2022.01.20,

Նյուսրում

Պաշտպանության ոլորտը Հայաստանում ամենափակն է․ սև ցուցակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ամեն տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է այն պաշտոնյաների անունները, որոնք խախտել են տեղեկատվության ազատության մասին օրենքը։ Սև ցուցակում նրանք հայտնվում են քաղաքացիներին, կազմակերպություններին անհիմն կամ թերի պատասխաններ տալու, հարցումներն անօրինական մերժելու կամ անպատասխան թողնելու համար։

2021-ին ցուցակում են հայտվել արդեն նախկին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նույն նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը և այլոք։

Պաշտպանության նախարարներն, ըստ կազմակերպության 2011-2021թթ-ի սև ցուցակների ամփոփման, ամենաշատն են հայտնվել ցանկերում և խուսափել տեղեկություն տրամադրել։ 

Ոչ թափանցիկ գործելաոճով աչքի են ընկել նաև Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Տեղական ինքնակառավարման մարմինները։ Ֆինանսների և Արտակարգ իրավիճակների նախարարությունները ևս տարբեր նախարարների ժամանակ խուսափել են պատասխանել հարցումներին։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանն ասում է, որ նախկին իշխանություններն ավելի լուրջ և զգոն էին սև ցուցակների ու ընդհանրապես քաղաքացիական հասարակությունից եկող քննադատությունների հանդեպ «Հրապարակումներից հետո աղմուկ էր առաջանում, հաճախ էին կանչում քննարկումների, հասկանալու ինչու է այդպես ստացվել, որ վերանայեն հանրային հաղորդակցության հետ կապված իրենց վերաբերմունքը»։

Այսօրվա իշխանությունները, նրա խոսքով, կառուցողական քննադատություններին պատշաճ ուշադրություն չեն դարձնում, իսկ որոշ դեպքերում էլ արձագանքը լինում է շատ բուռն և ոչ ադեկվատ։ 

«Այս տարիների մեր պրակտիկան ցույց է տվել, որ նրանք, ովքեր պետք է տեղ գտնեն սև ցուցակում, պաշտոնանկ են լինում կամ մինչև ցուցակի հրապարակումը կամ դրանից հետո կարճ ժամանակ անց։ Չի կարող լինել գաղտնի աշխատող կառույց, որը լավ է աշխատում։ Գաղտնիությունը նշանակում է վատ աշխատանք», – ասում է նա։ 

Դոյդոյանը մեջբերում է ամենաթարմ տվյալները, մինչև իրենք պատրաստվում էին հրապարկել 2021-ի սև ցուցակը, որտեղ տեղ էին գտել Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Հայկ Մարությանի անունները, նրանք հեռացան պաշտոնավարումից։ Ցուցակից միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որ այս պահին շարունակում է զբաղեցնել պաշտոնը։ 

Հաղորդակցության կազմակերպումը կարևոր է գործոն է, որպեսզի հասկանալի լինի կառույցը կամ պաշտոնյան ինչպես են կառավարում իրենց ոլորտը։

Թափանցիկության և հաշվետվողականության համար այս հրապարակումը շատ լավ ցուցանիշ է հասկանալու հաղորդակցության ոլորտներում թերացած պաշտոնյաների հետագան

«Եթե տվյալ պաշտոնյան թերանում է պատասխանել հարցումներին, ուրեմն իր գործունեության մեջ ինչ-որ խնդիրներ կան, հակառակ դեպքում նա կամ իր ղեկավարած կառույցը կցանկանան ավելի հանրային լինել, պատասխանել ոչ միայն լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին, այլև իրենք կնախաձեռնեն միջոցառումներ, շփումներ և կհանրայնացնեն տեղեկություններ»։

Այս տվյալների ամփոփման ժամանակ կենտրոնը հավասարապես հիմնվում է կազմակերպության Givemeinfo.am հարթակի հարցումների պատասխանների և տվյալ կառույցի կամ պաշտոնյայի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային հաղորդակցության կազմակերպման արդյունքների վրա «Կան կառույցներ, որոնց գործունեությամբ լրագրողներն ու քաղաքացիները չեն հետաքրքրվում և նրանց թվում է այդպես էլ պետք է լինի, մինչդեռ մեր հարկերից սնվող կազմակերպությունները պետք է թափանցիկ և հաշվետու լինեն մեզ»։

Դիտարկվում են մամուլի ասուլիսները, լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպումները, պաշտոնական կայքէջերը, սոցցանցային ակտիվությունը, պաշտոնական հաղորդագրությունները և այլն։ 

Ավելի վաղը կենտրոնը հանրագիր էր ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար նախատեսված տուգանքների չափը, որպեսզի զարգանա հարցումներին լիարժեք, սպառիչ և ժամանակին պատասխանելու պրակտիկան։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *