Հուվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսն էր։ Լրատվամիջոցների հետ այս ձևաչափով շփումներին լրագրողներից շատերը դեմ են և դա արտահայտում են հարցեր չուղարկելով։
Այս անգամ սոցիալական ցանցերում մեդիայի տարբեր ներկայացուցիչներ բարձրաձայնում էին, որ ասուլիսի ժամանակ իրենց հարցերը կրճատվում են, աղճատվում և իմաստափոխվում։
Սիվինեթը ստուգեց, որ Փաշինյանին հարցեր ուղղած լրագրողը աղավաղել է նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված հարցի համատեքստը։
Հանրային հեռուստաընկերության լրագրող Տաթև Դանիելյանը հարցը ձևակերպել է այսպես․ «Ասում են, որ պարզել են իրենց հետաքննությամբ (նկատի ունի «Հետքի» հրապարակումը), որ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ…»
Մինչդեռ «Հետքը» պարզել է, որ Սարգսյանը ոչ թե ՀՀ քաղաքացիություն չի ունեցել, այլ նախագահ դառնալուց որոշ ժամանակ առաջ եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Սակայն, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։
Եթերում այլ կերպ է հնչել նաև «Ա1+»-ի հարցը։
Լրատվամիջոցի հարցը եղել է այսպես․ «Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը մեկ տարի անց՝ ինչքան տարածքով և բնակչությամբ, և ինչպես եք վերաբերում որոշ ուժերի՝ «Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դառնալու» ձևակերպումներին։ Եվ նման հրապարակումների ֆոնին կիսու՞մ եք Հայաստանի լրագրողական համայնքի վերաբերյալ ԱԺ-ում Ձեր թիմակիցների վերջին գնահատականները, և դրանք ինչքանո՞վ են էթիկական սկզբունքներին համապատասխան»։
«Ա1+»-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանն ասաց Media.am-ին, որ իրենց հարցը նույնացրել են Armdaily-ի հարցի հետ, որի հիմնական միտքը եղել է այն, թե վարչապետն ինչպես է վերաբերում իր կուսակից Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ ամբիոնից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարությանը։
«Մեր հարցերի ուղղությունները տարբեր են, մեզ հետաքրքրում է Փաշինյանի գնահատականն իր թիմակիցների մասին, այլ ոչ թե անհատի հայտարարությանը։ Եթե հարցերը շատ էին, կարող էին մեր հարցը չհնչեցնել, այլ ոչ թե նման ձևով միատեղել այլ լրատվամիջոցի ոչ նույնաբովանդակ հարցի հետ»,- ասաց նա։
Խմբագրի խոսքով, ասուլիսից տպավորություն ստեղծվեց, որ իրենց անունը հնչեց, իսկ հարցը՝ ոչ․ «Եթե նույնիսկ ընդունենք, որ թեման նույնն է, պետք է հնչեցվեր երկու հարցն էլ, քանի որ ձևակերպումները տարբեր էին։ Հատկապես, որ մեր հարցի առաջին մասն այլ էր»։
Նա միտումավորություն չի տեսնում այստեղ, պարզապես փորձել են ցույց տալ, որ հնարավորինս շատ լրատվամիջոցների հարցեր են բարձրաձայնվում։
Կառավարության գործընկերների գործելաոճը ոչ լավ եզրահանգումների տեղիք է տվել նաև Factor.am-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանին։
Լրատվամիջոցի հարցը ևս եթերում հնչել է աղավաղված և հարցի տրամաբանությյունից դուրս։ Սա երկրորդ անգամն է, որ Factor.am-ի հարցը եթերում չի հնչում այնպես, ինչպես ձևակերպված է եղել նախապես։
«Հաշվի առնելով նախորդ փորձը, երբ հարցի մի շատ կարևոր մաս բաց էր թողնվել, մենք լրատվամիջոցի պաշտոնական ձևաթղթի վրա գրել էինք, որ խնդրում ենք ասուլիսը վարող մեր գործընկերներին հարցը հնչեցնել նույնությամբ և առանց մեկնաբանության»,- ասում է Սահակյանը։
Նրա խոսքով, իրենց հարցն անհասկանալի ձևով է կրճատվել, հիմնական հարցադրումները դուրս են մնացել և աղճատման արդյուքում այն ոչ տրամաբանական է ստացվել․ «Չեմ ուզում մտածել, որ սա գրաքննություն է, առաջին անգամ մտածեցինք գուցե անփութություն է եղել, բայց այս անգամ, առավելևս, չկրճատեու մեր խնդրանքից հետո, սա ոչ լավ եզրահանգումների է տանում»։
Factor.am-ի հարցից դուրս են մնացել Ղազախստան զորք ուղարկելու արդյունքում ՀՀ ժողովրդավարական իմիջին հասցված վնասի, ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում ներգրավվելուց խուսափելու հնարավորության հատվածները։ Ընդհանուր՝ հարցի կեսից ավելին չի հնչել։
«Ի վերջո, մենք ենք հարցի տերը և իրավունք ունենք պնդելու, որ այն հնչի այնպես, ինչպես ձևակերպվել է։ Եթե ինչ-որ փոփոխություններ էին նախատեսվում, կառավարության մեր գործընկերները հետադարձ կապով կարող էին մեզ տեղեկացնել դրա մասին։ Եթե նման ֆորմատ են ընտրել, ուրեմն արժե մի քանի րոպե ավելացնել և մոտ 2 տասնյակ հարցեր եթերում նույնությամբ կարդալ, հատկապես որ մենք զրկված ենք պատասխանին արձագանքելու և մեկնաբանելու հնարավորությունից»,- ասում է Factor.am-ի գործադիր ղեկավարը։
Լրատվամիջոցը կքննարկի առաջիկայում այս ֆորմատով վարչապետի ասուլիսներին մասնակցելու նպատակահարմարությունը։
Կայքն այս թեմայով տեսանյութ է հրապարակել, պարզաբանելով ինչպես են շարադրել իրենք հարցերը, ինչպես են եթերում ներկայացվել դրանք։
2021-ի տարեվերջի նյութում լրագրողները ցանկանում էին, որ նոր տարում իշխանություններն իրենց համար աշխատելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն։
Եվ այդ պայմաններից մեկն էլ, ըստ լրագրող Նարեկ Կիրակոսյանի, վարչապետ Փաշինյանի լրագրողների հետ դեմ առ դեմ շփման 4-5 ժամանոց պրակտիկային վերադարձն էր․ «Օնլայն ձևաչափը չի բավարարում լրագրողներին և ոչ բոլոր հարցերն են արձագանք ստանում։ Օրինակ, վերջին ասուլիսի ժամանակ իմ հարցը թերի հնչեց, մինչդեռ կենդանի հարցուպատասխանի դեպքում իմ կողմից դիտարկումներ կլինեին»։
Թեև վարչապետը վերջին շրջանում սկսել է այս ձևաչափով առավել հաճախ ասուլիսներ հրավիրել, սակայն ակնհայտորեն դրանք լրատվամիջոցների ներկայացուցիչներին չեն բավարարում, որովհետև դրանք նախ ունեն մոտ 2 ժամ տևողություն, մյուս կողմից բաց են նաև հասարակական կազմակերպությունների հարցերի համար։
Սկզբում ժամանակը չէր բավարարում բոլոր հարցերի համար և դրանք ըստ ուղղությունների հաճախ խմբավորվում էին, իսկ հիմա հարցերի մոդեռացիան է մտահոգությունների տեղիք տալիս։
Խնդիրը ոչ թե հարցերի խմբավորումն է, այլ կրճատումը, որի ժամանակ իմաստները փոխվում են, հարցը զրկվում է իր սկզբնական իմաստից։ Արդյունքում հնչում է պատասխան, որը այդքան էլ կապ չունի բուն հարցի հետ։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: