ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 1-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հանրային հեռուստառադիոընկերության (Հ1) խորհրդի անդամ է նշանակվել «Շարմ» հոլդինգի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ուրախների եւ Հնարամիտների Ակումբի ամենահայտնի հայ մասնակիցը 6 տարի ժամկետով կզբաղեցնի այն նոր պաշտոնը:
Փետրվարի 1-ից ավարտվել էին Հ1-ի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները, իսկ թափուր մնացած տեղի համար հայտարարվել էր մրցույթ՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ հաշվի առնելով ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:
Թափուր պաշտոնը համալրելու դիմում էին ներկայացրել Ռուբեն Ջաղինյանն ու լրագրության դասախոս Աստղիկ Ավետիսյանը: ՀՀ նախագահը նախընտրելի է համարել առաջին թեկնածությունը:
Հետագա ընթացակարգը պահանջում է մոտ ժամակներում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստ հրավիրել, որի ընթացքում արդեն հինգ լիիրավ անդամները (Նարա Շլեպչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Սարգիս Մուրադխանյանը, Ստեփան Զաքարյանն ու Ռուբեն Ջաղինյանը) քվեարկությամբ կընտրեն խորհրդի նախագահ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: