Վերնագիր դարձած այս արտառոց հարցը ծագեց «Ա1+»-ի փակումից հետո և հանգեցրեց «Այբ-ֆե» օրաթերթի ստեղծման գաղափարին:
«Այբ-ֆե»-ն «Ա1+»-ի լրատվական ծրագիրն էր, որը այդ ժամանակների ամենաօպերատիվ և ամենահավաստի տեղեկատվության աղբյուրն էր Հայաստանում: Ամենքին հայտնի էր, որ իշխանությանն ամենաշատը հենց այդ օպերատիվությունն էր անհանգստացնում ու նաև այն վարկանիշը, որը ձեռք էր բերել «Ա1+»-ը բարձր պրոֆեսիոնալիզմի, ազատության և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Ու հիմա, հեռուստաընկերության եթերազրկումից հետո, «Այբ-ֆե» անունով թերթը, մեր միամիտ պատկերացումով, ինչ-որ տեղ գուցե լրացներ հեռուստաընկերության բացակայությունը:
Հեռարձակման հնարավորությունից զրկված լրատվամիջոցը առժամանակ հարկադրված էր իր գործունեությունը ծավալել որպես էլեկտրոնային կայք: Այդ տարիներին կայքերը չունեին տեսանյութեր տեղադրելու տեխնիկական հնարավորություն, դրանց տեղեկատվական «զինանոցը» չէր տարբերվում տպագիր լրատվամիջոցներից՝ հրապարակվում էին միայն գրավոր տեքստեր և լուսանկարներ:
Եվ ակնհայտ էր, որ «Ա1+»-ից խլելով նրա հեռուստադիտողին՝ իշխանությունը միանգամայն բավարարված պիտի զգար իրեն: Շնորհիվ գավառական հնարամտության և երեսպաշտության հմուտ զուգորդման՝ պատեհ-անպատեհ առիթների դեպքում կենսունակ էր պահվում բանականության տեսանկյունից խիստ խոցելի այն թեզը, թե ոչ ոք չի եթերազրկել հեռուստաընկերությունը, «Ա1+»-ը չի փակվել, պարզապես պարտվել է մրցույթում, և առաջիկայում սպասվող այլ հաճախականությունների մրցույթներին մասնակցելով՝ այն կարող է վերադառնալ եթեր: Ճիշտ է՝ հեռուստաընկերությունն իներցիայով շարունակում էր նկարահանել իրադարձությունները, բայց դա ընդամենը տարեգրություն էր…
«Ա1+»-ի փակումը հերթական գլխավոր թեման դարձավ լրագրողների համար: Գրեթե բոլոր թերթերում հրապարակվում էին խմբագրականներ, հոդվածներ, հարցազրույցներ, մեկնաբանություններ: Լրագրողներին առանձնապես դուր էր գալիս իրենց հարցերով նեղը գցել պաշտոնյաներին: Այս ասպարեզում հմտացած լրագրողներից մեկը՝ Ավետիս Բաբաջանյանը, մի օր խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանին հարցնում է՝ պարոն Թորոսյան, ինչո՞ւ իշխանությունը փակեց «Ա1+»-ը, և Տիգրան Թորոսյանը սկսում է մտամոլոր արտասանել իշխանական շրջանակների մշակած ու պետական բոլոր պաշտոնյաներին անգիր անելու համար հանձնարարված թեզը. «Ա1+»-ը չի փակվել…»: Ու չի հասցնում շարունակել միտքը, քանի որ Ավետիսը, չզսպելով հրճվանքը՝ բացականչում է. «Ո՞նց… ձեր տանը ցույց ա՞ տալիս…»:
Այդ օրերին պարբերաբար անցկացվում էին նաև բողոքի ցույցեր ու միտինգներ, որոնց մասնակցում էին քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, հնչում էին ելույթներ, տեղի էին ունենում քննարկումներ, որոնց մասնակիցները քննադատում և դատապարտում էին իշխանությանը ազատ խոսքը ճնշելու համար:
«Ա1+»-ից բացի, ի դեպ, եթերազրկվել էր նաև «Նոյան տապան» հեռուստաընկերությունը, որը, կարելի է ասել, բավականին անշառ ալիք էր և ավելի մեծ ճանաչում ստացավ եթերազրկումից հետո, քան ուներ եթերում եղած ժամանակ: «Նոյան տապանին» ևս եթերազրկելը ոչ միայն արդարության պատրանք էր ստեղծում, թե տեսեք՝ ոչ մի մտասևեռում էլ չկա «Ա1+»-ի վրա, այլև առերևույթ լավ հնարավորություն էր՝ երկու լրատվամիջոցների ուժերը համախմբելու և համատեղ պայքարելու համար, սակայն իրականում նպատակ ուներ բողոքի ու ընդվզումի թափը երկու մասի բաժանելու, ուշադրությունը «Ա1+»-ից մասամբ շեղելու: Այլ կերպ ասած, «Նոյան տապանին» «Ա1+»-ի հետ նույն ճակատագրին արժանացնելը ոչ թե այս հեռուստաընկերությանը կարևորելն էր, այլ հակառակը. «Ա1+»-ին ևս որպես թույլ ալիք ներկայացնելու քողարկված քայլ: Իշխանության այս պարզունակ հնարքը առժամանակ շատերը չէին ուզում գիտակցել:
Շուտով սկսվեցին «Այբ-ֆե» թերթի նախապատրաստական աշխատանքները, սկսած խմբագրության համար վարձակալած բնակարանի վերանորոգումից, վերջացրած թերթի կառուցվածքով ու տեխնիկայի ձեռքբերմամբ: «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն առաջարկեց ինձ խմբագրել թերթը: Ստեղծվեց նաև Խոսքի ազատության աջակցության հիմնադրամ, որը, սակայն, առանձնապես հաջողություն չունեցավ. միայն մի քանի սրտացավ անհատներ, ընկերներ ու բարեկամներ խորհրդանշական գումարներ փոխանցեցին, որոնք ուղղեցինք մեզ համար ահռելի թվացող ծախսերը գոնե մասամբ մեղմելուն:
«Այբ-ֆե»-ի առաջին համարը լույս տեսավ 2002-ի դեկտեմբերի 17-ին:
«Ա1+»-ի «Դիտեք մեզ՝ ճանաչեք ձեզ» կարգախոսը թերթի ճակատին մատուցված էր փոքր-ինչ խմբագրված. «Կարդացեք մեզ, ճանաչեք ձեզ»: Դա «Ա1+» հեռուստաընկերության, կարելի է ասել՝ տպագիր պարոդիան էր, հեռուստատեսության հաղորդացանկի «նենգափոխումը» (որքանով որ դա հնարավոր էր) տպագիր տարբերակի:
Ընդամենը երկու օր անց, երբ հերթական համարը պատրաստվում էինք ուղարկել տպարան, լուր ստացանք, որ վախճանվել է Հրանտ Մաթևոսյանը… Մեր խմբագրության դեռևս աղքատիկ արխիվում անգամ Հրանտի լուսանկարը չունեինք: Մի կերպ լուսանկար հայթայթեցինք, առաջին էջը փոխեցինք ամբողջությամբ, կեսգիշերին թերթն ուղարկեցի տպարան և Արմեն Շեկոյանի հետ գնացինք Հրանտենց տուն:
Երևանում խոշոր փաթիլներով առատ ձյուն էր գալիս: Դեկտեմբերյան սառը, խավար, խավարի մեջ ճերմակող գիշեր էր:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: