2021.11.19,

Խաչմերուկ

Պատերազմի լուրը

Պետք է որ լիներ ինչպես բոլոր կիրակիները։ Օրս պլանավորել էի ընտանիքիս հետ անցկացնել։

Զը՜նգ-զը՜նգ… Հեռախոսիս զարթուցիչը հիշեցնում է՝ առավոտյան ժամը 7-ն է, լույսը բացվել է, գործեր ունես պայմանավորված, վե՛ր կաց, հիշեցնում է. էն էլ ի՜նչ գործ։ Արդեն երկու տարի մեքենա չունեմ, շաբաթ երեկոյան նախապես որոշել եմ՝ առավոտ կանուխ գնում եմ ավտոշուկա ու մինչև կարթնանան կինս ու որդիս, մեքենա կգնեմ, կգամ տուն ու… իսկական անակնկալ կլինի, ընտանեկան կիրակին էլ կվայելենք արդեն մեքենայով։

Զը՜նգ-զը՜նգ. նորից զարթուցի՞չս է, ինքս ինձ ցածրաձայն հարցնում եմ, ձեռքս տանում հեռախոսիս. ժամը 07։23 է։

Չէ՛, այս անգամ զանգ է, զանգողն էլ՝ գործընկերս՝ Լիլիթը՝ ծնունդով Արցախից։ «Տեսնես ի՞նչ է եղել, երբեք ինձ այս ժամին չէր զանգել»-, մտածում եմ:

-Ալո՛, հա Լիլիթ, ասա, հո՞ բան չի եղել։

– Հա՛յկ… Հա՛յկ… (ձայնը դողում է), կներես, որ շուտ եմ զանգում, հո՞ քնած չես, ա՛յ տղա, կամ եթե քնած էլ ես, վե՛ր կաց։

Իրեն հատուկ արցախցու տոնով խոսում ա Լիլիթը։

– Ի՞նչ ա եղել, Լի՛լ։

– Նոր մերոնք Ստեփանակերտից զանգեցին, ասացին քաղաքին խփում են… Հա՛յկ, պատերազմ ա…

Այս բառից սիրտս մի վայրկյան սառեց, լեզուս կարկամեց, բայց… հետո նորից զարկերս լսեցի, ու ինչպես զինվորական ծառայության տարիներին մի քանի րոպեում պետք էր պատրաստվել հնարավորինս շուտ դուրս գալ տնից։

Դժվար թե հինգ րոպե անցած լիներ. ես արդեն հավաքել եմ առաջին անհրաժեշտության իրերս տնից գոնե մի շաբաթով բացակայելու համար։ 

– Հա՞յկ, էս ո՞ւր առավոտ շուտ։

– Արփ, Արփ, Արցախում պատերազմ ա սկսվել, ես գնում եմ, շուտ կգամ: Քեզ, երեխուն լավ նայի։

– Ի՞նչ ա եղել, չեմ հասկանում, էդ ո՞վ էր զանգել, ի՞նչ էր ասում առավոտ գիշերով։

Համբուրում եմ կնոջս, որդուս…

– Արփ, պատերազմ ա նորից, ես գնացի, կզանգեմ…

Կինս, վստահաբար, կիսարթուն չէր հասկացել՝ ինչ եմ ասում, որովհետև դժվար թե այդպես հանգիստ ինձ ճանապարհեր։

– Ալո՞, ես արդեն ճանապարհին եմ, բարձրանում եմ թի-վի, դու ո՞ւր ես։

Զանգել էի Առաջին ալիքի այդ օրերին լրատվական ծառայության տնօրենի պաշտոնակատարին։

– Ես էլ եմ ճանապարհին, նոր բան գիտե՞ս։

– Չէ, ինչ որ կա էս պահին, էդ ա, զանգել եմ օպերատորներին, տեսնեմ՝ ով շուտ կհասնի, միանգամից դուրս գանք։

Ժամը՝ մոտավոր 9 անց 20 է։ Ուղիղ եթերի սարքերով, տեսախցիկներով զինված՝ դուրս ենք գալիս հեռուստատեսությունից։ Ճանապարհին զրահաբաճկոնները մեզ է հասցնում հեռուստատեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հանդիպում ենք Մյասնիկյան պողոտայում, գրեթե առանց մեքենայից իջնելու արագ վերցնում ենք զրահաբաճկոն, սաղավարտներն ու PRESS գրությունները. առանց պաշտպանիչ հագուստի ռազմական գործողությունների վայր մեկնել, խստիվ արգելվում է։

– Դե, բարի՛ ճանապարհ, զգո՛ւյշ կլինեք, տղե՛րք։  

Մյասնիկյանի պողոտայից ուղղություն ենք վերցնում Սևանի մայրուղի։ Մեքենան սլանում է ժամում միջինը 150-180 կմ ժամ արագությամբ, ուղղությունը՝ Արցախ՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով։ Ճանապարհին մեր ուղղությամբ հանդիպում ենք զինվորական մեքենաների, զինտեխնիկայի ու միաժամանակ բանից անտեղյակ առավոտ շուտ աշնան արևի վերջին շողերը վայելող անհոգ մարդկանց։

– Շահինյա՛ն, լուրջ ա վիճակը։

– Հա, զգում եմ, բայց էս պահից մենք ընկերներ ենք, անունով կդիմես։ 

Հասնում ենք Վարդենիս, անցնում քաղաքի միջով։ Քաղաքից մոտ մեկ-երկու կիլոմետր վերև՝ դեպի Սոթք մեքենան կանգնեցնում են ռազմական ոստիկանության աշխատակիցները։

– Բարև ձեզ, ովքե՞ր եք, ձեր փաստաթղթերը, խնդրեմ:

– Հանրայինից ենք, ընկե՛ր, արագացրու, Արցախ ենք գնում,- սիգարետի ծուխը պատուհանից փչելով՝ Առաջին ալիքի անցագրերն ա ցույց տալիս Շահինյանը։ 

– Բայց սենց չեք կարա գնաք, ճանապարհին խփում են, նոր մի 500 մետր վերև սմերչը խփեց։

– Հա, ոչինչ, ախպե՛ր, դու ճանապարհը բաց, մեզ էլ չես տեսել։

Ճանապարհը աստիճանաբար դանդաղում է, հեռվում հրետակոծության ձայներ են լսվում։ Պայթյունների ձայները աստիճանաբար մոտենում են։ Արդեն մոտ երկու-երեք հարյուր մետր անցել ենք Սոթքի հանքի կողքով ու իջնում ենք դեպի Քարվաճառ։ 

Ականջներիս մեջ ձայներ եմ լսում, ինչ-որ բան «տզզում» է, մտածում եմ՝ ճանապարհից է, երևի ճնշման տատանում է։ Բացում եմ մեքենայի պատուհանը։ Թույլ անձրև է տեղում, Սոթքից ներքև Քարվաճառի հատվածում մառախուղ է նկատվում։

– Ռուբ, ձեն չե՞ս լսում: Ոնց որ բեսպիլոտնիկ չըլնի՞։

Հարցս հազիվ եմ ավարտում ու կողքի ձորակում՝ մեքենայից մոտ 30-40 մետր հեռավորությամբ պայթյունը մեզ ալիքի տակ է վերցնում։ Ռուբենը փոսերի միջով մեքենան ջարդուխուրդ անելով մի կերպ այն հանում է ճանապարհից… ու դուրս ենք վազում, թաքնվում քարերի արանքում։

– Դա՛վ, կամերան հանի՛ արագ, նկարի՛, հենա ձորի մեջ ա խփել,- կանչում եմ գործընկերոջս՝ Դավիթին, որը այդ ճակատագրական օրը առաջինն էր հասել Հանրային։

– Դա՛վ ջան, տեսնեմ կադրերդ,- սովորույթի համաձայն հարցնում, նայում եմ կարևոր կադրերը. ինչ արած, «լրագրողական հիվանդություն» է։

Առաջին ալիքի լրատվական թիմը Արցախում

«Ըհը, առաջին կադրերը ունենք արդեն, կարող ենք անգամ ուղարկել հեռուստատեսություն»,- մտածում եմ։

Անօդաչուի ուղղությամբ կրակի տարափ է սկսվում, բայց դեռ «տզզում» է մեր գլխավերևում։ Երեքով տարբեր քարերի հետևում պատսպարվել ենք, Դավիթին խնդրում եմ՝ եթե հնարավոր է՝ ֆիքսի անօդաչուին։

– Հա՛յկ, մառախուղը խանգարում ա, չեմ գտնում, դու տեսնո՞ւմ ես։

– Չէ՛, Դա՛վ։

Մոտ տասը րոպե անց կարծես սկսում է հեռանալ. կա՛մ մերոնք են խփում, կա՛մ… չգիտեմ։ 

Ճանապարհը շարունակում ենք, հաջորդ ոլորանի ուղիղ մեջտեղում ասֆալտը վառվում է։ Հակառակորդը հարվածել է ոլորապտույտ ճանապարհին այն մասում, որտեղ մեքենաները դանդաղեցնում են ընթացքը և պտույտ կատարում։ Ճանապարհին արդեն զինվորական մեքենաներ կան անսարք, կանգնած։ Զինվորականները մեզ խորհուրդ են տալիս չշարունակել ճանապարհը։ Իջնում ենք ևս մի քանի ոլորան ու հաջորդ ոլորանի կենտրոնում նորից արկ է պայթում։

– Ռո՛ւբ, քշի՛, չկանգնե՛ս։ 

– Ոնց որ ճիշտ էին ասում, հետ գնա՞նք, մյուս ճանապարհով շարունակենք,- հարցնում է Ռուբեն Շահինյանը։

– Չէ՛, հաստա՛տ չէ, բարձրանալիս ավելի հեշտ կխփեն, Ռո՛ւբ, ախպոր պես արագ քշի դու մենակ։

– Ես տարիքս առած մարդ եմ, ձեր համար եմ ասում…

Դավիթը լուռ լսում է մեր երկխոսությունը, չի խոսում, իրեն հատուկ ոճով ժպտում է։

Մեկ էլ ֆիլմերի մեջ եմ հիշում նման տեսարաններ. մոտ հինգ րոպե տևած մղձավանջը կարծես հետևում է։ Սկսում ենք կատակել, հասնում մինչև այն թեմային՝ թե ով, ինչպես էր թաքնվել անօդաչուից։

Քարվաճառում ենք, ամբողջ ճանապարհը, կամուրջները պայթեցված են, բայց անցանելի։ Էլեկտրական կայանը վառվում է։ Ինձ համար գոնե այդ պահին արդեն հասկանալի էր՝ կրակը դիպուկ է, հարվածում են կարևոր ստրատեգիական կետերի ու չեն վրիպում։ Առաջինը, որ մտածում եմ, սա թուրքական ձեռագիր է, ադրբեջանցիները այսպես դիպուկ խոցել չէին կարող. հիշում եմ Տավուշում հուլիսյան դեպքերը, երբ բարեբախտաբար հրթիռները նշանակետերին չէին հասնում։

Հայկ Նվասարդյանը և օպերատոր Արտակ Գևորգյանը

Կեսօրից անց ժամը 3-ն է՝ Ստեփանակերտում ենք։ Շտապում ենք քաղաքի հրթիռակոծված հատված։ Նկարահանում ենք բազմաբնակարան շենքերի ավերածությունները, հարցազրույց վերցնում ականատեսների, շենքերի բնակիչների հետ։ Վերադարձի ճանապարհին իմանում ենք՝ Մարտունիից տեղափոխվող ընտանիքը հայտնվել է հրթիռակոծման տակ։ Մեքենայում ծննդկան կինը վիրավորվել է, հրաշքով հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց ու րոպեներ առաջ լույս աշխարհ է եկել նրա որդին. առաջին ուղիղ միացման նյութը և ռեպորտաժը պատերազմող Արցախից պատրաստ է։

– Բարի երեկո, Մերի՛։ Քիչ առաջ Ստեփանակերտի հիվանդանոցում արցախցի վիրավոր կինը տղա է լույս աշխարհ բերել, որդուն Մոնթե կնքել, որ պատերազմը հաղթանակով ավարտվի։ Ամուսինը սահմանին է։

Հայկ Նավասարդյան, լրագրող
շարունակելի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *