2022-ի սկզբին Թվիթերում սկսեցինին կանաչ ու դեղին քառակուսիներ հայտնվել։ Դրանք մի շատ պարզ Wordle կոչվող խաղից են, որով տարվել են ինտերնետի օգտատերերը։
Խաղը թողարկվել է 2021-ի հոկտեմբերին։ Նոյեմբերի 1-ին այն խաղում էր 90 մարդ, երկու ամիս անց՝ 300,000։ Հունվարի կեսին, The Guardian-ի համաձայն, խաղն ուներ 2 միլիոն խաղացող։
Wordle-ի կանոնները հետևյալն են․
- Բոլոր խաղացողներն ամեն օր գուշակում են միևնույն բառը
- Գուշակելու համար ունես 6 փորձի հնարավորություն
- Ամեն բառ բաղկացած է 5 տառից
- Ամեն անգամ գուշակելիս պետք է գրես մեկ լիարժեք բառ
- Եթե գրածդ բառի մի տառը համապատասխանում է օրվա բառի հետ և այդ տառը գտնվում է նույն տեղում, այն դառնում է կանաչ, եթե տառն այդ բառում կա, բայց մեկ այլ տեղում է, դառնում է դեղին, եթե տառն ընդհանրապես բառում չկա՝ մոխրագույն։
Խաղի հեղինակը բրուքլինցի վեբ ծրագրավորող Ջոշ Ուարդլն է, որը խաղը ստեղծել է իր ու զուգընկերոջ՝ Փալաք Շահի համար։ Փալաքը բառախաղեր շատ է սիրում։ Իսկ խաղի անվանումն էլ հեղինակի անզգանվան փոփոխած տարբերակն է՝ Ուարդլ — Ուորդլ (Wardle – Wordle)։
Մի քանի ամսից, երբ Ուարդլը խաղն իր բարեկամներին ներկայացրեց, այն դարձավ նրանց ընտանիքի Whatsapp խմբի տարերքը։ Այդժամ խաղի հեղինակը հասկացավ, որ եկել է իր ստեղծածով աշխարհի հետ կիսվելու ճիշտ պահը։
Սա ծրագրավորողի առաջին ստացված փորձը չէ էքսպերիմենտալ խաղերի բնագավառում։ Reddit-ում աշխատելու տարիներին նա ստեղծել է The Button և Place հավելվածները, որոնք իրենց ժամանակի ֆենոմեններն էին։
Բրիտանացի հոգեբան Լի Չեմբերսը կարծում է, որ Wordle-ի հաջողության գրավականներից մեկն ուղեղի լեզվական ու տրամաբանական ունակությունների մարզումն է։ Հոգեբանը մեկ այլ առանձնահատկություն է համարում այն, որ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ նույն օրը գուշակում են նույն բառը։
«Նույն հանելուկը գտնելու հանգամանքը ստեղծում է մի պատրանք, ասես բոլորս միացյալ մի մեծ խնդիր ենք լուծում»։
Wordle-ը 2022-ի առաջին վիրուսային խաղն է։ Համեմատելու համար կարելի է հիշել 2010-ականների սկզբին Ֆեյսբուքը գրաված Farmville ու Candy Crush խաղերը, կամ համավարակի առաջին օրերին լայնորեն տարածված Houseparty-ն ու Animal Crossing-ը։
Wordle-ը դրանցից շատ է տարբերվում։ Բացի այն, որ վերջինս տրամաբանական է ու լեզվական գիտելիքներ է պահանջում, այլ է նաև դրա տեխնիկական մասը։ Wordle-ը հասանելի է միայն ինտերնետային դիտարկչի մեջ․ ոչ խաղային համակարգ է պետք գնել, ոչ հավելված ներբեռնել։
Խաղի արդյունքներով սոցիալական ցանցերում կիսվելու հնարավորությունը թույլ է տալիս դրա շուրջ արդեն իսկ ձևավորված ու գնալով աճող համայնքի տպավորություն ստեղծել։ Թեև այդ ֆունկցիան չկար մինչև դեկտեմբերի կեսեր։ Ուարդլը նկատել էր, որ օգտատերերը սոցիալական ցանցերում իրենց արդյունքները տարածում էին կանաչ, դեղին ու սև քառակուսի էմոջիներով, ինչը նրան դրդել էր նույնն անող ավտոմատացված համակարգ ստեղծել՝ առանց սպոյլերներ թույլ տալու։
Ինչպես արդեն նշեցինք, Wordle-ն օրվա մեջ մի անգամ խաղալու բան է, բայց իր հայտնիության պատճառով, կամ գուցե շնորհիվ, թվիթերյան մի օգտատեր խաղի նոր տարբերակ է ստեղծել, որտեղ կարելի է գուշակել անսահմանափակ քանակության բառեր։
My brother's been playing Wordle every day, and he asked me to build him a version that he could play more than once a day.
If anyone else wants to play:https://t.co/5bLn8kaIr7
— Katherine Oelsner (@katherinecodes) December 29, 2021
Դեկտեմբերի 29-ի թվիթում վեբ ծրագրավորող Քեթրին Փեթերսոնն ասել է, որ խաղի նոր տարբերակը ստեղծել է եղբոր խնդրանքից հետո։
Ինչպես գրեթե բոլոր լավ գաղափարներից (հատկապես նրանցից, որոնք վիրուսային են դառնում), Wordle-ից նույնպես կրկնօրինակներ են ստեղծվել։ Շատերն Apple-ի հավելվածների խանութում տիրող իրավիճակը խայտառակ են համարում․ հավելված ստեղծողները ոչ միայն կրկնօրինակում են խաղի գաղափարն ու արտաքին տեսքը, այլ նաև ազատորեն իրենց ստեղծածի անունը դնում են Wordle։ Բացի այդ, բնօրինակ խաղի հեղինակը ոչ մի գովազդ, բաժանորդագրություն կամ հանգանակության կոճակ չի դրել դիտարկչում, մինչդեռ կրկնօրինակները լի են նման բաղադրիչներով։
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: