2013 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում նշանավորվեց ցանցային մամուլի աննախադեպ լուսաբանմամբ: Ինտերնետի «սարդոստայնում» կարելի էր ուղղակի մոլորվել` փնտրելով ուզածդ տեղեկատվությունը:
Ցանցային մամուլի աշխատանքի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար որոշեցի ընտրությունների օրը հետեւել arminfo.am, a1plus.am, tert.am, news.am, 1in.am, azatutyun.am, lragir.am, armenianow.com, emedia.am, armenpress.am եւ civilnet.am կայքերի աշխատանքին՝ ուսումնասիրելով, թե որքա՞ն օպերատիվ աշխատեցին, տեղեկատվությունն ուղեկցվու՞մ էր լուսանկարներով կամ տեսանյութով:
Եթե թատրոնն սկսվում է հանդերձարանից, ապա ընտրության օրվա մասին լրահոսը մեկնարկում է քվեարկության սկիզբն ազդարարող լուրից: Այդ առաջին տեղեկատվությունը arminfo.am-ը տեղադրել էր ժամը 09.43-ին, a1plus.am-ը` 07.50-ին, tert.am-ը `08.44-ին, news.am-ը`08.01-ին, 1in.am-ը` 09:02-ին, azatutyun.am-ը՝ 07.55-ին, lragir.am-ը`08:19-ին, emedia.am-ը` 08.00-ին, armenianow.com-ը` 08.09-ին, armenpress.am-ը` 08.00-ին, civilnet.am` 8:54:
Այս անգամ էլ, ինչպես 2012-ի ԱԺ ընտրություններում, անձնագրերում դրվող կնիքի անհետացող թանաքի մասին տեղեկատվությունը դարձավ ընտրությունների լրահոսի «հիթը»: Այդ թեմային անդրադարձան գրեթե բոլոր նշված կայքերը: Իսկ civilnet.am-ը նույնիսկ տեսանյութ տեղադրեց, որտեղ կարելի էր տեսնել, թե ինչպես են կնիքները մաքրվում թաց անձեռոցիկով: Նույնիսկ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ դա քրեորեն պատժելի է:
Երեք ժամը մեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ուղիղ հեռուստաեթերով ընտրողների ակտիվության վերաբերյալ տվյալներ էր հրապարակում, եւ հետաքրքիր էր տեսնել՝ ինչպիսի օպերատիվությամբ էին արձագանքում այդ լուրին կայքերը:
Ժամը 12:00-ի ԿԸՀ-ի տվյալների ամփոփումն a1plus.am-ը տեղադրեց ժամը 12:27-ին, tert.am-ը` 12:26-ին, news.am-ը`12:23-ին, emedia.am-ը` 12.27-ին, azatutyun.am-ը` 13.49-ին, armenianow.com-ը` 12:52-ին (կայքն, այդ լուրը օգտագործելով, շատ տեղին զուգահեռներ էր անցկացրել` համեմատելով այն 2008-ի նախագահական ընտրությունների նույն ժամանակահատվածի տվյալներին հետ), armenpress.am-ը` 12:46, civilnet.am-ը` 13.26-ին:
1in.am-ն ու lragir.am-ը չէին անդրադարձել այդ լուրին, սակայն եթե առաջինը նմանատիպ էքսկլյուզիվ նյութ էր տեղադրել «Ընտրական տեղամասերում նկատվում է տարօրինակ ակտիվություն` Բագրատյանի նախընտրական շտաբ» վերնագրով, ապա երկրորդը նույն բովանդակությամբ նյութը տեղադրել էր ԿԸՀ-ի տարածած ժամը 14-ի դրությամբ ընտրողների ակտիվության մասին:
Ուրախալի է, որ ընտրությունների օրը կայքեր կային, որ (emedia.am, armenpress.am) օգտագործեցին ընտրողների մասնակցությունը ցուցադրող ինֆոգրաֆիկաներ, ինչը ավելի պատկերավոր էր դարձնում ամեն համայնքի ընտրողների ակտիվությունը:
Ցանցային մեդիայում ընտրությունների լուսաբանման առանձնահատկություններից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանի լայվ բլոգն էր՝ իրադարձությունների մուլտիմեդիա լուսաբանումը՝ ըստ ժամանակագրության
Օրվա առաջին կեսին, չգիտես ինչու, breaking news դարձավ հանրապետությունից բացակայող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քվեարկությանը չմասնակցելու լուրը: Այս լուրին անդրադարձան armninfo.am, 1in.am, emedia.am եւ armenianow.com կայքերը, ընդ որում՝ arminfo.am-ը նույնիսկ այդ նյութը տեղադրեց «օրվա ինտրիգը» խորագրով:
Այս լուրը, թերեւս, ճիշտ կլիներ օգտագործել ներկայիս Ընտրական օրենսգրքի բացթողումը հիշատակելու համար, համաձայն որի՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները չեն կարող ընտրություններում քվեարկել: Ի դեպ, այդպես էլ ներկայացրել էր այդ լուրը armenianow.com-ը:
Խախտումների մասին ահազանգերից կարելի էր առանձնացնել այն լուրը, որ Սամվել Ալեքսանյանը Գյումրիի շաքարի գործարանից 4 միկրոավտոբուսով եւ մեկ ավտոբուսով մարդկանց է տեղափոխում Երեւան քվեարկելու: Այդ լուրը որոշ կայքեր տեղադրել էին` լուսանկարներով եւ որպես սկզբնաղբյուրի հղում անելով galatv.am-ին:
Սակայն emedia.am–ն, ի պատիվ իրեն եւ ի տարբերություն այլ կայքերի, փորձել էր ստուգել այդ լուրի իսկությունը` ուղարկելով լրագրողին «Փարվանա» ռեստորանի մոտ, որտեղ էլ լուսանկարվել էր կայանած ավտոբուսը:
Գրեթե բոլոր նշված կայքերը անդրադարձել էին հիմնական թեկնածուների քվեարկության լուրին: Սակայն, գրելով նախագահի քվեարկության մասին, քչերն էին (բացի a1plus.am-ից) նշել, որ ըտրատեղամասից դուրս գալիս նրան մոտեցավ տիկին Անահիտը (Գյումրիում կալանավորված մի երիտասարդի հաշմանդամ մայրը), ով խնդրեց օգնել իրեն: Այդպիսի մանրամասներ միշտ էլ հետաքրքրել է ընթերցողին:
Ոչ բոլոր կայքերն անդրադարձան Գյումրիի տեղամասերից մեկում տեղի ունեցած երկու ԱԺ պատգամավորներ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ քաշքշոցին եւ վիճաբանությանը (այդ մասին գրել էր civilnet.am-ը)՝ չնայած դա բավականին հետաքրքրաշարժ նորություն էր:
Civilnet.am-ում տեղադրվեց նաեւ նյութ այն մասին, թե ինչպես է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի 17/37 ընտրատեղամասում նշված կայքի լրագրողը կանխել կրկնակի քվեարկության դեպքը: Իհարկե, որպես քաղաքացի, նա խիզախ արարք է գործել, սակայն, համաձայն Ընտրական օրենսգրքի, տեղամասում իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողը իրավունք չունի միջամտել ընտրական գործընթացին: Նա ֆիքսում եւ տարածում է տեղի ունեցածը:
Ինչ վերաբերում է օրվա վերջում հրապարակված еxit-poll-ի արդյունքներին, ապա այստեղ էլ մի հետաքրքիր բան նկատվեց. նախօրեին аrmenpress գործակալությունն իր կայքում նշել էր, որ exit poll-ի արդյունքները լրատվամիջոցներին կուղարկվեն երեկոյան 20:05-ին, սակայն ինքն այդ տեղեկությունը հրապարակել էր 20.04-ին, այսինքն՝ պաշտոնական հրապարակումից1 րոպե շուտ:
Անշուշտ, քվեարկության օրվա ամենացնցող նորությունը, որը գրեթե բոլոր կայքերն էին տեղադրել, մի երիտասարդի արարքն էր, որը, վանկարկելով «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին», կերել է իր քվեաթերթիկը: Այս ակցիան, իհարկե, լավ նախապատրաստված էր երիտասարդի կողմից, քանի որ նրան ուղեկցող մարդիկ նկարահանում, լուսանկարում ու տարածում էին վիդեոշարքը:
Կուզենայի կարճ բնութագրել կայքերը քվեարկության օրը:
arminfo.am` ընտրությունների մասին պատմող սեփական լուսանկարներ եւ տեսահոլովակներ չկային, միայն տեքստ էր, առանձին սյունյակով էր գնում ընտրությունների մասինլրահոսը:
a1plus.am` ընտրությունների մասին նյութերը տեղադրված էին ընդհանուր լրահոսում, ամեն մի նյութ ուղեկցվում էր լուսանկարներով կամ տեսանյութով: Կային ուղիղ միացումներ ԿԸՀ-ից, թեկնածուների նախընտրական շտաբներից, Մեդիա կենտրոնից, ինչպես նաեւ «Այբ-ֆե»-ի պարբերական թողարկումներ «Ա1+»-ի ուղիղ եթերում։
tert.am` նյութերը տեղադրված էին ընդհանուր լրահոսում, կային լուսանկարներ, բայց ոչ բոլորն էին սեփական:
news.am` նյութերը տեղադրված էին ընդհանուր լրահոսում, սեփական արտադրության լուսանկարները այդքան շատ չէին, սակայն գործում էր օպերատիվ:
1in.am` ընտրություններին վերաբերող նյութերի հավաքված էին հատուկ քվեարկության օրվա համար ստեղծված առանձին բաժնում, բոլոր նյութերն ունեին լուսանկարներ, շատ էին նաեւ տեսանյութերը:
azatutyun.am` ընտրություններին նվիրված նյութերը տեղադրված էին ընդհանուր լրահոսում, սակայն այդ օրվա 25 լուրերից 20-ը նվիրված էին ընտրություններին, նրանց կցված էին լուսանկարներ, կային տեսանյութեր: Կար լայվ բլոգ:
lragir.am` ընտրությունների մասին նյութերը ընդհանուր լրահոսում էին, սակայն նրանց գերակշիռ մասը նվիրված էր այդ իրադարձությանը, կային լուսանկարներ, բայց քիչ էին սեփականները: Բացվել էր հատուկ բաժին` «Մեդիա կենտրոն. ահազանգեր խախտումների վերաբերյալ» խորագրով:
emedia.am` կայքը հատուկ «Նախագահական ընտրություններ 2013» բաժին էր բացել, ակտիվ թարմացվով ֆոտոշարքեր կային, օգտագործվել էր ինֆոգրաֆիկա:
armenianow.com` կայքը «vote 2013» բաժին էր ստեղծել, որտեղ տեղադրվում էին այդ իրադարձությանը նվիրված ու լուսանկարներով ուղեկցվող նյութեր: Տեսանյութեր չկային:
armenpress.am ընտրություններին նվիրված հատուկ բաժին չէր բացվել, ընտրական նյութերը ընդհանուր լրահոսում էին, օգտագործվել էին ինֆոգրաֆիկա, լուսակարներ: Շատ էին նյութերը Ոստիկանությունից:
civilnet.am` ընտրությունները լուսաբանելու համար կայքում հատուկ բաժին էր գործում, կար ընտրություններին նվիրված վազող տող, նյութերը ուղեկցվում էին լուսանկարներով, տեսանյութերով: Կայքում պարբերաբար կարելի էր ուղիղ եթերում դիտել ընտրական գործընթացի տարբեր իրադարձությունները:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: