես է, ուրեմն… Ասենք՝ դե որ էդպես է, ես գնացի: Կամ՝ դե որ էդպես է, ես լռեցի…
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: