Երկու օր է ԱԺ-ում լսումներ են, պատգամավորները ընտրում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների։ Թեկնածուները երկուսն են՝ Հակոբ Հակոբյանը (Մովսես) ու Արթուր Մանուկյանը, երկուսին էլ առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը»։
Մեդիա դաշտի մասին ակտիվ քննարկումները ԱԺ նիստերը դարձրին դիտարժան։ Միգուցե հենց այդ դիտարժանությունը կանխատեսելով էլ՝ խորհրդարանը ելույթներին հատկացրել է բավականին մեծ ժամանակային ծավալ։ Եվ շատերը հասցրեցին խոսել ամեն ինչից։ Մեդիան մեր կյանքն է ու բերրի հող՝ մտքեր փոխանակելու համար։
Թվում է, որ ՀՌՀ մարմինը, որը վերգետնյա հեռարձակում ունեցող հեռուստա և ռադիո ընկերությունների աշխատանքը կարգավորելու գործառույթ ունի, չէր կարող դառնալ առիթ խոսելու ամեն ինչից։ Բայց դարձավ։
Եվ երկու օրերի նիստերը շատ հետաքրքիր էին։ Մեդիան այն թեման է, որը բոլորին ոչ միայն հուզում է, այլև ապահովում դյուրին քննարկում։ Հնչեցին ելույթներ խառնաշփոթ տեղեկատվական միջավայրի մասին՝ եզրույթների զարմանալի ազատ օգտագործմամբ։
ՀՌՀ անդամների ընտրությունը կարծես բացեց հազիվ զսպված խոսելու ցանկությունը։ Եղան անդրադարձներ ազգային երաժշտության դերի մասին (Արթուր Մանուկյանը երգչախմբի դերասան է), լեզվի կարևորության մասին (Հակոբ Մովսեսը բանաստեղծ է)։
Տարբեր կոչեր եղան եթերը մաքրելու, անճաշակ սերիալները կասեցնելու, գենդերային հավասարությունը ապահովելու ու ազգային արժեքները տարածելու մասին։ Ու նաև կրթության, դաստիարակության, նորից կրթության ու նորից արժեքների։
Ու թեև ՀՌՀ-ն չունի լիազորություն միջամտելու իր հսկողության տակ գործող (հանրային մուլտիպլեքսում) լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը վրա, գրեթե բոլոր ելույթները բովանդակությունը մաքրելու մասին էին։ Իհարկե, բազմաթիվ շեղումներով։
Խոսեցին եթերում հայ կնոջ ծեծվող կերպարի ու հայ տղամարդու՝ կնոջը ծեծող կերպարի մասին (Գեղամ Նազարյան, «Հայաստան» դաշինք)։ Հակաիշխանական քարոզչության, հեռուստատեսության ազնվության ու լրագրողների նյութական գայթակղությունների մասին (Էմմա Պալյան, ՔՊ)։ Այն մասին, որ «երեխան ընտանիքի հայելին է» և կանանք պետք է հաշիվ տան, թե ինչպես են դաստիարակում աճող սերնդին (Հռիփսիմե Հունանյան, ՔՊ)։
Հրաչյա Հակոբյանը (ՔՊ) խոսեց եթերում դրական հերոսների պակասի մասին։ Այդ թվում ամերիկյան գրաֆիկական նովելներից մեծ էկրան սերած ու լուրջ կոմերցիոն ֆրաշիզաների հիմք դարձած սուպերհերոսների պատմությունների մասին՝ Բեթմենի, Սուպերմենի, Սպայդերմենի, Կապիտան Ամերիակայի և այլն։ Ըստ պատգամավորի՝ մեդիա դաշտը սխրանքներ գործող դրական հերոսների կարիք ունի։ Նա ուրախ է, որ շուտով Հանրայինը նման սուպեր հերոսի մասին պատմող արտադրանք կներկայացնի, «Վիշապ» անվանմամբ։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը քննարկման սյուն դարձրեց «տեռոր» բառը։
Խոսելով այն մասին, որ ՀՌՀ-ն թյուրմացաբար ընկալվում է որպես խմբագրական քաղաքականություն մշակող մարմին, նա դիմեց օթյակում աշխատող լրագրողներին և ողջ լրագրողական համայնքին.
«Տևական ժամանակ լրագրողների նկատմամբ տեռոր է սկսվել, հարձակվում են ԱԺ ամբիոնից, ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, այնպես էլ ձեր խմբագրություններն են շրջափակելու, օրինակները կան: Որպես պատգամավոր դիմելու եմ միջազգային կառույցներին, սա վտանգավոր ընթացք է մեր երկրում»:
Թագուհի Ղազարյանը (ՔՊ) արձագանքեց լրագրողական տեռորի մասին խոսքին, ասելով. «Տպավորություն է, որ մի քիչ չափազանցնում ենք: Մամուլին հետևեք և կնտեսնեք, թե ինչ արձագանքներ ունեք ձեր գործընկերների կողմից»։
Հրաչյա Հակոբյանը «տեռոր» անվանեց ոչ թե այսօրվա իրավիճակը, այլ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի այրումը։
Լուսինե Բադալյանը (ՔՊ) ևս օգտագործեց «տեռոր» բառը, բայց նկատի ունենալով ոչ թե տեռոր լրագրողների հանդեպ, այլ՝ լրագրողների կողմից։
Եվ օրինակ բերեց այն դեպքը, երբ լրագրողները չհասկանալով, թե ինչ է ասում պատգամավորը (նկատի ունենալով Արթուր Մանուկյանին), ոչ թե ամաչում են, այլ դիմում տեռորի։ Նրա համար տեռոր է, երբ թե՛ իրական կյանքում, թե՛ սոցիալական մեդիայում արշավներ են կազմակերպվում իր, իր ընտանիքի ու գործընկերուհիների դեմ։
Լիլիթ Գալստյանը («Հայաստան») խոսեց աշխատանքային գործունեություն ու աշխատանքային գրքույկում այդ մասին բացակայող գրառման մասին, խոսք գնաց նաև չգրանցված լրագրողների մասին։ Լուսինե Բադալյանը ու Թագուհի Ղազարյանը (ՔՊ) հիշեցին այն ժամանակները, երբ շուկայում ընդունված էր չգրանցել աշխատակիցներին։ Լուսինե Բադալյանը պատմեց, որ ինքն էլ ամեն օր աշխատում էր եթերում, բայց աշխատանքային գրքույկում այդ մասին նշված չէր։
Իրականում այս քննարկումը սովորական խորհրդարանական նիստերից տարբերվում էր՝ այն զերծ էր կոպիտ վիրավորանքներից ու բարձրաձայնում էր հարցեր, որոնք շատ լավ բնութագրում են հարց տվողներին։ Ի վերջո, մեդիան ուժ է։
Անգամ երբ Վահագն Ալեքսանյանը (ՔՊ) տեռորին գումարեց մեկ այլ պատկերավոր բնորոշում՝ լրագրողներին անվանելով վերբալ մարմնավաճառներ («Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ մարմնավաճառներ են, այլ լրագրող»), միևնույն է մեդիան շարունակեց մնալ ուժ։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: