Մրցույթներ, վեբինարներ, վարպետաց դասեր և պետական չափորոշչի կարգավիճակ․․․ Այս տարվա մեդիագրագիտության շաբաթը, որն անցավ նոյեմբերի 8-14-ը, շատ ավելի ընդլայնված էր և ուներ հստակ արդյունքներ։
Նախորդ տարվանից սոցիալական ցանցերում պտտվող «ԴԻՄԱԿայում ենք», «լրավարակ», «պատվաստվիր մեդիագրագիտությամբ» ու նման այլ արտահայտությունները մեկտեղվեցին մեդիագրագիտության շաբաթում։
Մեդիագրագիտության շաբաթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ արդեն չորրորդ տարին անընդմեջ։
«Մեդիան ամենուր է, և տիրապետելով անհրաժեշտ գործիքներին, պատրաստ կարող ենք դիմակայել մի շարք մարտահրավերների, հակառակ դեպքում դառնում ենք խոցելի, ինչի օրինակը եղավ թե՛ պատերազմի, թե՛ համավարակի շրջանում»,- շաբաթվա մեկնարկը տվող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա ընգծեց, որ այն միայն արտաքին աշխարհի հետ հաղորդացկման և ընկալելու միջոց չէ. «Այսօր առանց թվային գործիքների կիրառության անհնար է կրթական գործընթաց կազմակերպել»։
Որպես այս տարվա գլխավոր ձեռբքերում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ և լրագրող Լուսինե Գրիգորյանն առանձնացնում է մեդիա և թվային կարողությունակությունները հանրակրթության պետական չափորոշչում ներառելը։
«Այսուհետ մեդիագրագիտությունը պետական պահանջ է և բոլոր առարկաներում, ինչ-որ պահից սկսած, որևէ կերպ պետք է այն ինտեգրվի»,- ասում է նա։
Մեդիագրագիտությունը ոչ թե առանձին առարկա է, այլ կյանքի բոլոր ոլորտներում տարալուծված հմտությունների շարք։ Այդ հմտությունները զարգանում են մարդու կյանքի հետ համատեղ, և առավել կարևոր է դրանք ներառել կրթության տարբեր առարկաներում՝ հասարակագիտություն, պատմություն, աշխարհագրություն, գրականություն և այլն։ Որ երեխաները դեռևս դպրոցից պատրաստ լինեն ապրել փոփոխական տեղեկատվական միջավայրում։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մեդիագրագիտության բաղկացուցչի ավելացումը ենթադրում է բոլոր ուսումնական հաստատությունների աշակերտներին հաղորդել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք թույլ կտան նրանց գործել մեր ժամանակներում որպես մեդիագրագետ քաղաքացի։
Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփել է երեք մրցույթ, որոնցից մեկն ուսուցիչների համար էր։ Հաղթող երեք ուսուցիչները (տեխնոլոգիա, մաթեմատիկա, կենսաբանություն առարկաների) ստացել են կես տարվա դրամաշնորհներ, որոնք իրենց կօգնեն ելնելով առարկայի առանձնահատկություններից՝ ինտեգրել մեդիագրագիտությունը ու դասավանդման պլաններին գումարել նաև այդ հմտությունները զարգացնող վարժություններ, քննարկումներ, առաջադրանքներ և այլն։
«Ինտեգրված դասի պլանների մրցույթի համար ստացել էինք մոտ 45 հայտ, որոնց մեծ մասը որակյալ աշխատանքներ էին, անգամ մանրամասն մշակված»,- ասում է Լուսինե Գրիգորյանը:
Մեդիագրագիտության շաբաթն ունի համապետական բնույթ, բոլոր դպրոցներն ու բուհերը նախարարությունից նամակներ են ստանում միջոցառումների մասին։ Այս տարի այդ շրջանակն ավելի մեծ էր, քանի որ կազմակերպիչները ներգրավել էին նաև մանկապարտեզներին ու գրադարաններին:
Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ այս տարի ավելի շատ էր կրթական դաշտից հետաքրքրվածությունը, ավելի ակտիվ էին հեշթեգերը, շատ էին միջոցառումներն ու բազմազան էին դրանց ձևաչափերը։
Նորույթներից էր Երևան մոլի տաղավարները, որտեղ կային վիրտուալ խաղեր, կանաչ ֆոնի հետ աշխատելու հնարավորություն, քուիզեր, որոնց հաղթողները հուշանվերներ էին ստանում։ Շաբաթվա ընթացքում եղել են նաև փոդքասթինգի և վիդեոբլոգինգի վարպետաց դասեր։
«Տաղավարների նպատակը մեր շահառուներից` դպրոցականներից ու ուսուցիչցներից բացի այլ մարդկանց ևս որևէ կերպ մեդիագրագիտության հետ ծանոթացնել էր»,- ասում է Գրիգորյանը։
Չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ստիպեց վեբինարները կազմակերպել օնլայն, բայց նաև հնարավորություն տվեց հրավիրելու արտասահմանցի խոսնակների՝ թույլ տալով մարզերի դպրոցականներին ևս մասնակցել դրանց: Ստեղծվել է նաև «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղը, որը նախկինում հասանելի էր միայն առցանց տարբերակով։
Այս տարի մեծ էր մեդիագրագիտության շաբաթվա աջակիցների թիվը։ Նախարարությունից բացի նախաձեռնությանը միացել էին գերմանական n-ost կազմակերպությունը՝ Գերմանիայի Տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպած «Ես եմ մեդիան» երիտասարդական ֆորումը, որն էլ ամփոփեց շաբաթն ու շնորհեց մրցույթների մրցանակները, հիմնված էր ինֆլուենսերների հետ աշխատանքի փորձի վրա․ այստեղ երիտասարդները խոսում էին մեդիայի և թվային միջավայրում իրենց ապրելակերպի մասին։
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: