2022.02.07,

Նյուսրում

Կանայք լրատվամիջոցներում․ 2021 թ․ ընտրություններ (հետազոտություն)

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

ՀՀ Ազգային ժողովում 2003-ից ի վեր կանանց ներկայացվածությունն աճել է 5%-ից մինչև 34%, որն ապահովել է ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան։ 

Կուսակցությունների ընտրական ցուցակներում թերներկայացված` իգական սեռի առնվազն 30 տոկոս ներկայացվածության պահանջը ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրվել է  2016-ին, սակայն առաջին անգամ սկսեց գործել 2021 թ. արտահերթ ընտրություններին, երբ պատգամավորական մանդատներ ստացավ կանանց 34.6%-ը։ Կանանց ներկայացվածության զգալի ընդլայնում տեղի ունեցավ նաև 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում։

Սակայն արդյո՞ք քվոտայի ներդրման շնորհիվ կին թեկնածուների թվի աճը հանգեցրել է նաև ընտրությունների ընթացքում կանանց տեսանելիության բարձրացմանը ԶԼՄ-ներում կամ արդյո՞ք դա կանանց և գենդերային հիմնախնդիրների ավելի լայն անդրադարձ է ենթադրում ընտրությունների ընթացքում: Այս հարցերի պատասխանները ստացել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը «Կանայք լրատվամիջոցներում․ 2021 թ․ ընտրություններ» ծրագրի շրջանակներում կատարած հետազոտությունում։ Տրագրին աջակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը։ 

Խորհրդարանական ընտրություններ

2021-ի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն և 4 դաշինք՝ 2498 թեկնածուներով, որոնցից 925-ը եղել են կանայք (37%)։ Քաղաքական ուժերի ընտրացուցակներից միայն երկուսն են գլխավորել կանայք: 

ԱԺ ընտրությունների նախընտրական լուսաբանման միտումները դիտարկելու համար հետազոտական թիմն ընտրել է հետևյալ լրատվամիջոցները՝

  • հանրապետական վերգետնյա հեռուստաալիքներ՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» (Հ1), «Արմենիա», «Երկիր մեդիա» և «Շանթ» 
  • առցանց ԶԼՄ-ներ՝ 1in.am, News.am, Aravot.am և Azatutyun.am

 

Հեռուստատեսություն

Դիտարկվել են ընտրված հեռուստաալիքների 19:00-00:00-ի ընթացքում հեռարձակված լրատվական ծրագրերի հիմնական թողարկումները, բոլոր լրատվական-վերլուծական և հասարակական-քաղաքական ու բանավիճային հաղորդումները: Դրանց շրջանակում ընտրությունների մասին լուսաբանումները կազմել են ավելի քան 65 ժամ։

ԱԺ պատգամավորի կին թեկնածուներին որպես խոսնակների հատկացված եթերաժամանակը ընդհանուր առմամբ կազմել է 9%: Սա նշանակում է, որ կին թեկնածուները դիտարկված հեռուստաալիքներով իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն են ունեցել շուրջ 5 ժամ (17823 վայրկյան), իսկ տղամարդ թեկնածուները՝ ավելի քան 55 ժամ (180775 վայրկյան)։ 

Որպես խոսնակ կին թեկնածուներն ամենից հաճախ երևացել են «Շանթի» (12.1%) և «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի» (11%) եթերից: Նրանքամենից հաճախ մասնակցել են հեռուստաբանավեճերի ու հարցազրույցների։

Հավաքված տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերից իրենց դիրքորոշումն ու տեսակետը հեռուստաեթերից քիչ թե շատ ներկայացրել են 17 ուժերում ներգրավված կանայք:

Ի դեպ, հեռուստատեսությամբ ամենից հաճախ որպես խոսնակներ հանդես եկած կին

թեկնածուները ներկայացրել են «5165 ազգային պահպանողական շարժում», «Միասնական հայրենիք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

ԱԺ պատգամավորի կին թեկնածուներին հեռուստատեսային անդրադարձների բնույթը քարոզարշավի ընթացքում առավելապես չեզոք (44%) և դրական է (40%) եղել: Իսկ բացասական բնույթի անդրադարձներ եղել են միայն Հանրայինի եթերում (16%), ինչը,  հավանաբար, պայմանավորված է այն պատճառով, որ այստեղ կին թեկնածուների մասին նյութերն անհամեմատ շատ են եղել, քան մյուս երեք հեռուստաալիքներում: Եթե այս ցուցանիշները համեմատենք տղամարդ թեկնածուների հետ, ապա այստեղ պատկերն այլ է․ գերակշռել են դրական տոնայնությամբ անդրադարձները (45.4%), ապա չեզոք (29.7%) և բացասական (24.9%) երանգավորում ունեցողները:

Բացասական տոնայնությամբ հեռուստատեսային որոշ անդրադարձներ պարունակել են սեքսիզմի դրսևորումներ։ Դրանք դիտարկվել են Հանրայինի եթերում թողարկված բանավիճային հաղորդումների համատեքստում գենդերային այնպիսի կարծրատիպերի միջոցով, ինչպիսիք են՝ 

  • Կոչ եմ անում հաղորդման ֆորմատը պահպանել շատ կանացի, բարեհամբույր։ 
  • Զենքը տղամարդու համար արժանապատվություն է: 
  • Ճիշտն ասած՝ ես կնոջը զիջում եմ։ 

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածուները հեռուստաեթերից խիստ հազվադեպ են խոսել գենդերային հավասարությունից և/կամ կանանց հիմնահարցերից՝ ընդամենը 0.1%: 

 

Առցանց լրատվականներ

Ուսումնասիրված 4 առցանց լրատվականներում (1in.am, News.am, Aravot.am և Azatutyun.am) հետազոտվել են ընտրությունների թեմային վերաբերող բոլոր արխիվացված նյութերը և բանավիճային հաղորդումները: Դրանք բոլորը միասին ընտրություններին անդրադարձել են ընդհանուր 1854 նյութով։ 

ԱԺ պատգամավորի կին թեկնածուները որպես խոսնակ լուսաբանվել են դիտարկված նյութերի միայն 7.7%-ում։

Առցանց լրատվականների տեսանյութերում կին թեկնածուներին հատկացված ժամաքանակն ընդհանուր առմամբ կազմել է 4.8%: Սա նշանակում է, որ կին թեկնածուներն ընտրված առցանց լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում և/կամ հաղորդումներում իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն են ունեցել 1 ժամ 7 րոպե (4042 վայրկյան), իսկ տղամարդ թեկնածուները՝ ավելի քան 22 ժամ (80152 վայրկյան)։ 

Քարոզարշավի ընթացքում կին թեկնածուների խոսքը տեսանյութերի միջոցով ամենաշատ հրապարակած լրատվական կայքն Aravot.am-ն է (7.3%), որին հաջորդել է 1in.am-ը (2.5%)։ 

Եթե հեռուստաեթերում առաջնահերթություն է տրվել համեմատաբար նորաստեղծ ուժերին, ապա կայքերը, որպես խոսնակներ, առավել հաճախ ներկայացրել են արդեն ճանաչում ունեցող ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների կին ներկայացուցիչներին։

Կանայք համեմատաբար հաճախ լուսաբանվել են առցանց քննարկումների և հարցազրույցների ձևաչափում։ Լուրերի և ռեպորտաժների ձևաչափով կին թեկնածուները լուսաբանվել են միայն 6%-ով, այսինքն՝ լրատվական հոսքը առավելապես տղամարդկանց դեմք է ունեցել: 

Լրատվական կայքերում ԱԺ պատգամավորի կին թեկնածուների մասին անդրադարձների կեսից ավելին չեզոք է եղել (54.5%), իսկ մեկ երրորդն ունեցել է դրական տոնայնություն (33%)։ Բացասական բնույթի նյութերն ամենաքիչն են եղել և կազմել են 12.5%: Բացասական տոնայնությունը, սակայն, պայմանավորված չի եղել սեռի հատկանիշով։

Ծրագրային թեմաների թվում առցանց լրատվականներում գրեթե չեն եղել գենդերային հավասարությանը կամ կանանց վերաբերող թեմաներով լուսաբանումներ։ Դիտարկված ընդամենը 3 նյութը կանանց համար աշխատատեղերի ստեղծման ու նրանց առավել մրցունակ դարձնելու և բանակում կանանց հավասարապես ներգրավելու մասին են եղել՝ կազմելով ծրագրային և ոչ ծրագրային բոլոր թեմաներով հրապարակումների ընդամենը 0.2%։

Տիմ ընտրություններ

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կին թեկնածուների լուսաբանման միտումները բացահայտելու համար հետազոտողները մշտադիտարկել են․

  • հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին կայացած ընտրություններին՝ 6 հեռարձակող, 3 հանրապետական («Հ1», «Երկիր մեդիա», «Շանթ») և 3 մարզային ծածկույթ ունեցող հեռուստաալիքներ («Զանգեզուր TV» (Սյունիքի մարզ), «Լոռի TV» (Լոռու մարզ), «Ցայգ TV» (Շիրակի մարզ) և 4 առցանց լրատվամիջոցներ (1in.am, News.am, Aravot.am, Azatutyun.am)
  • դեկտեմբերի 5-ի` հանրապետական մեկ վերգետնյա («Հ1») և մարզային ծածկույթ ունեցող 3 հեռուստաալիք («Ցայգ TV», «Լոռի TV» և «ԱԼՏ TV» (Արմավիրի մարզ)։

ՏԻՄ ընտրություններին մասնակցող կին թեկնածուներն առավել անտեսված են եղել, քան խորհրդարանական ընտրությունների մասնակիցները։ Մարզային լրատվամիջոցներից ակտիվ են եղել Շիրակի «Ցայգ» և Լոռու մարզի «Լոռի» հեռուստաալիքները։ ՏԻՄ ընտրություններին նախընտրական անդրադարձների պասիվությամբ աչքի է ընկել Սյունիքի մարզում հեռարձակվող «Զանգեզուր» հեռուստաալիքը։ Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաալիքն ընդհանրապես չի լուսաբանել ՏԻՄ ընտրությունները։ 

ՏԻՄ ընտրությունների կին թեկնածուների լուսաբանման տեսանկյունից աչքի է ընկել միայն «Լոռին», որի եթերում կանայք՝ որպես խոսնակներ, կազմել են 19%: Մյուս մարզային լրատվամիջոցների լուսաբանումներում կին թեկնածուներն անտեսվել են: 

ՏԻՄ ընտրությունների կին թեկնածուների տեսանելիությունը՝ որպես խոսնակների, դիտարկված ԶԼՄ-ներում կազմել է ընդամենը 6.3%՝ քաղաքական ուժերի ընտրացուցակներում նրանց շուրջ 34% ներկայացվածության համեմատ: 

ՏԻՄ ընտրությունների թեկնածուների մասին լուսաբանումներում գրեթե չեն արծարծվել գենդերային հավասարության և կանանց վերաբերող թեմաներ: Դրանց բաժին հասած անդրադարձն առցանց լրատվամիջոցներում կազմել է ընդամենը 1.4%, իսկ հեռուստաեթերում՝ 0%։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *