Հայտնի կոմպոզիտորի երաժշտության ներքո ծնված պատկերներից մինչև թավշյա իրադարձությունների ժամանակ ստեղծված լրատվամիջոցի համար նվեր: Լոգո պատումները շարունակվում են․․․
Հայկական լրատվամիջոցների տարբերանշանների պատմությունների առաջին մասը կարդա՛ այստեղ։
Infocom
Ինֆոքոմը կամ «Ինֆորմացիոն կոմիտեն» սկզբում տելեգրամյան ալիք էր, որը հեղափոխության և/կամ իշխանափոխության օրերին ծառայում էր որպես արագ տեղեկատվության աղբյուր։
Ինչպես 2018-ի շարժումն էր ինքնաբուխ, այնպես էլ նոր ու դեռ ոչ պաշտոնական լրատվամիջոցի լոգոտիպի հիմքում ընկած պատմությունը։
Սկզբում կար միայն տելեգրամյան ալիքի անունը՝ Ինֆոքոմ, իսկ նկարի տեղում դնելու համար պատկեր էր պետք․ ինչպես լրատվամիջոցի հիմնադիրներից մեկն է ասում՝ առանց խորանալու «Ինֆոքոմ» էին գրել։
«Պատկերը քննարկելու ժամանակ էլ չունեինք, ոչ էլ Ինֆոքոմը մշտապես գործող լրատվամիջոց դարձնելու նպատակներ կային», – հիշում է կայքի համահիմնադիր Սևակ Մամյանը։
Ինֆոքոմն արդեն վայելում էր հայ ընթերցողի ուշադրությունն ու վստահությունը, երբ 2018-ի ապրիլի 26-ին՝ ֆեյսբուքյան էջը բացելուց մեկ օր անց իրենց ծանուցում եկավ։ Դիզայներ Արա Ասլանյանը հրապարակում էր արել, գրելով՝ ո՞վ է Ինֆոքոմի մարդկանց ճանաչում, ասեք նրանց, որ կարող են այս լոգոտիպն օգտագործել։
Ասլանյանը, ով նաև հեղինակել է այդ օրերին հայտնի «դուխով» տարբերանշանը, նույն լուծումն է տվել նաև Ինֆոքոմի լոգոտիպին, միայն այստեղ երկաթագիրը կլոր ծայրեր ունի։ Դիզայներն արդեն չի հիշում, թե ինչը դարձավ լրատվամիջոցի տարբերանշանը ստեղծելու շարժառիթը, սակայն վառ դեղինի ընտրությունը, հիմնականում, տելեգրամյան մյուս ալիքներից առանձնանալու միտում ուներ։
Այդ դեղինն Ինֆոքոմը մինչ օրս օգտագործում է որպես իր վիզուալ լեզվի հիմք։
Ա1+
1991-ին Մեսրոպ Մովսիսյանը հիմնադրեց Ա1 ստուդիան, որի անվան շուրջ մտքերի պակաս չկար։ Այստեղ Ա-ն խորհրդանշում է առաջինը, 1-ը՝ միակը։ Դրանից բացի` հեռուստաընկերության առաջին տեսախցիկը, որը նվիրել էին Մովսիսյանին, A1 սերիայի էր, ինչպես նաև գոյություն ուներ A1 միջազգային բարձրագույն ստանդարտը։
Սկզբում հեռուստաալիքը կոչվել է Ա1, առանց պլյուսի։ Առաջին լոգոն հավերժության նշանով էր, իսկ խաչն ուղղակի ոճային լուծում էր։ Ալիքի գործունեությունն առաջին անգամ դադարեցրին 1995-96-ին, իսկ վերաբացվելուց հետո պիտի նոր անուն դնեին, սակայն այն պիտի մի բան լիներ, որով մարդիկ իրենց կհիշեին։ Այդպես ծնվեց A1+-ը։
Հերթական եթերազրկումը եղավ 2002-ին, որից հետո կամաց-կամաց ստուդիան մուտք գործեց ինտերնետային տիրույթ, ստեղծեց կայք ու հեռուստաալիքի անվան պատճառող բախվեց մարտահրավերների։
«Ինտերնետում ալիքի անվանումը կոմպոզիցիոն առումով հարմարավետ չէր։ Չէինք կողմնորոշվում՝ մեկը որպես թիվ գրենք, թե «մեկ» բառը, նույնը պլյուս նշանի հետ էր»- ասում է Ա1+-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը։
Եկավ ժամանակ, երբ հեռուստաընկերությունն անցավ լատինատառ լոգոյի, հետո վերադարձավ հայատառին։ Շուտով ի հայտ եկավ տարբերանշանի զառերով տարբերակը, որին հաջորդել են կայքի ևս երկու թարմացումներ՝ թողնելով տարբերանշանի հիմքը։ Այժմ այն ձեռք է բերել ավելի պարզ ու «քիչ զբաղված» արտաքին։
Պրոդյուսեր Օհանջանյանի խոսքով իրենք շատ դժվար են լոգոներ ընտրում։ Պարբերաբար մրցույթներ են հայտարարում ու պահում բոլոր առաջարկների օրինակները։ Հատկապես բարդ է պլյուս նշանի ճիշտ պատկերումը, որը հաճախ սվաստիկա է հիշեցնում։ Ա1+-ի տարբերանշանի վերջին թարմացումը եղել է 2018-ին։
FM 105.5 Yerevan
1987-ին Անահիտ Թարխանյանը քայլում էր Մոսկվայի Արբատ փողոցով, երբ ուշադրությունը մի յուրահատուկ երաժշտություն գրավեց՝ Չյուռլիոնիս էր։ Ֆլեյտահարը նվագում էր, մեկ ուրիշն էլ այդ ելևէջների ներքո նկարում։ Նկարիչն ասաց, որ երաժշտությունն ինչ թելադրում է, այն էլ պատկերում է կտավի վրա։
«Մի նկար շատ հավանեցի, որն ինձ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» հիշեցրեց։ Գնելուց հետո, երբ տեսա, թե որքան ծանր է այն իր շրջանակով ու ապակով, մտափոխվեցի», – պատմում է Թարխանյանը։ Նկարող-նվագող զույգն ասաց՝ խնդիր չկա, իրենք հենց այդ ամառ գալու են Հայաստան, նկարն էլ իրենց հետ կբերեն։ Թարխանյանը նկարի համար վճարեց ու հեռախոսահամար փոխանցեց։
«Բոլորը ծիծաղում էին արածիս վրա, անգամ իրենց հեռախոսահամարը չէի վերցրել։ Բայց ես շատ վստահ էի՝ բերելու են կտավը»։
Շուրջ վեց տարի նկարից որևէ լուր չկար, մինչև որ 93-ի ամռանը զանգ եկավ․ «Հիշու՞մ եք մի քանի տարի առաջ Մոսկվայում նկար էիք գնել։ Այդ տարի մեր գործերը շատ վատ էին ընթացել, բայց մենք ձեր առջև շատ մեղավոր էինք զգում։ Ձեր գումարն էլ այդ պահին մեզ շատ էր օգնել»,- ասաց նկարիչն, ու այդ տարի բերեցին կտավը։
Երբ 1995 թվականին հիմնադրվեց այն ժամանակ «Հայ ՖՄ» անունով հայտնի ռադիոկայանը, լոգոտիպ էին ման գալիս ու հասկացան, որ հենց այդ նկարը պիտի լինի ռադիոյի տարբերանշանը։ FM 105.5 Yerevan-ի հիմնադիր Անահիտ Թարխանյանի կարծիքով կտավն ամբողջացնում է բոլոր այն արժեքները, որ իրենք մինչև օրս կրում են՝ հավատը, հույսը, մարդկանց միջև վստահությունը, իրար լսելու կարողությունը։
Այսպիսով, նկարը գնորդին հասնելով պատմությունը չավարտվեց, ընդհակառակը, այն մի նոր, ավելի մեծ ծննդյան առիթ դարձավ։
Արմենիա
Արմենիա հեռուստաընկերության լոգոտիպը հեղինակել է ժամանակին ալիքի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Սարգսյանը 1998-ին։ Մեկ տարի անց հունվարի 13-ին ալիքը սկսել է իր պաշտոնական հեռարձակումը։
Մինչ օրս փոփոխություններ չկրած տարբերանշանը հայտնի է հայկական եռագույնով, որտեղ ծիրանագույնը, ինչպես Արմենիայում են կարծում, խորհրդանշում է հենց իրենց աշխատասիրությունը։
Փոքր (կարմիր) ու մեծ (կապույտ) սլաքները խորհրդանշում են Մասիսն ու Սիսը, և Արարատը, լինելով հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը, հեռուստաալիքի թիմին ոգեշնչում է միշտ լինել բարձունքում և ունենալ բարձր դիտողականություն։
Լոգոտիպում ընտրված հաստ եզրագծերով տառատեսակը շեշտում է ֆունդամենտալությունն ու հուսալիությունը, որի հիմքով արդեն տարիներ հետո ստեղծվեց Արմենիա Պրեմիում հեռուստաընտանիքը։
«Lոգոտիպում արտացոլված է հայկականությունը, հետուստաընկերության մասշտաբայնությունն ու հանրայնությունը»,- ասում է Արմենիա հեռուստաընկերության հանրային կապերի ղեկավար Հայկուհի Ասատրյանը։
Քրիստիան Գինոսյան
շարունակելի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: