2021.10.28,

Քննադատ

Լրագրության անցյալից. ո՞վ գողացավ իմ ձայնը

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Անկախության շրջանի առաջին տասնամյակի իրադարձություններից հայկական մամուլի ամենաբազմաչարչար թեմաներն էին 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդը և 2001-ի սեպտեմբերին «Պապլավոկ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը:

Եթե հոկտեմբերի 27-ը՝ որպես վաղօրոք մշակած բազմաքայլ ու հրեշավոր ծրագիր, իրավական դաշտում դժվար եղավ «տաք հետքերով» բացահայտել, և քաղաքական հակամարտ ուժերը կանխամտածված կամ ակամա այն վերածեցին փոխադարձ մեղադրանքների մրցավազքի, հաճախ հասցնելով ցածրակարգ լեզվակռվի և հակատրամաբանական աճպարարությունների մակարդակին, որտեղ իշխանությունն անմրցելի էր, ապա «Պապլավոկում» կատարվածը «մեկքայլանի» սպանություն էր, որը մանևրելու տեղ գրեթե չէր թողնում: 

Հոկտեմբերի 27- ոճիրը մերթ որակելով «մի խումբ ռոմանտիկների» ինքնագործունեություն, մերթ «ուչաստկովիի մակարդակով» բացահայտելու գործ՝ իշխանությունը բացահայտ մարտահրավեր էր նետել հասարակությանը, չխորշելով տեղի ունեցածը խճճելու մարտավարությունից:

Բայց հասարակությանն  այդ աստիճանի ապակողմնորոշելը հեշտ չէր, և գործի դրվեց ամենաարդյունավետ միջոցը. ժամանակ շահելու մարտավարությունը՝ հավանական ընդվզումի ալիքը հանդարտեցնելու, դեպքը համբերատար դեպի անցյալ մղելու, հետաքրքրությունն ու աղմուկը մաշեցնելու, արձագանքները խլացնելու, դրա հետ կապված ամեն բան բթացնելու հեռահար նպատակով… Այլ հարց է, որ ժամանակը երկակի ազդեցություն ունեցավ. մի կողմից այս մարտավարությունն արդարացրեց իրենց, մյուս կողմից որոշակիացրեց, խորացրեց ու ամրապնդեց կասկածները կազմակերպիչների վերաբերյալ:

«Պապլավոկի» սպանությունը, ի տարբերություն հոկտեմբերի 27-ի,  վաղօրոք ծրագրված ու մշակված չէր և տեղի ունեցավ գրեթե որպես իմպրովիզացիա՝ ջազային համերգ ունկնդրելու եկածների քթի տակ: 

Բայց որքան էլ ընդգրկումով հոկտեմբերի 27-ի ոճիրից տարբեր՝ ձեռագրով ու ոճով այն խիստ նման էր մոտ երկու տարի առաջվա սպանդին: Նկատի ունեմ առանձնահատուկ դաժանությունը, սպանությամբ այլոց ահաբեկելու և ինքնահաստատվելու ենթագիտակցական մղումը:

Ի տարբերություն ուղիղ եթերում կատարված սպանդի, այս անգամ առժամանակ հաջողվեց թաքցնել կատարվածը. պաշտոնական վարկածով այն ներկայացվեց իբրև դժբախտ պատահար, որը անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան, չնայած սպանության պահին սրճարանում մի քանի տասնյակ մարդկանց ներկայությանը…

Եվ լրատվամիջոցներից հենց «Ա1+»-ն էր, որ առաջինը հրապարակեց կանխամտածված սպանության վարկածն ու փաստորեն խափանեց կատարվածը կոծկելու՝ իշխանության սցենարը (այս մասին հեռուստաընկերության եթերում ամենքի համար շատ անակնկալ բարձրաձայնեց լրագրող Մարկ Գրիգորյանը):

Որոշակի հապաղումով պիտի արձանագրվեր, որ ՀՀ նախագահի թիկնազորի ձեռքով ՀՀ շարքային քաղաքացու հանդեպ հրապարակային դատաստանը՝ սրճարանի զուգարանում նրան մահվան դուռը հասցնելը, նրան ծեծելով սպանելը ոչ այլ ինչ էր, քան բիրտ ուժի, զոռբայության, ամենակարողության, անպատժելիության և այս կարգի ախտերի ցուցադրում, դրանց հաղթարշավի ազդանշան, այդ կանոնների պարտադրանքը հասարակությանը, ինչպես որ միջնադարում անմեղ մարդկանց հրապարակային մահապատիժներն էին:

Ազատ և անկախ սակավաթիվ լրատվամիջոցները, ի տարբերություն բերանները ջուր առաջ հեռուստաալիքների և իշխանությանը ծառայող թերթերի, չէին կարող լռել կատարվածի մասին: Այս լրատվամիջոցների մեջ ամենամեծ լսարանն «Ա1+»-ինն էր:

Ու ինչպես դեդեկտիվ ֆիլմերում է լինում՝ վերացնել կամ լռեցնել առաջին հերթին սպանությանն ականատես վկաներին, երկրորդ հերթին՝ այդ սպանության մասին խոսողներին,- իշխանությունը սևեռվեց այդ խնդրի վրա: Վերացնել, բնականաբար, հնարավոր չէր, բայց լռեցնել կարծես թե կարելի էր՝ սպառնալով, վախեցնելով, ահաբեկելով… Ծայրահեղ դեպքում՝ «օրենքով»:

«Պապլավոկի» սպանությունն, իհարկե, իշխանության միակ ակնառու մեղքը չէր, որի վրա իր հերթին սևեռված էր անկախ մամուլը: Ուստի ազատ, բայց իր ընկալմամբ՝ անպատասխանատու մամուլի դեմ պայքարում իշխանությունը ոչ միայն առավել քան անողոք էր, այլև պարտադրված էր լինել առավել քան հնարամիտ: Եվ հենց այս հնարամտությունն էր, որ հանգեցրեց հեռուստահաճախականությունների մրցույթով Ա1+-ին եթերազրկելու դեմագոգիկ, բայց գործնականում անխոցելի գաղափարին:

Դեռ 2001-ի նոյեմբերից էր տարածվել լուրը, թե իշխանությունը մտադիր է եթերազրկել Ա1+-ին: Այդ լուրը մամուլ էր նետվել, ու ակնհայտ էր, որ հրահանգը տրված էր. «Ա1+»-ը պիտի հեռանար եթերից: Դա կատարվելու էր 2002-ի ապրիլի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումով, չվարանեմ ասել՝ հրապարակած դատավճռով, երբ այդ հանձնաժողովը սառնասրտորեն ցածր գնահատեց հայկական հեռուստաեթերի այդ տարիների անվիճելի առաջատար ընկերության ծրագիրը և հեռուստահաճախականությունների մրցույթում հաղթող ճանաչեց ժամանցային շոուներով հայտնի «Շարմ» ընկերությանը:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի գնահատականը «Ա1+»-ի ներկայացրած մրցութային փաթեթին

…«Ա1+ մամուլ» հաղորդաշարի վերջին թողարկման վերջին մեջբերումը ԵՊՀ դասախոս, իմ սերնդի մեծագույն Ուսուցիչ Լևոն Ներսիսյանի հետ հարցազրույցից էր: Ճակատագրի հեգնանքով այդ հարցազրույցը հենց նախօրեին հայտնվեց «Գոլոս Արմենիի» թերթում, թեև կայացել էր շատ ավելի վաղ (Լևոն Ներսիսյանը վախճանվել էր 99-ի նոյեմբերին): 

Ծանր հիվանդության պարտադրած վիրահատությունից հետո դժվարությամբ հաղորդակցվող, հզոր ու առինքնող ձայնը կորցրած, խզզոցից շնչառությունը ծանրացած ու մահվան դուռը հասած Լևոն Ներսիսյանի խոսքն ավարտվում էր հռետորական այս հարցով. «Ո՞վ գողացավ իմ ձայնը…»: Այս հարցադրման ազդեցիկությունը եռապատկվում էր ոչ միայն դրա ուղիղ և փոխաբերական իմաստների, այլև տվյալ դեպքում «Ա1+»-ի եթերազրկման անխուսափելիության համադրմամբ:

Բողոքի ակցիա «Ա1+»-ի եթերազրկումից տարիներ անց

Հաղորդումը վարող Աննա Իսրայելյանը դրվագը մատուցելուց առաջ նախազգուշացրեց հեռուստադիտողին. «Բացառված չէ, որ սա մեր վերջին թողարկումը լինի…»: Ապա զուսպ, բայց հնչեղ ու ազդեցիկ՝ ինչպիսին Լևոն Ներսիսյանի էությունն ու խոսքն էր,  ներկայացրեց նյութը: Հասմիկ Բուդաղյանը մեջբերումը կարդաց սառը- հեգնախառն  ափսոսանքով ու պատասխան չակնկալող ըմբոստությամբ, և ներսիսյանական «Ո՞վ գողացավ իմ ձայնը» հնչեց որպես վերջին ակորդ:

…«Ա1+ մամուլի» այդ թողարկման ավարտը իմ հիշողության մեջ դաջվել է որպես մեր հեռուստալրագրության ամենացնցող ակնթարթ, երբ ամեն մեկս փորձում էինք թաքցնել մեր ապրումները, ու ոչ մեկիս դա չհաջողվեց:

Մեկ-երկու ժամ անց «Ա1+»-ի ոչ այնքան ընդարձակ տարածքում հայտնվեցին քաղաքական խայտաբղետ գործիչներ ու հանրային ինքնաբավ դեմքեր, որոնք ուղիղ եթերում իրենց աջակցությունն էին հայտնում հեռուստաընկերությանը և հիմնավորում, թե ինչու չի կարելի փակել այն: Դա շատ նման էր հոգեհանգստի արարողությանը զորակցություն հայտնելու ծեսին, որը ուղեկցվում էր «Ա1+»-ի եթերում սառը էկրանին վերջին ժամին բաբախող սրտի զարկերը հաշվելով, ու զորակցողները մխիթարում և հավատացնում էին, թե մի գեղեցիկ օր «Ա1+»-ը կվերադառնա եթեր:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *