2022.02.16,

Նյուսրում

Ֆոտոլրագրությունը Հայաստանում գնահատված չէ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում ֆոտոներով իրականությունը պատմող լավ մասնագետներ կան։ Տարիներ առաջ նրանցից շատերը լրատվական ֆորմատում էին աշխատում, իրադարձային շարքեր անում։ Լրատվական կայքերի մի մասը բաժանորդագրված էր ֆոտոգործակալություններին, լուսանկարների համար վճարում էր, մյուսները առանց  հղման կամ պատշաճ հղման էին օգտագործում դրանք։

Այժմ ֆոտոարտադրության շուկայում հիմնականում հեղինակային նախագծեր են, բացառություն են մաշտաբային իրադարձությունները։

Ֆոտոլրագրողներն այստեղ տարբեր պատճառներ են նշում։

Գևորգ Ղազարյան, Ֆոտոլրագրող, համագործակցում է չինական «Սինխուա» լրատվական գործակալության հետ

Տեղական շուկայի հետ կապված նրա հիմնական մտահոգությունը ցածր վարձրատրությունն է և ֆոտոլրագրության մասին մակերեսային, ոչ լիարժեք պատկերացումները։

Տեղական շուկայում ֆոտոն չի գնահատվում

Վերջին տարիներին հայկական ֆոտոարտադրությունը ներքին շուկայում զարգացում և նոր նշաձող չունի։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ դաշտից դուրս է եկել ամենախոշոր խաղացողը՝ PanArmenian Photo-ն: Այն տարիներ շարունակ շուկային չափանիշ և ոճ էր թելադրում։ Փաստացի նման որակի և մասշտաբի ֆոտոգործակալություն չկար տարածաշրջանում, որի լուսանկարներն այդպես մաշտաբային օգտագործվեին աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցների կողմից։ 

Pan Photo-ն մեծ անելիքներ ուներ ոչ միայն ներքին շուկայում, այլ կարող էր համագործակցել դրսի հարթակների հետ՝ դառնալով տարածաշրջանային գործակալություն։ Ժամանակն էր միջազգային շուկա դուրս գալու։ 5-10 տարվա ընթացքում, մեծացնելով իր ցանցը Իրանում, Թուրքիայում, Վրաստանում, այն կարող էր համաշխարհային առաջատար դառնալ։ 

Դաշտից նրա հեռացմամբ մեծ հնարավորություններ ստեղծվեցին այլ գործակալությունների համար, հատկապես Արմենպրեսի։ Սակայն, ունենալով լավ լուսանկարիչներ, Արմենպրեսը չկարողացավ դաշտում լրացնել այդ բացը և դառնալ առաջատար։ Միասնական ոճ, ձեռագիր չկարողացավ ստեղծել։

Ֆոտոլրագրության համար Հայաստանի շուկան շատ փոքր է, ռեսուրսները սահմանափակ, բայց ստացվող որակն անհամեմատ բարձր։ 

Խնդիրն այն է, որ Հայաստանում ֆոտոյի համար չնչին գումար են պատրաստ վճարել, թեև ունենք անհատ ֆոտոլրագրողներ, որ անգամ այս պայմաններում ստեղծում են շատ որակյալ աշխատանքներ։

Հայաստանն ունի բարձր որակի ֆոտոարտադրություն

Աշխարհում մեր ֆոտոները մրցունակ են, սակայն տեղական շուկայում կատավող շատ քիչ իրադարձություններ են հետաքրքիր դրսում։ 

Հայաստանի բնապատկերները ոչ մեկին պետք չեն, որովհետև աշխարհում կան բնության ավելի հրաշալի տեսարաններ: Նույնը կենդանական աշխարհը, մենք չունենք այնպիսին յուրահատուկ տեսակներ, որոնք դրսի դիտողին հետաքրքիր լինեն և ասենք տեղ գտնեն Nuture հայտնի պարբերականում։

Հիմա բարձր որակ ապահովող մասնագետներ կան, որոնց աշխատանքները ժամանակ առ ժամանակ հայտնվում են արտասահմանյան հայտնի հարթակներում։ Շատերն անգամ մրցանակներ են բերում Հայաստան, սակայն դա կամ չի լուսաբանվում կամ շատ մակերեսային են անդրադարձ է լինում։ Օրինակ, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի լուսանկարի պատմությունը։

Հայաստանում ֆոտոլրագրողների աշխատանքը չի արժևորվում, չեն հասկանում ֆոտոյի ուժը, լրատվական և այլ կայքեր չեն ուզում ֆոտոյի համար գումար ծախսել։ Ու եթե անգամ ինչ-որ մեկն այս դաշտում ակտիվանում է, սկսում է ուշադրություն գրավել իր կողմ, ինչ-որ մրցանակներ է ստանում, սկսվում են շարահարկումները։ Ֆոտոն, որն արվեստի մի ճյուղ է, այնքան են ցածրացնում, քաղաքականացնում, որ անիմաստ է դառնում ներսում որևէ հարթակի հետ աշխատել։

Տեղական լրատվամիջոցները պետք է հասկանան, որ ֆոտոն ուժ ունի։ Եթե իրենց նյութերը լավ ֆոտոներ ունենան, դա հաջողության 51 տոկոսն է։ Ճիշտ ֆոտոն և ճիշտ վերագիրն անպայման կտանեն դեպի տեքստ, անգամ եթե այն անհետաքրքիր է և ոչ գրագետ։

Մելիք Բաղդասարյան, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն

Իրադարձությունները վերջին տարիներին նվազել են, քիչ բան կա վավերագրելու։ Նախկինում ամսական 700-800 լուսանկար էինք ստանում, հիմա 200-220։ Սա չի կարող չազդել բաժանորդագրության, ֆինանսական հոսքերի վրա։

Փոխվել է լուսանկարելու հանդեպ վերաբերմունքը

Այս իշխանությունն ընտրել է նոր գործելաոճ, ընտրել մամուլի խոսնակների և պատասխանատուների, որոնք ոչ թե մեզ հետ կապի մեջ լինեն և հրավիրեն տարբեր միջոցառումներ լուսաբանելու, այլ իրենց մեզանից թաքցնելու։

Նախկինում շատ քիչ պետական գերատեսչություններ կային, որոնց հետ համագործակցել չէր ստացվում, հիմա համատարած է։ Իհարկե նրանք չեն ասում չենք ուզում ձեր հետ աշխատել, բայց այդ դեպքում որտեղի՞ց իմանանք, թե ինչ է տեղի ունենալու և երբ, որ գնանք լուսանկարելու։

Այսօր վավերագրում չկա

Պատճառներից մեկն իհարկե Քովիդն է, ասուլիսներ, հանդիպումներ և այլ իրադարձություններ հազվադեպ են լինում, դրանք կամ առցանց են անցացվում կամ եթե մեզ հրավիրում են լուսանկարելու դիմակները խանգարում են։ Թեև լինում է, որ հարմար պահը գտնում ենք, օրինակ, նախարարներին կամ պատգամավորներին առանց դիմակների լուսանկարում։

Տպավորություն է, որ ոչինչ տեղի չի ունենում։ Կարևոր է հասկանալ, որ այս կամ այն կառույցի դեղավարը կփոխվի, բայց այս շրջանում տվյալ ինստիտուտի գործունեության մասին արխիվում տեղեկություններ չեն լինի։

Օրինակ, արդեն 4-րդ տարին է հավատարմագրված ենք ՀՀ նախագահի աշխատակազմում, որպեսզի լուսաբանենք նախագահականի միջոցառումները։ Այդպես էլ երբեք նախագահ Արմեն Սարգսյանի դեմքը չտեսանք։

Հիմա էլ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է Ալեն Սիմոնյանը, եթե տարիներ հետո ինձ խնդրեն այս շրջանի նախագահի լուսանկարներից որևէ մեկը ցույց տամ, ոչինչ չեմ ունենա իմ ձեռքի տակ, որովհետև լուսանկարել իրադարձությունները նշանակում է վավերագրել։

Մեր բազմաթիվ լուսանկարներ չեն տարածվում, բայց դրանք գնում են մեր արխիվ և պատմություն են դառնում։

Անձնական լուսանկարիչ․․․

Այնպես չէ, որ չեն հասկանում ֆոտոների նշանակությունը, պարզապես դրա համար անձնական լուսանկարիչ են ունենում։ Ամեն պաշտոնյա աշխատանքի գալով իր հետ բերում է իր խոսնակին և լուսանկարչին։

Ունենում ենք լուսանկարներ, որոնք սրբագրված են և ճիշտ ղեկավարի սրտով։

Մեծ հույսեր չունեմ, որ առաջիկայում մի բան կփոխվի, այս գործելաոճը կարող է լավ ավանդույթ դառնալ հետո եկող իշխանության համար։

Իսկ հիմա բողոքի տարբեր ցույցեր ենք միայն կարողանում լուսանկարել։ Կարծես միայն ընդդիմությանը լուսաբանենք, իշխանության աշխատանքը տեսնելու հնարավորությունից զրկված ենք։

Նազիկ Արմենակյան, ֆոտոլրագրող, «4 Պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր

Ֆոտոյի զարգացման խնդիրը Հայաստանում հիմնականում ֆինանսավորման հետ է կապված։ Մեր դեպքում հիմնական պատվիրատուները դրսից են, որոնք  հետաքրքրված են կոնկրետ քաղաքական բովանդակությամբ։ 

Մեր նման կազմակերպությունը, որը անկախ է, որևէ քաղաքական դիրքորոշում չունի, չի կարող ներգրվվել նմանօրինակ թեմատիկայով դրսի պատվերներում։

Թեև հիմա դրսի ֆինանսավորմամբ 6 ֆոտոլրագրողներով մեծ նախագիծ ենք անում 44-օրյա պատերազմի թեմայով, որը մեզ համար դժվար աշխատանք է, վերքերը դեռ թարմ են։

Լուրջ նախագծերի պատվեր տեղական շուկայում չկա

Ներսի շուկայում աշխատում ենք տպագրական նյութերի ֆոտոների համար, ունենում ցուցահանդեսներ, բայց լուրջ նախագծերի պատվերներ չենք ունենում։ Մարդիկ, լրատվամիջոցները չեն հասկանում վավերագրության կարևորությունը։ Չկա պահանջ ոչ մեդիայից, ոչ պետական կառույցներից։

Խմբագրությունները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը, որպեսզի ինչ-որ զարգացում, դինամիկա լինի։ Հիմա ցանկացած թեմայի համար համացանցից ֆոտո են վերցնում, հիմնականում առանց հղման, օգտագործման թույլատվություն ստանալու, որովհետև իրենց համար ֆոտոն արժեք, իմաստ չունի։

Ֆոտոն Հայաստանում արժևորման խնդիր ունի

Մեր մոտ տեքստն է միայն կարևորվում։ Չեն ուզում հասկանալ, որ Ֆոտոն միայն իլյուստրացիա չէ, այլ իմաստ, բովանդակություն։ 

Խնդիր ունենք կրթելու մարդկանց։ Կարևոր է, որ ֆոտոլրագրողը որոշակի գիտելիքներ ունենա և իրենից սկսի իր աշխատանքի կարևորության գիտակցումը։

Մեր 10 տարվա փորձառությունն ուզում ենք ճիշտ օգագործել և առաջիկայում նախատեսում ենք դպրոց հիմնադրել։ Շատ խելացի երիտասարդ մասնագետներ կան, որոնք ուզում են ամեն ինչ նկարել և կարծում են այս գործում տեխնիկական հնարավորություններն են կարևոր։

Մենք ուզում ենք սովորեցնել միտք դնել ֆոտոյի մեջ անկախ տեխնիկական կարողություններից, ոլորտային մասնագիտացում ունենալ, թեմաներին նայել այլ տեսանկյունից, հասկանալ ի՞նչն արժե լուսանկարել, ինչո՞ւ, օգնել գրագետ պորտֆոլիո հավաքել։ Այսինքն աշխատել վիզուալ մտածողության հետ, որը հետագայում օգնի իրացվել թե՛ ներսում, թե՛ դրսում։

Վիզուալ պատումները մեծ ուժ և ազդեցություն ունեն դրսում, այստեղ դրանք կարճ կյանք են ունենում, մեծ ուշադրության չեն արժանանում։ 

Վերջին շրջանի դրական փոփոխությունն այն է, որ մեզ դիմում են մեդիա բովանդակություն ստեղծող կազմակերպություններ, որպեսզի իրենց համար խորը, հետաքրքիր, գրագետ վիզուալ նյութ ստեղծենք։

Դիմում են մեզ, որովհետև գիտեն, որ մենք կարող ենք թեմայի յուրովի մատուցման ձև գտնել։

Ամեն դեպքում, դաշտում ակտիվություն չկա։ Գուցե այս պասիվությունը նաև պայմանավորված է Քովիդի և պատերազմի ազդեցությամբ, ֆոտոլրագրողները դժվար են վերադառնում իրենց նախկին աշխատանքային ռիթմին։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *