2022.02.03,

Տեսակետ

«Տնտեսության մասին ինֆորմացիա կա, բայց դա մակերեսային, ընդհանուր, կարելի է ասել հատվածական»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանի մեդիայում քիչ են հայալեզու տնտեսական վերլուծությունները։ 

Տնտեսության մասին հիմնական տեղեկությունները տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը ստանում է պաշտոնական վիճակագրական աղբյուրներից։ Դրանց հիման վրա ինքն է անում վերլուծություններ՝ փորձելով մեդիայի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանել այդ պահին քննարկող որևէ թեմայի շուրջ առաջացած մտահոգությունները։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ տեղական մեդիայում տնտեսական վերլուծությունների դեֆիցիտ կա, լրագրողների՝ թեմաները ներկայացնելու մասնագիտական հմտությունները բավարար չեն։

Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական թեմաներում նա նկատում է ընդգծված կողմնապահություն։ Ու տպավորություն ունի, որ եղած նյութերն էլ ինքնանպատակ են, լրահոսում են միայն քանակի համար։ 

Նյութերի քանակը չի հանգեցնու՞մ որակի։

Երբեմն լրագրողը հոնորարներով աշխատում է տարբեր լրատվամիջոցներում, և տնտեսական որևէ թեմա նրա համար դառնում է ոչ թե հետազոտելու, խորանալու հնարավորություն, այլ ընդամենը նյութերի քանակ, որի դիմաց որոշակի եկամուտ է ստանում։

Երբ լրագրողները զանգահարում եմ ինձ այս կամ այն թեմայի շուրջ մասնագիտական մեկնաբանության համար, երբեմն հարցի ձևակերպումից պարզ է դառնում, որ չեն տիրապետում թեմային, և ես ստիպված խոսակցությունը հեռվից եմ սկսում, որ կարողանամ լրագրողին մոտեցնել թեմային։

Հազվադեպ է լինում, որ լրագրողը նախապատրաստվի, կարդա և ուսումնասիրի, հետո նոր սկսի մասնագետների հետ խոսել։ Խնդիրն այստեղ առաջին հերթին ռեսուրսների սահմանափակությունն է։

Եկամուտ ձևավորելու տեսանկյունից լրագրության ոլորտը գրավիչ չէ։ Այսպես տնտեսական թեմաները դառնում են ոչ կարևոր, մնում մեդիայի լուսանցքում։

Դա է պատճառը, որ ժամանակի ընթացքում մի քանի տնտեսական լրագրողներ, որոնք հմտացել էին և սպառողներ ունեին, գնացին պետական կառավարման և մասնավոր հատված։ 

Այնպես չէ, որ տնտեսության մասին ինֆորմացիա չկա, բայց դա մակերեսային, ընդհանուր, կարելի է ասել հատվածական է։ 

Օրինակ, կան նորություններ տնտեսական ակտիվության մասին, սակայն լրագրողները չեն գրում, թե դա ինչպես է արտահայտված տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, զբոսաշրջության և այլն։ 

Մենք նաև միջազգային տնտեսության զարգացումներին ենք անհաղորդ մնում, շատ քիչ նյութեր են թարգմանվում։

Հայաստանի տնտեսությունը փոքր ու բաց տնտեսություն է և չի կարող չկրել դրսի ազդեցությունները՝ լավ կամ վատ։ Վերցնենք էներգակիրների թեման, չկան նորություններ, վերլուծությունների տեսքով կանխատեսումներ և այլն։ 

Խնդիրն այն է, որ որակյալ թարգմանությունը ևս ռեսուրսներ է պահանջում, և եթե անգամ լրատվամիջոցն ունի գումար, այն ուղղում է այլ տեղ, լուսաբանում է այն թեմաները, որոնք հետաքրքիր են իր ներդրողին և բխում են նրա շահերից։ Սա գլոբալ խնդիր է և հատուկ չէ միայն մեր երկրին։

Եթե անգամ հայկական մեդիան լուսաբանում է որևէ թեմա, ապա անպայման կողմապահությամբ, կոնկրետ գաղափարական ուղղվածությամբ։

Լրագրողներին տնտեսական թեմաներով վերապատրաստումը կարո՞ղ է հարցի լուծում լինել, թե՞ անպայման տնտեսագիտական կրթություն է անհրաժեշտ։

Պարտադիր չէ, որ լրագրողն այս թեմաներով գրելիս որևէ տնտեսագիտական ֆակուլտետում ուսանած լինի, կարող է բավարար լինել թեմատիկ հետաքրքրությունն ու առցանց տարբեր նյութերի հետ ծանոթությունը։ 

Մյուս կողմից, տնտեսական գործընթացներին ծանոթ լինելը, տեսական հիմք ունենալը ևս կարևոր է։ Կարծում եմ, տնտեսական լրագրության մեջ կարևոր է տրամաբանությունը, հոտառությունը։

Ակտուալ խնդիր է նաև մեդիայի ֆինանսավորման հարցը։ Տնտեսական թեմաները չեն կարո՞ղ լավ վճարվել և գումար բերել լրատվամիջոցին։

Տարբեր կողմերից դիտարկված տնտեսական հոդված Հայաստանում կարելի է կարդալ միայն այլընտրանքային ֆինանսավորում ունեցող հարթակներում` հիմնականում հասարակական կազմակերպությունների կայքերում, որոնք ունեն միջազգային ֆինանսավորում, երբեմն մի քանի աղբյուրներից։ Որակյալ բովանդակություն գտնելու միակ տարբերակն այսօր դա է։

Մյուս խնդիրը կապված է լսարանի հետ, տնտեսական թեմաները շատ քիչ մարդկանց են հետաքրքիր։ 

Եվ այն ռեսուրսները, որոնք պետք է ծախսվեն խորքային վերլուծությունների համար, սպառման տեսանկյունից արդարացված չեն։ Այնպես ինչպես ուղեղային կենտրոնների զարգացումը Հայաստանում։ Չկա պահանջակ, չկա արտադրանք։

Տեղական բիզնեսը մի՞թե չի կարող երկարաժամկետ բաժանորդ դառնալ, չէ՞ որ վերլուծական հոդվածները կարող են ազդել նաև գործարար համայնքի որոշումների վրա։

Այն լրագրությունը, որի մասին խոսում եք, մաքուր լրագրություն չէ, այն խորհրդատվական բիզնեսի մի մաս է։ Բիզնեսին խորհդրատվական ծառայություններ մատուցող ընկերությունն իր հեղինակության, սոցիալական պատասխանատվության, առաքելության շրջանակում ստեղծում է մեդիա հարթակ և խորքային վերլուծություններ անում ինչպես առանձին բիզնես ոլորտների, այնպես էլ տնտեսության մասին ընդհանրապես։

Արտասահմանյան ընկերությունների համար մեդիա բովանդակությունը հավելյալ արժեք է իրենց սպառողների համար։ Այդ ձևաչափով են աշխատում ռուսական ՌԲԿ-ն, ամերիկյան Բլումբերգը և այլն։

Հարցը, թե ինչու մեր երկրում չի կայանում այս ուղղությունը, պարզ բացատրություն ունի։ Հայաստանում կան համատարած, խոր արմատացած խնդիրներ բոլոր ոլորտներում, իսկ լրագրությունը չի կարող այդ օղակներից դուրս լինել և կայանալ ինքնուրույն, առանց ազդեցությունների։

Մյուս կողմից՝ մրցակցային միջավայր է պետք, որ նման հարթակներ ստեղծվեն, իսկ բիզնեսի մոտ ձևավորվի խորքային վերլուծությունների պահաջարկ։ 

Միայն վերջերս՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իմացա, որ Արաբական միացյալ էմիրություններում նրա մասնակցությամբ կարևոր համագործակցություն է սկսվել «Մասդար» ընկերության հետ էներգետիկայի ոլորտում։ Ի՞նչու նման կարևորության տնտեսական թեման մեդիայում չքննարկվեց։

Կարծում եմ՝ տնտեսության բոլոր հատվածներում էլ կան զարգացումներ, որոնք արժանի են լուսաբանման, քննարկման։ Էներգետիկայի ոլորտի տեղաշարժերն առավելևս։

Չկա տնտեսության մի ոլորտ, որտեղ հետաքրքիր թեմաների պակաս լինի, հատկապես որ դրանք լավ լուսաբանված չեն։ Ահռելի բաց կա տնտեսության մրցունակության, ներդրումների ներգրավման հնարավորությունների, գիտական արդյունքներ գեներացնելու և այլ թեմաներում։

Մարդկային կապիտալի հետ կապված լուրջ վերլուծությունների կարիք կա, վերամշակող արդյունաբերության, տեքստիլի, գյուղատնտեսության խնդիրների խորքային ներկայացման։ 

Գյուղատնտեսությանը լրագրողները անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ որևէ գյուղատնտեսական ապրանք շուկայում թանկանում է։ Հիմնականում գրում են, որ պետք է սահմանափակել արտահանումը, որ ներքին շուկայում գները իջնեն։ 

Մի՞գուցե խնդիրը միայն մասնագետների ու հետաքրքրության բացակայությունը չէ։ Ի վերջո, պետական կառավարման համակարգը կարող է նախաձեռնել լուսաբանում։

Այսօր ընթացիկ բարեփոխումները, նորարարությունները հանրությանը հասանելի դարձնելը ռիսկային է, որովհետև մեդիադաշտը աղբ շատ է արտադրում և մտավախություն կա, որ կարևորը կկորչի, չի նկատվի այդ համատարած տիղմում։

Որակյալ տեղեկատվական դաշտը շատ սահմանափակ է, իսկ մարդիկ ցավոք դեռևս չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ ինչ տեղեկություններ փնտրել և գտնել։

Բացի դա՝ պաշտոնյայի բնազդն է փակվել, նա նախընտրում է հանրությանը տեղեկատվություն չտրամադրել։ Սակայն քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջատեր լինի և պաշտոնյաներին մղի հաղորդակցության։

Լրագրությունն ինքը կարող է շարժիչ ուժ լինել, բացահայտել թեմաներ, նախաձեռնել փորձագիտական քննարկումներ, հետազոտել և համագործակցության դաշտ ձևավորել՝ խնդիրների մասին հաճախ գրելով։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *