2021.10.27,

Նյուսրում

Նոր կանոններ լրագրողների և լրատվամիջոցների համար

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Օրերս աղմուկ հանած Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու լուրերը մեդիա ոլորտի աշխատակիցների համար հերթական մտածմունքի առարկան դարձան։ 

Այդ փոփոխությունների ու լրացումների համաձայն, օրենքով շրջանառության մեջ է դրվելու «չնույնականացվող աղբյուր» եզրույթը, սահմանափակվելու են Ազգային Ժողովում հավատարմագրվող լրագրողների իրավունքները, իսկ լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվությունները պետք է հանրայնացվեն։ 

Այս ամենի շոշափելի ազդեցությունները գնահատելու համար զրուցել ենք իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանի հետ։

Ի՞նչ օրենք է և ի՞նչ փոփոխությունների ճանապարհ է անցել

«Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջին քայլերը եղել են տարվա սկզբին, որը խիստ քննադատության արժանանալուց հետո երկար ժամանակով հետ էր կանչվել ու լրամշակվել։

Օրենքի կերպարանափոխված տարբերակը հրապարակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, որով էլ հարցը կրկին արդիականացել էր ու արժանացել մեդիա ոլորտի հակասական կարծիքների։ 

Այս հոդվածում անդրադառնում ենք «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների երրորդ, լրամշակված տարբերակի խնդրահարույց կետերին, առանձին-առանձին։

Ի՞նչ նոր սահմանումներ է առաջ քաշում օրենքը

Չնույնականցվող աղբյուր

Մի քիչ երկար բացատրություն հենց օրենքից․
չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին։ 

Տնօրինողի նույնականացման տվյալներն են՝ աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի․

  1. անունը
  2. ազգանունը, 
  3. բնակության կամ հաշվառման վայրը,
  4. եթե լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը,
  5. եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։

Լրագրողական համայնքը «չնույնականացվող աղբյուր» և «անանուն աղբյուր» եզրույթների միջև տարբերություններ չտեսավ։ Նոր օրենքով՝ չնույնականցվող աղբյուրին հղում տալուց լրատվամիջոցը չի ազատվում իր կողմից տարածած տեղեկատվության պատասխանատվությունից։ 

Իրավաբան Դավիթ Սանդուխչյանն այս պահանջը որակեց «հիմարություն», քանի որ բոլոր լրատվամիջոցների աղբյուրները ստուգելը ֆիզիկապես ահնարին է։ 

«Ո՞վ է ստուգելու բոլոր լրատվամիջոցներն ու պարզի` արդյո՞ք հղումը համապատասխանում է սահմանված օրենքին, թե՞ ոչ: Ավելի հավանական է, որ դու թիրախային վերցնելու ես մի քանի լրատվամիջոց ու դրանց մեջ փորես` շրջանառության մեջ դնելով օրենքի ընտրովի կիրառում: Սկզբունքը ոչ տրամաբանական է և հակաօրինական»,- ասում է Սանդուխչյանը։

Փոխհատուցման պարտավորություն

Այս օրենքից բխող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 6-րդ մասում լրացումը փոխհատուցման պարտավորություն է սահմանում լրատվամիջոցի կողմից չնույնականցվող աղբյուրի տարածած վիրավորանքն ու զրպարտությունը վերարտադրելու համար։

Ըստ Դավիթ Սանդուխչյանի՝ հարցը կարելի էր փակել մեկ նախադասությամբ, առանց չնույնականացվող աղբյուր եզրույթն առաջ բերելու, ընդամենը նշելով, որ զանգվածային լրատվամիջոցը պետք է անի լավագույնը, որպեսզի ճշտի իր աղբյուրներըը, իսկ չճշտած աղբյուրի դեպքում լրատվամիջոցը դառնա պատասխանատուն: 

«Վարչական մարմինն իրեն ոչ բնորոշ գործառույթներով ծանրաբեռնելու իմաստ չկար, թեև դժվար չէ այլ երկրներում տասնյակ չնույնականացվող կայքեր բացելը, կողքից էլ զրպարտելը։ Այս դեպքում օրենքն արդեն չի կարող գործել»,- ասում է իրավաբանը։

Լրատվամիջոցի ֆինանսական հաշվետվություն

Տարեկան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը լրատվամիջոցների համար նորություն չեն, սակայն նորություն է դրանց վերաբերյալ այն պահանջը, ըստ որի, օրինակ, համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում պարտադիր առկա «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո պետք է հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ նշելով ֆինանսական աղբյուրները։

Ի՞նչ կլինի հաշվետվությունը հանրային կերպով չներկայացնելու դեպքում

Ամենաառաջին պատիժը տուգանքն է։ Այս օրենքից բխող հերթական փոփոխություններն ու լրացումները կատարվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 189-րդ հոդվածում։ Ֆինանսկական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում լրատվամիջոցը կտուգանվի 300,000-ից 500,000 ՀՀ դրամով։ Մեկ անգամ տուգանվելուց ու կրկին օրենքի պահանջը չկատարելուց հետո տուգանքի չափը կկազմի 500,000-ից 700,000 դրամ։ 

Տարբեր չափերի տուգանքներ կան նաև օրենքով սահմանված թողարկման տվյալների բացակայության կամ նյութական կրիչի վրա թողարկվող լրատվամիջոցների թողարկումների օրինակները չուղարկելու դեպքում։ 

«Երբ Բորիս Նավասարդյանի և Մարկ Գրիգորյանի հետ մասնակցում էինք լրատվամիջոցների մասին օրենքի մշակմանը, ենթադրվում էր, որ պետությունը հեռանում է դաշտից` մեդիային թույլ տալով ինքնակառավարվել: Այս իշխանություններն օրենքը հրում են դեպի վարչական ոլորտ»,- սահմանված տուգանքների մասին ասում է իրավաբան Սանդուխչյանը։ 

Լրագրողի հավատարմագրում

Մամուլի մասին օրենքի մյուս վիճահարույց փոփոխությունը վերաբերում է ՀՀ ԱԺ-ը լուսաբանող լրագրողների հավատրմագրմանը։ Այստեղ կան լրատվամիջոցների հաշվետվությունների հետ ուղիղ կապ ունեցող կետեր, ինչպես նաև լրագրողների մուտքը ԱԺ սահմանափակող ոչ հստակ ձևակերպումներ։

Փոփոխությունը ենթադրում է, որ հավատարմագրվել կարող են միայն այն լրատվամիջոցի լրագրողները, որոնք նախևառաջ գրանցված են և ներկայացրել են պարտադիր տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու թողարկումների օրինակները։ Որին հետևում է այս ձևակերպումը՝ «Մերժման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով»: Լրագրողական համայնքի անհանգստության կիզակետում մերժման այլ հիմքերն են, որոնք հստակ ձևակերպված չեն։ 

«Ֆինանսական հաշվետվությունը չներկայացրած հայտնի լրատվամիջոցին հավատարմագրվել թույլ չտալն ավելի շատ ԱԺ-ի խնդիրն է, քան լրատվամիջոցինը: ԱԺ-ն պետք է ուրախ լինի, որ իրեն լուսաբանում են»,- ասում է Դավիթ Սանդուխչյանը։ 

Իրավաբանի կարծիքով լավ լրատվամիջոցն անգամ չպետք է հավատարմագրման կարիք ունենա, հիշատակելով աշխարհի փորձն այն մասին, որ հավատարմագրում են նրանց, ում կարդում են, չեն հավատարմագրում վարկանշի բացակայության դեպքում: 

2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքների փոփոխությունների հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանի կարծիքով ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում անորոշ են։ «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Էլինար Վարդանյանի ԱԺ-ում կազմակերպած հանրային քննարկմանը, որին հրավիրված էին մեդիա ոլորտի ներկայացուցիչները, օրենքի փոփոխություններն անվանել են «տեղեկատվության ազատությանը սպառնացող»։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *